Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Նոր Աստղաբերդ համայնքի բնակիչներին առաջնայինը աշխատատեղերի խնդիրն է հուզում

Հուլիս 23,2012 16:34

Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ համայնքը սահմանամերձ է Նախիջեւանին: Սահմանամերձ, լեռնային այս համայնքի վարչական տարածքում 4 գյուղական բնակավայր կա` Նոր Աստղաբերդը,Գետիշենը, Աջաբաջը, Ոչեթին։ Այս գյուղերը եղել են հայկական բնակավայրեր։ Այդ են վկայում նշված գյուղերի տարածքում գտնվող եկեղեցիների եւ ամրոցների ավերակները, գյուղատեղիների հետքերը։ Մինչև 1988թ. համայնքում բնակվում էին ադրբեջանցիները: Նրանց արտագաղթից հետո այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթված եւ Կապանի տարածաշրջանի բնակավայրերից տեղափոխված հայերը։

Չորս գյուղերից միայն երեքն են այժմ բնակեցված, այստեղ ապրողներն էլ մեծ թիվ չեն կազմում: Ներկայումս 3 գյուղերում ընդհանուր մոտ 115 մարդ է ապրում՝ ամառ-ձմեռ: Աշխատանք չլինելու, գյուղում ապրելը եկամտաբեր չլինելու եւ այլ դժվարությունների պատճառով գյուղացիները ժամանակին կամաց-կամաց թողել են գյուղերը, երիտասարդ ընտանիքները քաղաքում հաստատվել: Դրա համար էլ ներկայումս բնակիչները համայնքի վարչական տարածքում ցանկացած կազմակերպության նոր նախագծերը` դա լինի արդյունաբերական, ընդերքօգտագործման, արտադրական կամ էներգետիկայի եւ այլն, բնակիչները մեծ խանդավառությամբ են ընդունում, ոգեւորությամբ համաձայնվում եւ թույլատրում դրանց գործունեւությունն իրենց համայնքներում` միայն թե մի քանի աշխատատեղ լինի, աշխատեն, որ եղած բնակիչները չթողնեն գյուղերը կամ հեռացած երիտասարդները վերադառնան ու նորից հաստատվեն գյուղում:

Շատ ժամանակ գյուղացիների ընդունած որոշումները բացասական են անդրադառնում Կապանի ու քաղաքի բնակչության համար: Հատկապես բնապահպաններն ու Կապանի հ/կ ներկայացուցիչներն անընդունելի են համարում տվյալ համայնքի վարչական տարածքում Կապանի խմելու ջրագծի վրա կառուցված ՀԷԿ-երի թույլտվությունը, կամ հետախուզական նպատակով Կապանի խմելու ջրի հենց ջրահավաք ավազանի տարածքում համաձայնություն է տրվել «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը իրականացնել հետախուզական աշխատանքներ եւ այլն: Նոր Աստղաբերդ համայնքի ղեկավար Սուրիկ Թեւանյանն այդ ամենը պայմանավորում է եւ արդարացնում աշխատատեղերի բացակայությամբ եւ գյուղացիների կողմից հավատով ու գյուղի զարգացման ապագա ակնկալիքներով: Ներկայումս այդ գործընթացներին որոշ գյուղացիներ արդեն ընդգրկված են, աշխատում են եւ աշխատավարձ են ստանում, ինչն էլ կարեւոր է նրանց համար:

Համայնքի ղեկավարը նաեւ նշում է, որ իրենք հետեւողական են էկոլոգիական խնդիրներին, իրենց ուշադրության կենտրոնում են պահում, եւ միաժամանակ մտածում են գյուղերը դատարկվելուց փրկելու եւ կրկին կենդանություն տալու խնդիրների մասին: «Մանկապարտեզ, դպրոց չկա այստեղ, ծերացած բնակչություն է, բայց դրական տեղաշարժ կա արդեն, 10 տարվա ընթացքում արդեն 2 ծնունդ է եղել գյուղում: Մարդիկ գալիս են ապրում ու աշխատանքների անցնում այստեղ, մի քանի ընտանիք էլ եկել է գյուղ, անասնագոմ են սարքել, հոսք դեպի գյուղ արդեն կա, լավատեսորեն եմ մոտենում: Հեռավոր ու սահմանամերձ գյուղ է, պետք է գյուղերի պահպանման մասին լրջորեն մտածենք: Ես կողմ եմ ե’ւ աշխատատեղին, ե’ւ սոցիալական խնդիրների լուծմանը, ե’ւ էկոլոգիայի պահպանմանը: Սահմանամերձ գոտում ենք գտնվում, հեռավոր երկրում պետք է լավ լինի: Տարիների ընթացքում որսագողության դեպքեր են եղել, նաեւ գայլերն են շատ վնաս տալիս գյուղերին», – ասում է Սուրիկ Թեւանյանը:

Այս տարածքներում, ըստ մասնագետների, 50-ականներից սկսած հետազոտական աշխատանքներ են տարվել, մոտ 30 հանքերեւակում կա, որոնց պաշարները դեռ լիովին բացահայտված չեն: Նույն տեղանքում հատուկ պահպանվող տարածքներ կան` 2638 հա, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ ու կենդանատեսակներ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031