«Արցախ եկող հայ պատգամավորներին էլ փող չտաք, այդ մարդիկ գալիս են՝ քեֆ են անում, նվերներ են ստանում, հետ են վերադառնում: Չգիտեմ՝ ինչ արեցին ընտրությունների ժամանակ, որովհետեւ այդ մարդկանցից ոչ մեկը չհանդիպեց շտաբի անդամներից որեւէ մեկին: Օրինակ՝ Մհեր Շահգելդյանին՝ որպես քաղաքագետի, պետք է հետաքրքրեր ինչ է կատարվում այս երկրում: Միգուցե, բացի քեֆից, ինչ-որ մեկին հանդիպեին, այլընտրանքային կարծիք լսեին: Ոչ Քոքոբելյանը, ոչ Բագրատյանը, ոչ Արմեն Ռուստամյանը ոչ մեկին չհանդիպեցին, Արցախը նրանց համար «Արմենիա» հյուրանոցի տեռասն է»,- Արցախի նախագահական ընտրություններում պարտություն կրած թեկնածու Վիտալի Բալասանյանի օգնական Հայկ Խանումյանի այս դժգոհությունների վերաբերյալ Aravot.am-ը զրուցեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ. «Քոքոբելյանի ու Բագրատյանի հետ ես չեմ եղել, իրենց հետ եկել եմ, բայց դիտորդական առաքելությունս ուրիշ տեղ եմ անցկացրել, լրիվ այլ երթուղով: Երեկոյան գնացել ենք հանդիպել Բակո Սահակյանին իր շտաբում: Հետո 11:30 գնացել ենք իրենց շտաբ, շտաբում մարդ չի եղել, ո՞ւմ հետ հանդիպեինք: Դիտորդական առաքելություն ենք իրականացրել գյուղերում եւ տարբեր տեղերում, անուններն էլ հայտնի են որտեղ ենք եղել: Ես իրենց հետ չպետք է հանդիպեի, ես գնում էի դիտորդական առաքելության»:
Հետաքրքրվեցինք, ի՞նչ նվերներ են իրենց հետ Արցախից բերել. «Այդպիսի բան չի եղել, սուտ է, ամոթ է նման բաներ առանց ճշտելու ասել, անհարմար է»:
Ինչ վերաբերում է Հ. Խանումյանի մտահոգությանը, թե Հայաստանի ներկայիս խորհրդարանում աճել են Արցախի տարածքները վերադարձնելու ցանկություն ունեցող պատգամավորները, պարոն Ռուստամյանն ասաց. «Իմ հետ կապ չունի, ես միշտ հստակ հայեցակարգով պայքարել եմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ