Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամը` Դավիթ Շահնազարյանի մասին. «Ոչինչ, առանցքային դեմքերն անփոխարինելի չեն»

Հուլիս 23,2012 16:54

«Կոնկրետ մենք այն կուսակցությունն ենք, որ Քոչարյանի վերադարձին դեմ է ընդհանրապես: Դա կարող եմ ասել: Դա իր անձնական կարծիքն է, ես չեմ ուզում մեկնաբանել, թե ինչու է ինքը այդպես ասում: Ես չգիտեմ՝ ինքը ինչ է նկատի ունեցել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, Արմենակ Դովլաթյանն այսպես մեկնաբանեց 1in.am-ին տված հարցազրույցում Դավիթ Շահնազարյանի արտահայտած այն տեսակետը, որ ՀԱԿ-ն ամեն ինչ արեց, որ կանաչ լույս վառի քոչարյանիզմի համար եւ որ քոչարյանիզմը վերակենդանացել է քաղաքական դաշտում` Կոնգրեսի ջանքերի շնորհիվ:

Դավիթ Շահնազարյանը նաեւ ասել է, որ երբ նավը 180 աստիճան շրջադարձ է կատարում, ուղեւորներից շատերին թվում է, թե իրենք դեռ ճիշտ ուղղությամբ են շարժվում: Մեր հարցին՝ գուցե Դուք է՞լ եք այդ ուղեւորների թվին պատկանում, դեռ չեք գիտակցում, որ ձեր նավն իր ուղղությունը փոխել է` նա պատասխանեց. «Չեմ կարծում: Չէի ասի այդպես»: Նա վստահեցրեց, որ առայժմ ՀԱԿ-ը չի դավաճանում իր սկզբունքները: Մեր հարցին` ԲՀԿ-ի հետ համագործակցելով է՞լ ՀԱԿ-ը իր ուղղությունը չի փոխում` պարոն Դովլաթյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի հետ առանձնապես որեւէ համագործակցություն չկա. «Եթե դուք որոշել եք, որ ՀԱԿ-ի ուղղությունը, ճանապարհը ԲՀԿ-ի հետ է ընտրված `կարող է»: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչ էին նշանակում առաջին նախագահի ելույթները` նա պատասխանեց. «Ելույթները դա վերլուծություններ են, դա քաղաքական ուղղություն չի»:

Դիտարկմանը, որ ՀԱԿ անդամներն այս ընթացքում չեն հաստատում ու չեն ընդունում, որ ԲՀԿ-ն էլ է ընտրակաշառք բաժանել` նա արձագանքեց, որ նման գնահատականի ոչ մի տեղ չի հանդիպել. «ՀԱԿ-ի որեւէ ներկայացուցիչ չի ասել, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել, ոչ էլ հաստատել է դա»: Մենք հետաքրքրվեցինք` այդ դեպքում Դուք ի՞նչ եք կարծում` ԲՀԿ-ն բաժանե՞լ է ընտրակաշառք, թե՞ չի բաժանել` պարոն Դովլաթյանը պատասխանեց. «Ես հիմա այդ հարցով մեկնաբանություններ չեմ ուզում տալ»:

Արմենակ Դովլաթյանը չհամաձայնեց այն դիտարկմանը,որ այսօր Կոնգրեսից շատ ու շատ անդամներ դուրս են գալիս` ԲՀԿ-ի հետ համագործակցության համար. «Շատ ու շատ անդամներ դուրս չեն գալիս»: Հարցին` «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայաստանի լիբերալ» կուսակցությունը, Անդրանիկ Քոչարյանը, Դավիթ Շահնազարյանը` նրանք շատ չե՞ն արդեն Ձեր կարծիքով` Արարատ Դովլաթյանը պատասխանեց. «Չէ: Դա էական չի՝ ինչքան մարդ դուրս եկավ, ինչքան մարդ եկավ»: Մենք ճշտեցինք` բա ի՞նչն է էական, իրենք ՀԱԿ-ի առանցքային դեմքերն էին, ի պատասխան` ՀԱԿ անդամը նշեց. «Ոչինչ, առանցքային դեմքերը անփոխարինելի չեն»: Տրամաբանական այն հարցին, թե այդ դեպքում ումո՞վ եք փոխարինել նրանց, օրինակ` Դավիթ Շահնազարյանին` պարոն Դովլաթյանը պատասխանեց. «Իսկ պարտադիր է ինչ-որ մեկին փոխարինե՞լ: Ինչ-որ մեկով մեկի տեղը պետք է լցնե՞նք, պետք է փոխարինե՞նք: Ամեն մեկն իր տեղն ունի, իր դերն ունի, չափն ունի: Եթե որեւէ մեկը որոշում է դուրս գալ` նրանց փոխարինելու կարիք չկա: Մարդիկ, ովքեր կան, շարունակում են իրենց գործերն անել»:

Այնուամենայնիվ, Արմենակ Դովլաթյանը խոստովանեց, որ այդ մարդկանց` ՀԱԿ-ը լքելով, որոշ չափով Կոնգրեսը թուլանում է:

Պարոն Դովլաթյանը տարաձայնություններ չունի Կոնգրեսի որոշման հետ` 7 մանդատը վերցնելու: Ըստ նրա` «Պետք էր վերցնել, որովհետեւ գործեր շատ կան անելու: Ամեն ինչ պետք է ճիշտ ներկայացնել, ասել ինչի համար եւ ինչու: Ճիշտ ներկայացման դեպքում Կոնգրեսի ձայները չեն կորի»:

Դավիթ Շահնազարյանը նաեւ ասել էր, որ միասնական թեկնածուի հարցում ընդդիմադիր թեկնածու կոչել չի կարելի, դա կլինի օլիգարխիայի թեկնածու: Այս առնչությամբ մեր հարցին, թե իր կարծիքով` միասնական թեկնածուի դերում ո՞վ կարող է լինել` Արմենակ Դովլաթյանը նշեց. «Դա իր կարծիքն է, ես էլ ասում եմ` պետք է լինի Տեր-Պետրոսյանը»:

Հռիփսիմե ՋԵՋԵԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031