Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը էպոսի Վերգոն է, ուժային համակարգը՝ Քեռի Թորոսը, օրենսդիրն էլ՝ Հովնանը

Հուլիս 23,2012 17:15

«Ընդդիմությունը չունի առաջնորդ, փնտրտուքների մեջ է, նոր թեկնածու են ցանկանում տեսնել: Եվ եթե ընդդիմադիր բոլոր կուսակցությունները ուզում են ունենալ մեկ միասնական թեկնածու, ապա նրանք լուրջ խնդիրներ ունեն ու անկախ ամեն ինչից՝ պարտվելու են»,- Aravot.am-ի հետ զրույցում, գալիք նախագահական ընտրությունների մասին խոսելիս, ասաց իրեն նախագահի թեկնածու հայտարարած էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Նրա ձեւակերպմամբ՝ ԱԺ ընտրությունների նույն թվերն ունենալու ենք նաեւ նախագահականի ժամանակ: «5-ից 7 տոկոսանոց կուսակցություններին նույն ճակատագիրն է սպասում: Եվ եթե գործընթացներն այս տեմպով գնան՝ կհաղթի Սերժ Սարգսյանը, բայց եթե ասում եմ կհաղթի, ապա նկատի ունեմ իմ թեկնածությունը մի կողմ դրած: Իսկ ընդհանրապես նախագահական ընտրությունների ժամանակ պայքարը լինելու է իմ եւ Սերժ Սարգսյանի միջեւ, որովհետեւ նա ունի վարչական մեծ ռեսուրս, որը միանշանակ կծառայի իրեն: Իսկ ես ունեմ ազգային գաղափարախոսություն՝ հայոց «Սասնա ծռեր» էպոսը, որի շուրջ էլ համախմբվելու է ամբողջ ազգը: Հիմնական պայքարը գնալու է պետության վարչական մասի եւ ազգաբնակչության միջեւ»:

Սեդրակյանի մեկնաբանմամբ՝ հեքիաթներում սյուժե կա, երբ ինչ-որ մեկը դուրս է գալիս պայքարելու վիշապի դեմ՝ ասում են մի գնա, քեզանից հզորներն էլ են եղել. «Նախկինում ո՞վ կամ ի՞նչ է արել , ես չեմ ուզում գնահատական տալ, ես պայքարելու եմ Հայաստանում արդարությունը վերականգնելու համար: Իսկ թե ո՞վ կլինի այդ պայքարում իմ դեմ կանգնածը, էական չէ»: Սեդրակյանը համոզված է, եւ ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում շատ ազնիվ մարդիկ կան, ինչպես նաեւ ընդդիմությունում՝ շատ անարդարները, որոնց ազգն ուղղակի չի ուզում տեսնել:

«Հայոց «Սասնա ծռերը» ընդդիմության էպոսը չէ ու ուղղված չէ նաեւ իշխանության դեմ: Ես չեմ պատրաստվում դառնալ ընդդիմության միասնական թեկնածու, «Սասնա ծռերը» ժողովրդի էպոսն է: Ես միայն մի դեպքում կդառնամ ընդդիմության թեկնածու, իսկ դա կլինի այն ժամանակ, երբ Ազգային ժողովում գործող բոլոր կուսակցությունները հայտարարեն, որ նախագահական ընտրություններում սատարելու են ինձ: Չի կարելի խտրականություն դնել, ասելով՝ ընդդիմությունը Սասունցի Դավիթն է, իշխանությունը՝ Մսրա Մելիքը: Էպոսը չի գալիս հայերին իրար դեմ թշնամացնելու, այն գալիս է միավորելու»,- նշեց Սեդրակյանը:

Զուգահեռներ տանելով քաղաքական իրադարձությունների ու էպոսի միջեւ՝ Սեդրակյանը ընդգծեց հետեւյալը. «Վերգոն առանձին ինստիտուտ չէ, Հովնանի հետ է գործում, իսկ այս դեպքում՝ մեր իրականության հետ, դա համապատասխանում է կառավարության աշխատանքին, որը զբաղված է նյութական հարցերով եւ միշտ վախեցած է բոլոր արտաքին թշնամիներից, դա էլ իր տրամաբանությունն է, այսինքն՝ փող տանք, աղջիկ տանք, հարցերը լուծենք եւ այլն: Քեռի Թորոսը համապատասխանում է մեր այսօրվա ուժային համակարգին՝ ոստիկանություն, բանակ, ազգային անվտանգություն եւ այլն: Իսկ Հովնանը՝ դա օրենսդիր իշխանությունն է»:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահական ընտրություններին մասնակցելու հավանականությանը, ապա ըստ Սեդրակյանի՝ «նա չի մասնակցի, չափից ավելի պրագմատիկ, խելացի մարդ է՝ նման սխալ թույլ տալու համար: Նա ազգի կողմից հարց ունի իրեն ուղղված, 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում գնդակահարվել են հայեր: Իսկ այս հարցի պատասխանը դեռ չի տվել: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ չի առաջադրվի, նա եւս չափից շատ խելացի է ու հասկանում է, որ այսօր ՀԱԿ-ը չունի այն թափը, հեղինակությունը, որն ուներ 2008 թվականի հունվարին: Կրկնում եմ՝ պայքարը գնալու է իմ եւ Սերժ Սարգսյանի միջեւ, իսկ նա ունի 3 տարբերակ. առաջինը՝ ընտրությունները կանցկացնի այնպես, ինչպես միշտ, ու դա կբերի բախումների, քանի որ ես հաստատ չեմ լռի ու գնա տուն: Երկրորդը՝ կառաջադրի իր թեկնածությունը, կփորձի արդար ընտրություններ անցկացնել, ինչը քիչ հավանական է, անտրամաբանական, քանի որ այն թիմը, որը ձեւավորված է իր շուրջ՝ կխանգարի: Երրորդը՝ ազգի համար ամենացանկալի տարբերակը կլինի, եթե Սերժ Սարգսյանը հայտարարի, որ ինքը չի առաջադրվելու եւ այդ ժամանակ կաշխատի իմ ասած մոդելը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն , ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը կհայտարարեն, որ սատարում են իմ թեկնածությունը, ինչն էլ կլինի ազգի եւ պետության համախմբումը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031