Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի իրականացումը արդարադատության նախարարի կարծիքով՝ իշխանությունների պատվի խնդիրն է

Հուլիս 24,2012 12:26

 Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում առավոտյան ժ.10-ից սկսած քննարկվում է «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ.ռազմավարական ծրագիրը»: Բացման խոսքով հանդես եկած ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, թե չի հիշում մի միջոցառում, որտեղ նախարարն իր 4 տեղակալներով մասնակցի:

Նախարարը տեղեկացրեց, որ այս ծրագիրը մշակվել է արդարադատության նախարարության կողմից, ապա ներկայացվել ՀՀ նախագահին, Ազգային ժողով: Այսինքն, հանրային լսումներ, քաղաքացիական հասարակության կողմից քննարկումներ դեռ չէին եղել:

ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, որը Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ, այս ծրագրի «կնքահայրն է», նշեց, որ այս ծրագրով իրավական նոր մշակույթի հիմքը դրվեց: Ըստ բանախոսի, 4 տարվա համար գործող ծրագիրը հիմք կդնի հակակոռուպցիոն նախադրյալների ստեղծմանը, դատական համակարգի ինքնակառավարմանն ու օբյեկտիվ գնահատման համակարգի ձեւավորմանը:

Բանախոս, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ  Գրիգոր Մուրադյանը ներկայացրեց դատական համակարգի փոփոխություններին: Նախատեսվում է Արդարադատության խորհրդում դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար առաջադրման օբյեկտիվ ընթացակարգեր, հարցազրույցի կարգը, օրենքով հստակեցնել դատավորների առաջխաղացման չափանիշները: Ի դեպ, ծրագրով առաջարկվում է կարգապահական վարույթը, որն իրականացվում է դատավորի նկատմամբ, դիտարկել որպես նոր երեւան եկած հանգամանք եւ դրանով թույլ տալ կողմին դիմել դատարան՝ իր գործի վերանայման պահանջով:

Բանախոսն անդրադարձավ նաեւ դատարանների նախագահների խորհրդին, եւ ասաց, որ դա չպետք է դիտվի ուռճացված հաստիք եւ նախատեսվում է, որ յուրաքանչյուր դատավոր կարող է դատարանի նախագահ դառնալ:

Դատական դեպարտամենտի ներկայացուցիչ տիկին Կարապետյանի այն դիտարկմանն էլ, թե լավ դատավորը հնարավոր է իր կազմակերպչական ունակություններով չկարողանա լավ նախագահ լինել, մնաց առկախ:

Գրիգոր Մուրադյանը տեղեկացրեց նաեւ, որ դատավորների էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովները միավորվելու են, էթիկայի հանձնաժողովը դուրս է գալու դատարանների նախագահների խորհրդի կազմից:

Քննարկմանը մասնակից դիտորդներից մեկը նկատեց, որ ծրագրում խոսք է գնում փաստաբանական համակարգի, մասնավորապես, հանրային պաշտպանի ինստիտուտի, դատախազության, նոտարիատի, քրեակատարողական համակարգի մասին, մինչդեռ խոսք չկա դատական ակտերի հարկադիր կատարման մասին:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գտնում էր, որ ՀՀ նախագահի ստորագրությունը պետք է լինի ձեւական՝ դատավորների նշանակման, առաջխաղացման ժամանակ. «Բարեփոխումների ծրագիրն արդյունավետ կլիներ, եթե օրենսդրությունից հանվեին այն դրույթները, համաձայն որոնց նախագահն է ընտրում կամ նշանակում դատավորներ՝ առաջխաղացման ցուցակի համար, այսինքն, ազդեցություն չլիներ դատական իշխանության վրա: Այս ծրագիրը կոսմետիկ բնույթ է կրում, եւ չի լուծում հիմնահարցը.դատական համակարգը մնում է համակարգ, այլ ոչ թե՝ իշխանություն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031