Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի նոր հաղթանակը

Հուլիս 23,2012 20:20

Արցախի Հանրապետության վերընտրված նախագահ Բակո Սահակյանն այսօր ուղերձ է հղել 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հինգերորդ ընտրություններն արդեն իսկ կայացած իրողություն են: Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի նոր հաղթանակը իրավական պետության կառուցման և ազգային իղձերի իրականացման ճանապարհին, նրա բարձր քաղաքացիական կեցվածքի ու իմաստնության ևս մեկ դրսևորումը: Արցախի ժողովուրդը կրկին վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային նորմերին ու սկզբունքներին և ազատ, անկախ ու արդար պետություն կառուցելու ուղու անշրջելիությանը:

Ես խորին երախտագիտություն եմ հայտնում Արցախի բոլոր քաղաքացիներին` ընտրություններին մասնակցելու համար, նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են իմ օգտին` բարձր վստահություն հայտնելով ինձ, և նրանց, ովքեր պաշտպանել են նախագահի մյուս թեկնածուներին: Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ` ինձ համար չկա ավելի մեծ ու պարտավորեցնող ուժ, քան իմ ժողովրդի վստահությունը և պատասխանատվությունը մեր երկրի ապագայի հանդեպ: Եվ մենք պատրաստակամ ենք ու վճռական այդ ապագայի կերտման գործում:

Երախտագիտություն եմ հայտնում նաև միջազգային դիտորդներին, ովքեր հետևել են այս ընտրությունների ընթացքին և որակել որպես միջազգային չափանիշներին համապատասխան, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Նրանց կարծիքը, գնահատականներն ու առաջարկությունները չափազանց կարևոր են մեր պետության կայացման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար:

Այս հինգ տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք, սակայն անելիքներն էլ դեռ շատ են: Մենք հետևողական ենք լինելու առկա հիմնախնդիրները լուծելու, թերությունները վերացնելու, բացթողումները շտկելու գործում: Կարվի հնարավոր ամեն ինչ պետության հետագա զարգացման ու զորացման, Պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման, մեր ժողովրդի կենսամակարդակի շարունակական բարձրացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք հաջողությամբ իրականացնել մեր համազգային նպատակներն ու ձգտումները և անպայման կարձանագրենք նոր հաղթանակներ:

Շարունակենք սկսածը` հանուն Արցախի, հանուն մեր ապագայի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031