Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /Արցախի Հանրապետություն/ տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,4 տոկոսը: Ընտրություններին հետևում էին ինչպես միջազգային դիտորդներ` 22 երկրներից, այնպես էլ քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցիչներ: Ըստ միջազգային դիտորդների նախնական գնահատականների` ընտրությունները անց են կացվել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և մի քանի թեկնածուների մասնակցությամբ` ապահովելով հանրապետության քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը:
ԼՂՀ ընտրությունների մակարդակը համեմատելի է առաջադեմ ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրությունների մակարդակի հետ, ինչը վկայում է ինքնիշխան և անկախ պետականության կառուցման անշրջելիության, ազատության, ժողովրդավարության իդեալներին մեր ժողովրդի նվիրվածության և խաղաղության ստեղծման մասին: Կայացած ընտրությունները կրկին անգամ ապացուցեցին 1991 թ. անկախության մասին հանրաքվեի ժամանակ ճիշտ ընտրված ուղու մասին: Յուրաքանչյուր ընտրությամբ ԼՂՀ ժողովուրդը այդ ուղին շարունակելու ամուր կամք է արտահայտում և ԼՂՀ-ն անցյալ վերադարձնելու մասին խոսք անգամ լինել չի կարող:
Այս առումով անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ընտրություններին մասնակցությունը և իշխանության մարմինների ձևավորումը ազնիվ և արդար ընտրությունների միջոցով հանդիսանում է միջազգային իրավունքում ամրագրված հիմնարար իրավունքներից մեկը, իսկ դրանց անտեսումը և չճանաչումը հանդիսանում է միջազագային իրավունքի կոպիտ խախտում:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ԼՂՀ-ում կայացած ընտրությունների խանգարելուն ուղղված շահարկումները անհիմն են և քարոզչական նպատակ են հետապնդում: Հակամարտության կարգավորման մեջ որոշիչ է հանդիսանում ԼՂՀ ժողովրդի կամքը, որն ամբողջովին ճանաչվում է միջազգային հանրության և միջնորդների կողմից:
Ժողովրդական իշխանության զարգացումը հանդիսանում է ԼՂՀ պետականաշինության հիմքը և համապատասխանում է միջազգային հանրության քաղաքակիրթ շահերին: Այսպիսով, անցած ԼՂՀ նախագահական ընրությունների նկատմամբ վերաբերմունքը չի կարող պայմանավորվել որոշ քաղաքական շրջանակների սուբյեկտիվ կարծիքներով` հարմարվողականություն արտահայտելով պաշտոնական Բաքվի քմահաճույքների նկատմամբ:
Ստեփանակերտ, հուլիսի 20, 2012