Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեջրագործը այլընտրանք չունի

Հուլիս 24,2012 13:23

Իշխանության կողմից Վարդան Ղուկասյանին Գյումրիի քաղաքապետի պաշտոնում չառաջադրելը եւ, ըստ ամենայնի, առաջիկայում ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանին պաշտպանելը խոսում է երկու բանի մասին: Առաջին՝ որ իշխանությունն ու ԲՀԿ-ն այնքան էլ «անտագոնիստական հակառակորդներ» չեն եւ ի վերջո՝ նույն նոմենկլատուրայի ներկայացուցիչներն են՝ պարզ է, որ Հայաստանի նման երկրում գարեջրային խոշոր բիզնեսմենները ընդդիմադիր չեն լինում: Երկրորդ՝ իշխանության մոտ կա, այնուամենայնիվ, գովելի ցանկություն՝ ազատվել օդիոզ կերպարներից եւ հանդես գալ քիչ թե շատ քաղաքակիրթ դեմքով:

Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու իշխանության որոշումն ունի նաեւ այն առավելությունը, որ ընտրությունների ընթացքում նա չի ունենա լուրջ այլընտրանք: ՀԱԿ-ը դժվար թե Գյումրու քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրի, քանի որ ԲՀԿ-ն «ավազակապետության դեմ պայքարում» իր դաշնակիցն է, իսկ դաշնակցի դեմ հակաքարոզչություն չեն ծավալում: Քանի որ, ըստ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ում օլիգարխներ չկան,  այդպիսին չէ նաեւ պարոն Բալասանյանը, եւ, Կոնգրեսի տրամաբանությամբ, նա էապես տարբերվում է Սամվել Ալեքսանյանից եւ Ռուբեն Հայրապետյանից: Հետեւաբար՝ եթե նրան աջակցող հայտարարություններ չհնչեն, ապա հաստատ խոչընդոտող քայլեր էլ չեն արվի: ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» իրենց թեկնածությունները գուցեւ առաջարկեն, բայց դրանք գարեջրագործի համար լուրջ վտանգ չեն ներկայացնի:

Զուտ օբյեկտիվորեն, իհարկե, պարոն Բալասանյանը առավելություններ ունի Վարդանիկի եւ Մարտունիկի համեմատ: Վերջիններիս նա նման է նրանով, որ բացարձակապես քաղաքական գործիչ չէ: Բայց կա նաեւ բնավորությունների, դաստիարակության տարբերություն. դժվար է պատկերացնել, որ նրա որդին Գյումրիում կրակոցներով «ռազբորկաներ» կսարքի կամ կեղծ բարեպաշտ ու հավատացյալ կխաղա: Իհարկե, պարոն Բալասանյանը սկզբունքայնության մարմնավորում չէ՝սկզբում նա իր բիզնեսի համար «տանիք» էր փնտրում ՕԵԿ-ում, հետո «վերակողմնորոշվեց» եւ անցավ ԲՀԿ. եթե այդ կուսակցությանն էլ որեւէ բան սպառնա, ապա կասկած չկա՝ նա նորից «կկողմնորոշվի»: Բայց այդ ամենը մտնում է մեր վերնախավի «ստանդարտ վարքականոնի» մեջ՝ մինչդեռ ներկայիս քաղաքապետն այդ կանոնի սահմանագիծն անցել էր:

Չգիտեմ, թե ինչպիսի քաղաքապետ է լինելու Սամվել Բալասանյանը, նրա՝ այդ պաշտոնը զբաղեցնելուց գյումրեցիների կյանքում հազիվ թե որեւէ բան փոխվի: Բայց վստահաբար կարելի է ասել, որ շուտով նրա գործարանի տեսականին կհամալրվի նոր անուններով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031