Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական հանցագործությունների վերաբերյալ դատական գործերը դիտարկված են

Հուլիս 24,2012 13:38

Այսօր ներկայացվեցին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության կողմից իրականացրած զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի դատական քննության մոնիթորինգի արդյունքները՝ զեկույցի տեսքով: Նպատակը՝ բացահայտել այդ գործերի քննության ընթացքում հանդիպող առավել տարածված հիմնախնդիրները, առաջարկել դրանց հաղթահարման իրատեսական մոտեցումներ` նպաստելով ՀՀ արդարադատության համակարգի համապատասխանեցմանը միջազգային նորմերին ու չափորոշիչներին:

Aravot.am-ի հետ զրույցում «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակի ներկայացուցիչ Լարիսա Մինասյանն ասաց. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն մեկ տարվա մոնիթորինգ է իրականացրել՝ համադրելով օրենսդրական եւ քաղաքականության վերլուծությունը, հանգել որոշակի եզրակացությունների, մշակել առաջարկություններ: Կազմակերպությունը շատ բարեխիղճ է աշխատել եւ այն խնդիրները, որոնք վեր են հանվել՝ դրանցից ամենաընդգծվածները դատական գործերի էֆեկտիվության հարցում են եղել, բավական արտահայտված կոռուպցիոն ռիսկեր կան, որոնք պետք է վերացնել»:

Մեզ հետ զրույցում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացնելով զեկույցը՝ նշեց, որ այն

հիմնականում պատրաստվել է զինվորական հանցագործությունների դատական գործերի մոնիթորինգի արդյունքում. «Մեր դիտորդները ներկա են գտնվել դատական նիստերին, որտեղ մշակված հարցաթերթերի հիման վրա համակարգված կերպով տեղեկություններ են բերել, եւ դրանց ամփոփման արդյունքում էլ կարողացել ենք վեր հանել որոշակի խնդիրներ, որոնք կապված են զինծառայողների արդար դատաքննության երաշխիքների պահպանման, հանցավորություն ծնող պատճառների հետ, պատժողական քաղաքականության եւ այլն: Ներառել ենք Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը: Ուսումնասիրել ենք 181 դատական գործ, որոնցում ներգրավված է եղել 290 ամբաստանյալ»

Ուսումնասիրված դատական գործերից, թե որոնք են առավել խախտումներով եղել, Սահակյանը նշեց, որ այս առումով տիպական բնորոշ գծեր կան, օրինակ՝ վկաների պաշտպանությունը, կամ պաշտպանության իրավունքի իրացման հետ կապված խոչընդոտներ են արձանագրվել, որոնք ընդհանրական են, բացի այդ առանձին տեսակի հանցագործություններով այլ տեսակի օրինաչափություններ էլ կան. «Օրինակ՝ տարածվածության տեսանկյունից՝ առավելագույնը զորամասը ինքնակամ թողնելն է եղել, բայց խնդիրները հիմնականում տիպական են»:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արման Պողոսյանն էլ Aravot.am-ին ասաց, որ զեկույցի հետ կապված՝ ՊՆ-ն անհամաձայնություններ ունի. «Ընդհանուր առմամբ, զեկույցի հետ կապված՝ համամիտ եմ, բարձր մակարդակի հետազոտություն է կատարված, բայց որոշակի անհամաձայնություններ կան, քանի որ առկա են շատ հարցեր, որոնք ավելի մանրամասն հետազոտելու համար պետք էր համագործակցել պաշտպանության նախարարության եւ Զինվորական դատախազության հետ, որպեսզի ավելի սպառիչ պատասխաններ ստացվեին»,- ասաց Պողոսյանը, որպես օրինակ նշելով զինծառայողների պաշտպանության միջոցների կիրառման հետ կապված հարցերը: Ըստ Պողոսյանի՝ զեկույցում այս մասին քիչ անդրադարձ կա: Մինչդեռ՝ «Կարելի էր մանրամասն տեղեկություններ ստանալ: Զեկույցից երեւում է, որ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում ընդհանրապես պաշտպանության միջոցներ չեն իրականացվում տուժողների ու վկաների նկատմամբ, այնինչ՝ ունենք հարյուրավոր դեպքեր: Կառաջարկեմ, որ մյուս զեկույցների դեպքում սերտ համագործակցեն եւ քննչական ծառայության, եւ զինվորական դատախազության հետ»:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031