Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի վերաբերյալ

Հուլիս 23,2012 19:40

2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում Ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի նախաքննությունը ավարտվել է 2012 թ. հուլիսի 19-ին:                    Ըստ նախաքննության արդյունքի՝ մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Ժորայի Միքայելյանին` «ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս» հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մաս):

Նախաքննության նյութերը ներկայացվել են Հ. Խաչատրյանի իրավահաջորդի` Մ. Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանին: Այսօր` 2012 թ. հուլիսի 23-ին, փաստաբան Մ. Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժին, որով բարձրացնում է մի շարք էական խնդիրներ, քանի որ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից և գործով որպես մեղադրյալ չեն ներգրավվել անձինք, որոնց մեղադրանք առաջադրելու համար առկա են բավարար ապացույցներ:

Նախաքննության ընթացքում Մինաս Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Սակայն նախաքննության մարմինը նախաքննության ավարտից մեկ շաբաթ առաջ` 2012 թ. հուլիսի 12-ին, որոշում է կայացրել վերացնելու «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու» մեղադրանքը` անտեսելով Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները:

Ըստ էության, նախաքննության մարմինը Հ. Խաչատրյանի մահվանը հանգեցրած ոչ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ առաջադրում է այնպիսի մեղադրանք, որը կարելի է գնահատել հովանավորչություն և քրեական գործի կոծկում:

Փաստաբան Մ. Շուշանյանն իր միջնորդությամբ պահանջում է բժիշկների նկատմամբ մեղադրանքն առաջադրել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածներով, ինչպես նաև քննության առնել Հայկ Խաչատրյանի պարեկային ծառայության կարգի խախտմամբ պարեկային ծառայության նշանակած անձանց պարզելու և նրանց նկատմամբ քրեական պատասխանատվություն ենթարկելու նպատակով: Քանի որ Հ. Խաչատրյանի մահվան հիմքով քրեական գործը չի մտել դատական փուլ, պահանջում ենք ՀՀ պաշտպանության նախարարից և ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանից օրենքով սահմանված իրենց գործառույթները լիարժեք իրականացնել, որպեսզի ապահովվի ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժնի կողմից բազմակողմանի քննության իրականացումը:

Պարո՛ն նախարար և պարո՛ն զինդատախազ, այս պահին «դատարանը կպարզի» պատճառաբանությանը հղում անելու որևէ հիմք չկա, որովհետև այս պահին դո՛ւք եք պատասխանատու գործի պատշաճ քննության համար և մենք ահազանգում ենք աղաղակող ապօրինության մասին, որի չվերացման համար անմիջական պատասխանատվությունը կրում եք դո՛ւք:

Կից ներկայացվում է միջնորդության տեքստը.Hayk Khachatryan-mijnordutyun

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031