2011 թ. և 2012 թ. առաջին կիսամյակում Ռուսաստանում ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 244 անձինք:
Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հուլիսի 23-ին Հայաստանում տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստում նշվել է նաև, որ հայկական կողմը ձերբակալել է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 192 անձանց:
2011 թ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի է ենթարկվել 37 հանցագործ: Հայկական կողմն իր հերթին այդ ընթացքում Ռուսաստանին է հանձնել 4 անձանց, որոնք որոնվում էին ռուսական իրավապահ մարմինների կողմից: 2012 թ. Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի ենթարկվածների թիվը 20-ն է:
Նիստում քննարկվել է 2010-2011 թթ. միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի և հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես և անդամների հանցավոր գործունեության կանխման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության փոխհամագործակցության արձանագրության կատարման ընթացքի մասին հարցը: Այդ կապակցությամբ նշվել է, որ կոնկրետ քայլեր են կատարվել Ռուսաստանի ՆԳՆ և Հայաստանի ոստիկանության համապատասխան ծառայությունների օպերատիվ-փնտրողական գործունեության ոլորտում, այդ առումով՝ հիմնականում ուշադրություն է դարձվել օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը, նպատակային աշխատանքային խմբերի կազմավորմանը՝ միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի և հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես և անդամների հանցավոր գործունեության փաստաթղթավորման և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևը նշել են, որ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների գործընկերության արդյունավետության բնութագրական ցուցիչ է նաև նախաքննությունից ու դատարանից խուսափող անձանց գտնվելու վայրերի հայտնաբերմանն ուղղված համատեղ աշխատանքը:
Նիստի ընթացքում նշվել է, որ պլանաչափ զարգանում է նաև թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված համագործակցությունը:
Կազմակերպվել է տեղեկատվության, այդ թվում՝ օպերատիվ տեղեկատվության փոխանակում թմրամիջոցների հետ անօրինական գործողություններ կատարելու մեջ կասկածվող կամ այդպիսի գործողությունների համար Ռուսաստանի Դաշնության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց, ինչպես և թմրամիջոցների տեղափոխման ճանապարհների ու երթուղուղիների վերաբերյալ:
Քննարկումների արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության համատեղ որոշում այդ հարցի վերաբերյալ:
Նիստում քննարկվել է նաև ՌԴ ՆԳ նախարարության և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի 2013 թ. աշխատանքի պլանի նախագիծը: Հաստատվել է ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգը և անցկացման ժամկետները:
ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի հաջորդ նիստը տեղի կունենա 2013 թ. հուլիսին, Ռուսաստանի Դաշնության տարածքում:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն