«Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցը» արդեն գործողության մեջ է և ՀՀ կառավարության կողմից 2012թ. համար նախատեսած «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի» 4-րդ` «Շինարարական թույլտվություններին» վերաբերող բաղադրիչով գտնվում է քաղաքաշինության նախարարությանն ուղղված ՀՀ կառավարության հանձնարարականների կատարման շրջանակներում»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասացին ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական բաժնից:
Հիշեցնենք, ՀՀ կառավարության որ 2012 թ. ապրիլի 12-ի նիստում N14 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ժամանակացույցը ստեղծվել է Համաշխարհային բանկի «Զբաղվել գործարարությամբ» վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքն առնվազն 5 կետով բարձրացնելու նպատակով:
Ի դեպ այս վարկանիշային համակարգով, համաձայն Համաշխարհային բանկի պաշտոնական կայքի, Հայաստանը 2011 թ. սանդղակում զբաղեցրել է 61- րդ տեղը, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բարձրացել է 6 կետով և այժմ զբաղեցնում է 55-րդ տեղը:
Առաջընթացի դրական տեղաշարժերն արձանագրվել են վարկանիշային սանդղակի առանձին կետերի պահանջները կատարելու հարցում դրական արդյունքներ արձանագրելու շնորհիվ: Օրինակ, սկսնակ գործարարներին ծառայությունների մատուցման համար արձանագրված է բարձրացում 10 կետով, շինարարությամբ զբաղվողներին թույտվություններ տալու համար՝ 38, հարկերի վճարման համար՝ 6, վարկեր տրամադրելու համար՝ 5 կետով:
Հենց այս առանձին ցուցանիշների գծով դրական տեղաշարժերի արդյունքների միջին ցուցանիշն էլ հնարավորություն է տվել ՀԲ-ի վարկանիշային սանդղակում բարձրանալ 6 կետով և հայտնվել 55-րդ տեղում:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն