Երեկ՝ հուլիսի 22-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանը և նույն բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը քննչական-փորձարարական գործողություններ էին կատարում Երևանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրը Չարենցի 1 հասցեն էր:
Քննչական-փորձարարական գործողությունները կապված էին այս տարվա հունվարի 3-ին ժամը 21.30-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության վարչական շենքի դիմաց «ԲՄՎ Իքս 5» մակնիշի 10 ՈԼ 100 համարանիշի մեքենայի վարորդի կողմից մահվան ելքով վրաերթ կատարելու փաստի հետ:
Վարորդը վրաերթի էր ենթարկել 39-ամյա Արամ Մարգարյանին, ով փողոցն անցնելիս էր եղել չթույլատրելի հատվածում, և թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի: Հետիոտնը տեղում մահացել էր: Մի քանի ժամ անց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության կենտրոնական բաժնի և Ոստիկանության Մարաշի բաժանմունքի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները հայտնաբերել են «ԲՄՎ Իքս 5»-ը՝ վնասված վիճակում:
Մահվան ելքով վրաերթի համար ոստիկաններին էր ներկայացել Արմեն Հարությունյանը և հայտնել, որ վրաերթի հեղինակը ինքն է:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Հարությունյանը երկար տարիներ աշխատել է Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում, բարձր պաշտոններ է վարել, իսկ նրա եղբայրը՝ Արամ Հարությունյանը բարձր պաշտոններ է վարել գլխավոր դատախազությունում և ներկայումս էներգետիկայի փոխնախարար է և «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ է:
Գ. Շամշյանը հայտնում է, որ դեռ այն ժամանակ ինքը զանգվածային լրատվության մի քանի միջոցների, այդ թվում «Առավոտ», «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթերին, ինչպես նաև «Երկիր Մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների միջոցով հայտնել էր, որ իրականում վրաերթը կատարել է Տարոն Հարությունյանը, սակայն, հանցանքը իր վրա է վերցնում հայրը՝ Արմեն Հարությունյանը:
Ի դեպ, 19-ամյա Տարոնը Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հանձնվել էր ծնողի դաստիարակությանը, այն բանի համար, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (նախկին «Ժողինստիտուտ») կրակոցներ էր արձակել:
Հայրը՝ Ա. Հարությունյանը, դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Այդ ընթացքում Հարությունյանները սպառնում էին դատական պատասխանատվության ենթարկել ֆոտոլրագրողին և այն օրաթերթերին, հեռուստաընկերություններին և էլեկտրոնային լրատվամիջոցներին, որոնք լրատվություն էին տարածել, որ իրական հանցագործը ազատության մեջ է: Նրանք պատճառաբանում էին, որ արատավորվել է իրենց բարի համբավը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ, այնուամենայնիվ քննչական մարմինը և Երևան քաղաքի դատախազությունը կարողացան հավաքել անհրաժեշտ ապացույցներ և փաստեր և բացատրական աշխատանքների արդյունքում Տարոնը ներկայացավ Ոստիկանություն և խոստովանեց կատարվածը:
Հայրը ազատվել է կալանքից, իսկ տղայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ երբ երեկ լուսանկարահանում էր նշված գործողությունները, չգիտես ինչու Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանն ու քննիչ Դավիթ Մարտիրոսյանը բավականին ծանր էին տանում ֆոտոլրագրողի հայտնվելը նշված վայրում և փորձում էին ամեն գնով երիտասարդին թաքցնել տեսադաշտից:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ
Կարդացեք նաև