ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարով ազատազրկման դատապարտելու Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը չափից շատ է համարում:
Նա ասաց, որ ակտիվիստների գործի մանրամասներին ծանոթ չէ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ երիտասարդները նախկինում հանցագործություն չեն արել՝ դատարանն ավելի մեղմ պատժաչափ պետք է սահմաներ: Դատարանի վճիռն էլ ոչ թե ՀԱԿ-ի, այլ հասարակության դեմ ուղղված միտումնավոր քայլ համարեց. «Հասարակության ներկայացուցչի դեմ է ուղղված, որոշ առումով ուզում են ցույց տալ իրենց տեղը»:
Տիկին Ալավերդյանի խոսքերով, միջազգային զեկույցներում էլ ՀԱԿ ակտիվիստներին որպես քաղբանտարկյալ են դիտարկելու. «Միջազգայինն ունի այս գնահատականները՝ եթե որեւէ մեկի հանդեպ տեղի է ունենում ՝ լինի քրեական , թե քաղաքացիական գործընթաց, ու այդ անձը ինչ-որ առումով դիտարկվում է որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ կամ քաղաքական-հասարակական գործիչ, ընկալվում է քաղաքական մոտիվներով հետապնդում: Միջազգային զեկույցներն անպայման կանդրադառնան այս դեպքին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ