Հայաստանը, որպես պոտենցիալ տուրիստական երկիր, միջազգային շուկայում չի ներկայացվում կամ էլ շատ թույլ է արվում, ինչը բարդացնում է իրավիճակը՝ մեր երկիր տուրիստ բերելու համար: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց «Տաթեւ» տուրիստական ընկերության ղեկավար Առլեն Դավուդյանը: Նրա խոսքերով, երկիրը գովազդելու պարտականությունը պետությունը թողել է այդ ոլորտի ընկերությունների վար, որոնք կարող են ընդամենը 2-3 էջանոց բրոշյուր տպագրել, ինչը բավարար չէ տուրիստներին շահագրգռելու համար:
Պարոն Դավուդյանի կարծիքով, տուրիզմն աջակցելու ուղղությամբ պետությունը կարեւոր դեր ունի, ինչը, ըստ էութայն, չի կատարում: Եվ որպես օրինակ, ընկերության ղեկավարը նշեց, որ պետությունը չի աջակցում տուրիստական ընկերություններին միջազգային ցուցահանդեսներում մասնակցելու համար, իսկ ինքնուրույն մասնակցելը` ընկերությունների վրա բավականին ծանր ու թանկ կնստի. «Սկսած ավիատոմսերից ու տաղավարներ վարձելուց: Եթե ընկերությունն ինքն անի այդ ամենը, ուրեմն սեզոնին մի քանի խումբ բերելով՝ պիտի հույս ունենա այդ ծախսերը հանել կամ էլ ծառայությունների գները բարձրացնել»:
Տուրիստներին ներգրավելու խոչընդոտներից մեկը, ըստ պարոն Դավուդյանի, ցամաքային եւ օդային փոխադրողների մենաշնորհային դիրքն է ու դրա հետեւանքով առաջացած կամային գնային քաղաքականությունը: «Տաթեւ» տուրիստական ընկերության տնօրենի ներկայացմամբ` այսօր Իրանից Հայաստան ավտոբուսային երթուղին իրականացնում է ընդամենը մեկ ընկերություն` «Վասպուրականը», որն էլ իր մենաշնորհային դիրքից ելնելով՝ իր ուզած գնային քաղաքականությունն է վարում, ընդ որում՝ այս երթուղում մենաշնորհ ձեռք բերելը մրցույթի պահանջի արդյուքն է, ըստ մրցույթի՝ անպայման պետք է ընդամենը մեկ ընկերություն հաղթող ճանաչվի. «Պետք է օրենքը փոխել, որպեսզի 2-3 ընկերություն հաղթի, այս դեպքում մրցակցություն կլինի, գները կիջնեն, որակն էլ կբարձրանա»: Պարոն Դավուդյանի ներկայացմամբ` նույն իրավիճակն է նաեւ «Արամվիա» ազգային ավիափոխադրողի տարբերակում:
Կարդացեք նաև
Տուրիստական ընկերության ղեկավարի փոխանցմամբ՝ այսօր համացանցն էլ վնաս է հասցնում ընկերությունների գործին, քանի որ մարդիկ ինտերնետով են պատվիրում տոմսերն ու հյուրանոցները: Բացի այս, Մեղրիում, ըստ պարոն Դավուդյանի, տաքսիստների մի մեծ ցանց է գործում, որոնք հենց սահմանին իրանցի տուրիստներին «գողանում» են, մատչելի գներով պայմանավորվում են Հայաստանում շրջագայության տանել, նույնիսկ իրանցիների անձնագրերն իրենց մոտ են պահում, մինչեւ կվերադառնան հայրենիք: Առլեն Դավուդյանի խոսքերով` այս ոլորտն ընդհանրապես չի վերահսկվում, իսկ տաքսիստները չեն կարող մեր պատմամշակութային վայրերը ճիշտ ներկայացնել զբոսաշրջիկներին:
Ասուլիսին ներկա Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն էլ նշեց, որ ազգաբնակչության 70 տոկոսը չի կարողանում կազմակերպել իր հանգիստը, քանի որ Հայաստանում հանգստյան տների գները շատ բարձր են, իսկ աշխատավարձերը` շատ ցածր:
Ըստ տիկին Հակոբյանի՝ տարվա ընթացքում չհանգստանալը հանգեցնում է գերհոգնածության եւ նյարդային վիճակի, սա էլ հանգեցնում է նրան, որ հայերի մեծ մասը մուննաթով են. «Հայ ազգը հոգնածության սինդրոմ ունի»:
Տիկին Հակոբյանի խոսքերով` Ջերմուկում, Ծաղկաձորում կամ Սեւանում 7 օր նորմալ հանգստանալը մեկ անձին կարժենա մոտ 200 հազար դրամ: Իսկ արտերկրում 14 օր հանգստանալու համար անհրաժեշտ է 300-500 հազար դրամ, այն էլ գովազդվում է 315 հազար դրամով ուղեգիր, սակայն տեղում պարզվում է, որ 400 հազար է նստոմ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ