Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսը նոր լքողներ են նշմարվում

Հուլիս 24,2012 13:43

Մովսես Արիստակեսյանի ասելով՝ դա կախված կլինի միասնական թեկնածուի ընտրությունից

 

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ եւ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Մովսես Արիստակեսյանը մեր հարցին՝ համաձա՞յն եք Դավիթ Շահնազարյանի՝ 1in.am-ին տված հարցազրույցում հայտնած այն տեսակետի հետ, որ ՀԱԿ-ն ամեն ինչ արեց, որ կանաչ լույս վառի քոչարյանիզմի համար, եւ որ քոչարյանիզմը վերակենդանացել է քաղաքական դաշտում Կոնգրեսի ջանքերի շնորհիվ, պատասխանեց. «Այն, որ կարիք չկար սպասարկելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրարշավը, մեր կազմակերպության կարծիքը այդ հարցում միանշանակ է: Իսկ այն, որ քոչարյանիզմն է սպասարկում, կուսակցական կազմակերպությունը՝ ԲՀԿ-ն, հիշում եք, որ ստեղծողը եղել է Քոչարյանը: Թե ինչքանով է հիմա սպասարկում նրա շահերը, առայժմ չեմ կարող ասել»:

Եթե գտնում եք, որ կարիք չկար սպասարկելու ԲՀԿ-ի ընտրարշավը, Ձեր այդ տարաձայնությունները կարո՞ղ են հիմք հանդիսանալ, որ Դուք էլ լքեք Կոնգրեսի շարքերը՝ հարցին պարոն Արիստակեսյանը պատասխանեց. «Այդ մասին մենք մեր քննարկումներն ունենք, մեր կարծիքն ու հայտարարությունն ասել ենք՝ մենք սպասում ենք միասնական թեկնածուի հարցին, թե ով կլինի: Բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից՝ ով էլ որ լինի՝ դա արդեն խնդիրներ է հարուցում»: Մենք ճշտեցինք, այսինքն՝ եթե ԲՀԿ թեկնածուն լինի միասնական թեկնածուն, Դուք արդեն Ձեր հետագա անելիքները կիմանա՞ք՝ նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, որովհետեւ եթե Կոնգրեսը ժողովրդական շարժումը ղեկավարել է՝ կանգնելով Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ահուսարսափի ավազակապետության դեմ, չի կարող սատարել դրա ստեղծած կուսակցության որեւէ ներկայացուցչի»:

Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ Դուք է՞լ եք կիսում այն տեսակետը, որ ամեն դեպքում ՀԱԿ-ը նոր ուղղություն է բռնել ԲՀԿ-ի հետ, ինչպես Դավիթ Շահնազարյանն է ասում՝ քաղաքականությունը փոխվել է, պարոն Արիստակեսյանը պատասխանեց. «Այս խորհրդարանական ընտրությունների համագործակցությունն ընտրակեղծիքների դեմ՝ որպես դրվագ այդ քաղաքականության, այդ առումով՝ հա: Իսկ եթե դա խորանա, ապա մենք խնդիր ունենք»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Ձեր կարծիքով՝ միասնական թեկնածուն ամեն դեպքում ընդդիմադի՞ր թեկնածու կլինի, թե՞ դա օլիգարխիայի թեկնածու կլինի, նա պատասխանեց. «Եթե լինի օլիգարխիայի թեկնածու, ապա երկիրը իսպառ կործանման է գնում: Մենք այսքան տարի պայքարել ենք դրա դեմ: Դա միանշանակ անընդունելի է հասարակության համար: Իսկ օլիգարխիայի թեկնածուներ չէի՞ն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, որոնք երկիրը տարան կործանման, տնտեսական խայտառակ ցուցանիշներ ունեցավ մեր երկիրը, արտագաղթի աճ: Նրանք օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներն էին»:

ՀԱԿ անդամների կողմից գնահատականները, թե ՀԱԿ-ը ինքնամաքրվել է, խիստ վիրավորել էր Դավիթ Շահնազարյանին: Այդ առնչությամբ պարոն Արիստակեսյանը նշեց. «ՀԱԿ-ը պետք է մաքրվի այն մարդկանցից, ովքեր այդպիսի կարծիք են հայտնում: Դավիթ Շահնազարյանն առանցքային դեմքերից է եղել, շարժիչ ուժը, մտավոր մեծ ներուժ ունեցող լավ քաղաքական գործիչ, լավ դիվանագետ, ժողովրդի կողմից շատ ավելի սիրված, քան այն անձինք, ովքեր արտաբերում են պարզաջրելու մասին անհեթեթ մտքեր»:

Մեր հարցին՝ երբ ՀԱԿ-ը լքեցին «Հանրապետություն», «Հայաստանի լիբերալ» կուսակցությունները, Անդրանիկ Քոչարյանը, Դավիթ Շահնազարյանը, դրանից ՀԱԿ-ը չթուլացա՞վ՝ նա պատասխանեց. «Յուրաքանչյուր ոք իր տեղն ուներ Կոնգրեսում, յուրաքանչյուր ոք իր դիրքորոշումը, դիրքերն ու կշիռն ուներ: Մեզ համար, իհարկե, Դավիթ Շահնազարյանը կորուստ է: Սա իմ տեսակետն է»:

Մեր հարցին՝ հիմա շարժում կա՞, Կոնգրեսը որոշիչ դեր ունի՞ դաշտում՝ պարոն Արիստակեսյանը պատասխանեց. «Խորհրդարանական ընտրություններից հետո գնում է իրավիճակի հստակեցման գործընթաց, այն բանով, թե շարժմանն ինչպիսի ընթացք պետք է տրվի, շարժումն ինչպիսին է»: Մենք հստակեցրինք՝ Դուք է՞լ չգիտեք՝ այսօր դաշտում ինչ դեր ունի ՀԱԿ-ը, նա ասաց. «Այսօր եւ քաղխորհրդում, եւ կոնսուլտացիաներում կատարում ենք վերլուծություն անցած ժամանակաշրջանի եւ դեռ գնահատականներ ենք տալիս»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031