Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արմավիան» հայ պրոֆեսիոնալ օդաչուներին փոխարինել է հույներո՞վ

Հուլիս 23,2012 17:42

Վերջերս ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշ թռիչքներ պարբերաբար ժամերով հետաձգում է: Օրերս Մոսկվա-Երեւան թռիչքն էր հետաձգվել, իսկ հուլիսի 11-ին` Սամարա-Երեւանը: Ընդ որում, վերջինիս թռիչքը հետաձգվել է 10 ժամով. Նախապես սահմանված ժամը 23.30-ի թռիչքը կայացել է առավոտյան 9.30-ին, իսկ ընկերությունն իր ուղեւորներին հրաժարվել է ապահովել կացարանով եւ սննդով: Aravot.am-ի հետ զրույցում Սամարա-Երեւան թռիչքի ուղեւորները դժգոհեցին, որ Սամարայում «Արմավիայի» ներկայացուցիչն իրենց վստահեցրել է, որ ոչնչով չեն կարող օգնել. «Գնացեք Երեւան, էնտեղ էլ` պահանջեք»: «Մեզանից շատերը Ռուսաստանի այլ քաղաքներից էին եկել, որովհետեւ թռիչքը Երեւան միայն Սամարայից է, ու փաստորեն, մենք այլ մնալու տեղ չունեինք, ստիպված օդանավակայանի նստարաններին ենք գիշերել: Բայց ի՞նչ պիտի պահանջեինք Երեւանի «Արմավիայից», գալու էինք կացարա՞ն պահանջեինք, կամ սնո՞ւնդ: Իրենց պատճառաբանությունը աբսուրդ է: Անգամ, մտադիր էլ չեն վնասի փոխհատուցում տրամադրել: Իսկ իրենց կայքէջը, որ նայում ենք` եվրոպական սպասարկում են խոստանում ու նշում, որ ուղեւորներն իրենց համար արժեք են: Իրականում իրենք մտածում են միայն ուղեւորների հաշվին գերշահույթներ ստանալու մասին ու ոչ մի մարդկային սպասարկում: Բացի դրանից, հենց ինքնաթիռը տեսանք ու  բարձրացանք` վախեցանք, որ տեղ չենք հասնի…»,-մեզ հետ զրույցում դժգոհեցին «Արմավիայի» ուղեւերները: Սամարայում նրանց թռիչքի հետաձգումը պատճառաբանել էին, որ ինքնաթիռ չկա, Երեւանի ինքնաթիռը պիտի գա, որպեսզի նոր ուղեւորներով ետ դառնա:

Բացի սպառողներից, Aravot.am-ին դժգոհել են նաեւ «Արմավիայի» օդաչուները, որոնք Երեւան-Աթենք թռիչքն են իրականացնում: Ըստ օդաչուների, իրենք արդեն 5 ամիս է աշխատավարձ չեն ստանում, միայն վերջերս են ստացել փետրվար ամսվանը, իսկ թե մնացածը երբ կստանան, դեռ հայտնի չէ: Այսօր նշված թռիչք իրականացնող օդաչուները իրենց հաշվին արձակուրդում են, այն էլ «Արմավիան» է ստիպել օդաչուներին իրենք իրենց հաշվին վերցնեն արձակուրդը: Մեզ հետ զրույցում օդաչուներն ասացին, որ ավիաընկերությունը մտադիր չէ իրենց հետ պայմանագիրը երկարացնել, եւ հավանաբար կկրճատվեն: Մեր հարցին` եթե կրճատվեն, այդ դեպքում ինչպե՞ս է իրականացվելու Երեւան-Աթենք թռիչքը, օդաչուներն ասացին. ««Արմավիան» հույն, լեհ, չեխ օդաչուներ է բերել, նրանք էլ իրականացնում են թռիչքները: Ընդ որում, օտարերկրյա օդաչուներն ավելի թանկ են նստում ընկերության վրա, քանի որ նրանց բացի աշխատավարձից, տրամադրվում է օրապահիկ եւ հյուրանոցային համարներ: Բացի դա, հայ օդաչուները համարվում են լավագույնը եւ միջազգային ասպարեզում բավականին պահանջված են, քանի որ լեռնային գոտիներում թռչելու փորձ ունեն: Այսօր ընկերության 70 օդաչուներ թողել հեռացել են «Արմավիայից», որոշներն էլ` երկրից ու ամեն մեկը մի միջազգային ընկերությունում են աշխատում: Մնացել է ընդամենը 25 օդաչու: «Աէրոֆլոտը» մեզ վստահեցրել է, որ եթե մի 10 օդաչուներ հավաքվեն, նոր էսկադրիլյա կբացի, այ այդպես են մեզ հարգում ու վստահում»:

Օդաչուների պատմելով, «Արմավիան» հսկայական պարտքեր ունի, արդեն 1 շաբաթ է «Էյրբաս» ինքնաթիռը Պրահայում է` տեխզննման համար, որի դիմաց ավիաընկերությունը պետք է վճարի 800 հազար եվրո, սակայն վճարել է ընդամենը 200 հազարը, իսկ մնացածը չի կարողանում վճարել, որպեսզի բերի Հայաստան:

Նշենք, որ 2013 թվականին լրանում է «Արմավիայի» մենաշնորհային ժամկետը, ընկերությունում լուրեր են պտտվում, որ դժվար թե պայմանագիրը երկարացվի` որպես ազգային ավիափոխադրող:

Այս առնչությամբ Aravot.am-ը պարզաբանում էր խնդրել «Արմավիայից»: Մեր գրավոր հարցերին ընկերությունը խոստացավ առաջիկայում պատասխանել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031