Իսկ պետական կառույցները ամիսներով չեն կարողանում խնդրին լուծում տալ
Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Քինգ դելյուքս» եւ Երեւան-Չարենցավան-Երեւան երթուղին սպասարկող «Տրանսկոնֆորմ» ընկերությունների գործն ուղարկվել է տրանսպորտի եւ կապի նախարարություն: Չնայած նրան, որ տնտեսվարողները գտնում էին, որ իրենց օրինական երթուղագծերին զուգահեռ աշխատող «Ծառուկյան» հիմնադրամի անվճար ավտոբուսների բարեգործությունը հակամրցակցային է, հանձնաժողովն ուսումնասիրել ու պարզել է, որ ինքն այդտեղ անելիք չունի, եւ որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կարգավորման դաշտում: Եվ մինչ այս 2 ընկերությունների դիմումները գերատեսչությունից գերատեսչություն են «պաս» տալիս, տնտեսվարողներն օր օրի ֆինանսական հսկայական վնասներ են կրում:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանն ասաց, որ չնայած իրենք շարունակում են վնասներով աշխատել, սակայն ավտոբուսները երթուղի են դուրս գալիս, վարորդներն էլ աշխատավարձ ու վառելիքի գումարներ են ստանում: Վարկերի տակ ճռռացող այս երկու ընկերությունները հիմա էլ սպասում են տրանսպորտի եւ կապի նախարարության պատասխանին: Տնօրենի խոսքերով՝ առայժմ ձեռնպահ են մնալու գործադուլ անելուց, քանի որ չաշխատելով ե՛ւ պարտքերը կավելացնեն, ե՛ւ վարորդների 70-80 ընտանիքներ կմնան սոված:
Կարդացեք նաև
Նկատենք, որ «Քինգ դելյուքս» ընկերությունը դեռեւս ԱԺ ընտրություններից առաջ էր դիմել տրանսպորտի եւ կապի նախարարություն, սակայն ոլորտի պատասխանատուները տնտեսվարողի դիմումը թողել են անպատասխան: «Քինգ դելյուքս»-ն իր դիմումը թարմացրել է տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք, եւ նախարարն ի պաշտոնե վստահեցրել էր, որ անպայման կզբաղվի այդ հարցով: Նախարարությունը ընկերության դիմումը ստացել է մոտ երեք շաբաթ առաջ: «Քինգ դելյուքս»-ն իր դիմումում մանրամասն բացատրել է, թե բարեգործության արդյունքում ինչ ծավալի վնասներ է կրում, եւ այժմ վարկերի տակ գտնվող բիզնեսը տապալման եզրին է, ուստի ամեն մի օրն էլ տնտեսվարողի համար կարեւոր է:
Երեկ «Առավոտը» տրանսպորտի եւ կապի նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է «Քինգ դելյուքս» ընկերության՝ նախարարին ուղղված դիմումի ուսումնասիրությունը: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարության տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը հայտնեց, որ տնտեսվարողների դիմումը, օրենսդրությունն ու տարբեր կառույցներից ստացված պարզաբանումներն այս պահին ուսումնասիրվում են: Մեր հարցին, թե ե՞րբ կավարտվի դիմումի քննարկումը՝ հաշվի առնելով, որ օրինական դաշտում աշխատող ու վարկերի տակ գտնվող տնտեսվարողների համար, ինչպես իրենք են նշում, 1 օրն էլ անգամ նշանակություն ունի, պարոն Մելքոնյանն ասաց. «Այդ բոլոր գործոններն էլ հաշվի առնելով ենք հարցն ուսումնասիրում»:
«Քինգ դելյուքս»-ի տնօրինության հաշվարկներով՝ իրենց վնասներն այս ամիսների ընթացքում արդեն հատել են մեկ միլիոն դոլարի շեմը: Թե ով է փոխհատուցելու տնտեսվարողի կրած վնասները՝ առայժմ պարզ չէ: «Առավոտի» հետ զրույցում ընկերության ղեկավարությունը նշել էր, որ իրենք ամենեւին էլ դեմ չեն բարեգործությանը, սակայն, ըստ նրանց, այդ բարեգործությունն էլ պետք է լինի օրենքի սահմաններում եւ որեւէ կերպ չպետք է վնասի այլ գործարարների շահերին:
Վարորդների խոսքերով՝ բարեգործական ավտոբուսների «շնորհիվ» իրենք այդ մեծ ավտոբուսներով գրեթե դատարկ են երթեւեկում, իսկ դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսների ծախսը բավականին մեծ է, սակայն ողջ օրվա ընթացքում հասցնում են ընդամենը 2-3 հազար դրամ եկամուտ ունենալ:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ