ՀՀ կառավարություն
ՀՀ գլխավոր դատախազություն
2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի հետևանքով սպանվեց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի բնական այս հետևանքը հասարակության մեջ առաջացրել է լարված իրավիճակ:
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետով և 7-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով Ազգային ժողովի պատգամավորների նախատեսված լիազորություններից, ստորև ներկայացնում ենք մի շարք հարցեր և ակնկալում ենք օրենքով նախատեսված ժամկետում դրանց պատասխանները.
Կարդացեք նաև
1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից է ոստիկանությունում ահազանգ ստացվել դեպքի մասին: Ինչո՞ւ մի քանի օր ծանր վնասվածք ստացած սպայի գործով անհապաղ չի հարուցվել քրեական գործ, իսկ նյութերը մի քննչական մարմնից մյուսն է դեգերել:
2. Հայտնի՞ են «Հարսնաքար»-ում տեղի ունեցած միջադեպի բոլոր մասնակիցները, կա՞ն դեպքի այլ ականատեսներ, որոք դեռ հարցաքննված չեն:
3. Հարուցված քրեական գործի շրջանակներում ձևակերպվա՞ծ են ապացուցման առարկա հետևյալ հարցերը.
3.1 ո՞ր ժամանակահատվածում է տեղի ունեցել միջադեպը և որտե՞ղ է տեղի ունեցել դեպքի հիմնական մասը: Արդյոք այդ վայրում, բացի դեպքի մասնակիցներից, եղե՞լ են այլ քաղաքացիներ և ի՞նչ վարքագիծ են նրանք դրսևորել,
3.2 ո՞ւմ հրահանգով են ծեծի ենթարկվել Վահե Ավետյանը և մյուսները, մեղադրյալններից ո՞վ կամ ովքե՞ր են առավել ակտիվ եղել ծեծի ժամանակ,
3.3 «Հարսնաքար» ռեստորանի կալանավորված աշխատակիցների հեռախոսազանգերը առնչություն ունե՞ն դեպքի հետ և ո՞ւմ անուններն են նշվում,
3.4 ծեծի ժամանակ հայոյանքներ հնչե՞լ են, թե՞ ոչ, ի՞նչ առարկաներ և/կամ գործիքներ են օգտագործվել,
3.5 մեղադրյալների և նրանց հագուստների վրա եղե՞լ են ֆիզիկական ուժի, բռնության գործադրման հետքեր,
3.6 հատկապես ո՞վ կամ ովքե՞ր են Վահե Ավետյանին հասցրել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
4. Հանցագործության կատարման տեղանքներում կա՞ն տեսանկարահանման սարքավորումներ, որոնք արձանագրել են դեպքը: Եթե չեն պահպանվել տեսագրությունները, ապա ինչպե՞ս է դա բացատրվում:
5. Բացի Վահե Ավետյանից և նրա ընկերներից, ռեստորանը նույն ժամանակահատվածում այլ այցելուներ ունեցե՞լ է, ճշտվա՞ծ են այցելունների տվյալները: Ինչպես ռեստորանի այցելուները, այնպես էլ աշխատակիցները փորձե՞լ են սրահի ներսում կանխել միջադեպը, անհատապես ովքե՞ր:
6. «Հարսնաքար» ռեստորանի կալանավորված 7 աշխատակիցները ունեցե՞լ են աշխատանքային պայմանագրեր և այդ պայմանագրերով սահմանված եղե՞լ են նրանց ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակը:
7. Ի՞նչ իրավական հիմքերով է ապահովվում «Հարսնաքարի» և ընդհանրապես հանրային սննդի նմանատիպ օբյեկտների, դրանց աշխատակիցների ու հաճախորդների անվտանգությունը, ովքե՞ր են պատասխանատուները, ի՞նչ պահանջներ է սահմանված նրանց համար (նկատի առնելով այն հանգամանքը, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու միայն 2013թ. հունվարի 1-ից), արդյոք այդ անձինք կամ կազմակերպությունները ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ այլ միջոցների գործադրման իրավասություններ ունե՞ն և ո՞ր դեպքերում:
8. Արդյոք վարվո՞ւմ է հասարակական վայրերում պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների կամ նրանց «թիկնազորի» մասնակցությամբ կատարված ծանր հանցագործությունների հաշվառում-վիճակագրություն: Մինչև այժմ քրեաիրավական ինչպիսի՞ պատասխանատվության ու պատժի են ենթարկվել մեղավոր անձինք:
9. Արդյոք համապատասխան առաջարկություններ մշակվե՞լ են «Հարսնաքար»-ում և նմանատիպ այլ հաստատություններում բռնության երևույթները կանխելու, քաղաքացիների իրավունքների պատշաճ պաշտպանություն իրականացնելու ուղղությամբ: Մասնավորապես, անհրաժեշտ չէ՞ արդյոք այդպիսի տարածքների տեղակայման և տարածքներում պարտադիր տեսանկարահանման սարքավորումների կիրառման և այլ պահանջներ սահմանելը:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ պատրաստ ենք նաև հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:
Հ.Յ. Դաշնակցություն Ա. Ռուստամյան
Ժառանգություն Ռ. Հակոբյան
ՀԱԿ Ա. Մանուկյան