Կարծում է Կարապետ Ռուբինյանը
Հայաստանյան քաղաքական դաշտում ձեւավորված ավանդույթի համաձայն՝ բոլոր նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտում շրջանառվում է ընդդիմության՝ մեկ դրոշի տակ հանդես գալու գաղափարը՝ որպես հաջողության գրավական: Այս առումով առաջիկա նախագահական ընտրությունները կարծես եւս բացառություն չեն: Արդեն իսկ հնչում են ընդդիմության միավորման անհրաժեշտության մասին հայտարարություններ: Քաղաքական դաշտի տարբեր բեւեռները, սակայն, տարբեր կերպ են ընկալում ու պատկերացնում միավորում կոչվածը: Արդյոք այս անգամ հնարավոր կլինի՞ հաղթահարել ամբիցիաները եւ միավորվել՝ հարցին «Առավոտի» հետ զրույցում ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Նախորդ փորձը ցույց է տալիս, որ իշխանությունը բռնազավթածների համար միեւնույն է՝ միավորվա՞ծ է ընդդիմությունը, թե՞ միավորված չէ: Միեւնույն է՝ իրենք իրենց ուժային մեթոդներով եւ կեղծիքների մեխանիզմներով են աշխատում, ու այդ պարագայում իրենց համար ընդդիմության միավորված լինել-չլինելը որեւէ նշանակություն չի ունենում: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ տեղի ունեցավ գործող ռեժիմը մերժողների միավորում, բայց տեսանք, որ արյան մեջ խեղդվեց այդ պայքարը: Նախորդ փորձն աչքի առաջ ունենալով՝ կարող ենք ասել, որ ընդդիմության միավորումը առաջիկա ընտրություններում սկզբունքային խնդիր չէ»: Մեր զրուցակիցը, այնուհանդերձ, դրական է համարում միավորման տենդենցները, բայց մեկ բացառությամբ. «Եթե միավորումը տեղի ունենա այն գաղափարի շուրջ, որ այս անգամ ընտրում ենք վերջին նախագահին եւ անցնում ենք խորհրդարանական կառավարման համակարգին՝ ես դա կողջունեմ»: «Ընտրեք ինձ, միավորվեք իմ շուրջը, ես ավելի լավը կլինեմ, քան նախորդ ռեժիմը» լոզունգը Կարապետ Ռուբինյանը համարում է այլեւս չգործող. «Պետք է կոնկրետ ծրագրեր առաջարկվեն, եւ մարդիկ պետք է հավատան, որ դրանք իրականանալի են: Ես կարծում եմ, որ իրեն չարդարացրած նախագահական ռեժիմից հրաժարվելը կարելի է դիտել որպես առաջընթաց քայլ, եւ այդ կոչն անող նախագահի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կունենա ժողովրդի աջակցությունը»:
«Առավոտի» դիտարկմանը՝ խորհրդարանական համակարգին անցնելու մասին բարձրաձայնում էր «Ժառանգությունը», վերջերս նաեւ Դաշնակցությունը, բայց երկու ուժերն էլ, կարծես, նախագահական ընտրություններում միավորումը պատկերացնում են իրենց առաջադրած թեկնածուի շուրջը. Կարապետ Ռուբինյանը տեսնո՞ւմ է գաղափարի շուրջը համախմբվելու եւ անձնական ամբիցիաները վայր դնելու հնարավորություններ, քանի որ անձնական ամբիցիաները մեր քաղաքական դաշտում որոշիչ են, մեր զրուցակիցը հակադարձեց. «Թող երկու թեկնածուներն էլ իրենց ծրագրերով առաջ գնան, առաջարկեն, ես դրանում վատ բան չեմ տեսնում: Չգիտեմ՝ Դաշնակցության թեկնածուն ո՞վ է լինելու: «Ազատ դեմոկրատներն» էլ արդեն հայտարարել են, որ խորհրդարանական կառավարման կողմնակից են: Թող առաջարկեն՝ մենք էլ՝ ընտրողներս, կկողմնորոշվենք, թե ո՞վ է ավելի հաստատակամ այդ փոփոխություններն անցկացնելու»: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում չի՞ ստացվում, որ ընդդիմադիր ձայները կրկին փոշիացման խնդրի առջեւ են կանգնում, քանի որ եթե լինեն մեկ իշխանական եւ մի քանի ընդդիմադիր թեկնածուներ, իշխանության հաղթանակն ապահովված է լինելու: «Իշխանության հաղթանակը ապահովում են ոչ թե ընտրողների ձայները, այլ զանգվածային կեղծիքները եւ դրանց հաջորդող բռնությունները: Ընտրազանգվածի ձայների փոշիացման մասին խոսել այս իրավիճակում անիմաստ է: Հանկարծ պատրանք չստեղծվի, որ առաջիկա նախագահական ընտրությունների միջոցով կարելի է ռեժիմից ազատվել: Ռեժիմից ազատվելու համար այլ գործողություններ են պետք»,- պնդեց մեր զրուցակիցը: Այն, որ իշխանական շրջանակների տարբեր ներկայացուցիչներ խոսելով ընդդիմության հնարավոր միավորման մասին՝ դրական են համարում նման գործընթացը, ասում են, որ ուժեղ ընդդիմությունը ուժեղ պետության հիմքն է, ԱԺ նախկին փոխխոսնակը համարում է լոկ «գալուստսահակյանական փարիսեցիություն»:
Կարդացեք նաև
Նկատի ունենալով «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» ալյանսը՝ հետաքրքրվեցինք՝ պարոն Ռուբինյանի համար նախընտրելի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է: «Ես դեռ անձերին չեմ կարող անդրադառնալ, որովհետեւ իրական թեկնածուների մասին դեռ խոսք չկա՝ բացի մի էկզոտիկ դեմքից, որն անընդհատ գովազդվում է սոցցանցերում: Ես կողջունեմ այն թեկնածուին, ով կխոսի սահմանադրական բարեփոխումների եւ խորհրդարանական կառավարմանն անցում կատարելու մասին: Այդ թեկնածուն, բնականաբար, պետք է լինի նաեւ ժողովրդավարության եւ ազատականության անկեղծ ջատագով»,- ասաց նա:
Այն, որ ՀՀԿ Գյումրու կառույցի ղեկավարի պաշտոնից «սեփական դիմումի համաձայն» հեռացավ սկանդալային քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որ կալանավորման սանկցիա տրվեց ՀՀԿ-ական ոչ պակաս սկանդալային պատգամավորի՝ «Նովոյի» որդուն եւ այլն, արդյոք նշանակո՞ւմ են, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը անկեղծ էին «Հավատանք, որ փոխվենք» նախընտրական կարգախոսում՝ «Առավոտի» դիտարկմանը Կարապետ Ռուբինյանը հակադարձեց. «Ոչ: Քրեական գործերի հարուցում, կալանավորում նախկինում էլ են եղել: Չափանիշը պետք է լինի այն, թե, ի վերջո, արդարացի պատիժ տրվե՞ց, թե՞ ոչ: Նախկինում էլ են եղել սկանդալներ, ասել են, որ քրեական գործեր են հարուցվել, բայց, որպես կանոն, նման գործերը «քնեցնում» են եւ հետո ինչ-որ մի պատրվակով, երբ արդեն հասարակական ուշադրության կենտրոնում չի միջադեպը, հանգիստ կարճում են: Կամ՝ Պապլավոկի Կուկուի խայտառակ դատի պես մի բան են բեմադրում: Ես չէի շտապի եզրակացություն անել, որ ինչ-որ բան փոխվել է: Երբ կսկսեն պատժվել՝ կտեսնենք»: Իսկ Գյումրիի հետ կապված՝ մեր զրուցակիցը նկատեց. «Նորից տեսնում ենք, որ որեւէ ժողովրդավարական գործընթաց չկա, եւ իշխանությունները, փաստորեն, նորից փորձում են կանխորոշել Գյումրիի ընտրությունները: Ընտրարշավը դեռ չսկսված՝ Սերժ Սարգսյանը որոշում է, թե Վարդան Ղուկասյանն իրավունք ունի՞ թեկնածությունը դնելու, թե՞ ոչ: Ինչքան էլ որ այդ անձնավորությանը օդիոզ ֆիգուր համարենք, մեր օրենսդրությամբ ցանկացած քաղաքացի իրավունք ունի այդ ընտրություններին մասնակցելու: Ուրեմն Սահմանադրության եւս մեկ ոտնահարում է: Այնտեղ ինչ-որ լարումներ կան, եւ եթե դա բարգավաճական թեւի արհեստական աղմուկը չէ, ուրեմն անպայման պետք է ինչ-որ միջամտություն լինի, եւ Վարդանիկի սանձարձակ զավակի սանձերը պետք է ձգվեն: Մյուս կողմից՝ ԲՀԿ թեկնածուին էլ, փաստորեն, որպես կանխորոշված եւ հովանավորյալ թեկնածու են փորձում ներկայացնել»: Որեւէ դրական առաջընթաց չարձանագրելով՝ մեր զրուցակիցը կոչ է անում գյումրեցիներին չտրվել իշխանությունների բանսարկություններին, եւ եթե տեղում կան արժանավոր թեկնածուներ, իսկ դրանք անպայման կան, պարտադիր առաջադրվեն եւ մասնակցեն քաղաքապետի ընտրություններին:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ