Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակը բարկացած է: «Բավական չէ՞ սև փիառային աղմուկ-աղաղակ բարձրացնել, էս ի՞նչ է կատարվում, չեմ հասկանում` մի խումբ գյումրեցիներ, ինչ-որ գյումրեցիներ, լավ էլի, թողեք հանգիստ էլի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով նախօրեին մի խումբ գյումրեցիների անունից տարածված անանուն բաց նամակը, բարկացած նկատեց Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ [email protected] հասցեից մեր խմբագրությունը նամակ է ստացել, որը ստորագրված էր «Մի խումբ գյումրեցիներ» և հասցեագրված էր Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը:
Նամակում մասնավորապես, ասված է. «Հարգելի կենտրոնական իշխանություններ, երեկ, երբ Գյումրի այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և պարզ դարձավ, որ գալիք ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի Վարդան Ղուկասյանը, Գյումրին վերածվեց մեծ համակենտրոնացման ճամբարի: Վերջինիս որդին` Սպարտակ Ղուկասյանը, իր շրջապատի և հոր թիկնապահների հետ միասին սկսել է ահաբեկել մարդկանց, հայտարարելով, որ ոչ ոք չի կարող իր հորը ստիպել, չառաջադրել իր թեկնածությունը: Սպարտակի գլխավորած բանդաները հենց այս պահին մարդիկ են հավաքագրում, որպեսզի վաղը և մյուս օրը բողոքի հանրահավաք կազմակերպեն քաղաքի կենտրոնական հրապարակում, ինչպես որ արել էին երեկ` Հովիկ Աբրահամյանի այցի ժամանակ: Մարդիկ վախեցած են և ստիպված խոսք են տալիս, որ անպայման կգան, բոլորին ցուցակագրում են, արդեն իսկ եղել են նաև ծեծի դեպքեր, մասնավորապես իրենց հարազատ Սլաբոտկա թաղամասում: Սպարտակը բոլորին ասում է, որ իրենք թքած ունեն Երևանում նստած ցանկացած ուժի և մարդու որոշման վրա: Խնդրում ենք` զորք մտցրեք գյումրի, պաշտպանեք մարդկանց այդ վայրենիներից, մարդիկ սարսափած են»:
Լիլիթ Աղեկյանը Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի հասցեին վերագրվող այդ հայտարարությունը հերյուրանք է որակում` նշելով, որ դա նախկինում Ղուկասյանների ընտանիքի դեմ ուղղված «սադրանքների» շարունակությունն է:
Կարդացեք նաև
«Հիշո՞ւմ եք, որ մի անգամ ձեզ հետ զրույցում մի դեպքի հետ կապված ասացի` «էտը յեշո ցվետոչկի»: Այ հիմա այդ ցվետոչկիները շարունակվում են: Գրում են` ինչ-որ գյումրեցիներ, թող մեկի անունը տան, խի՞ չեն տալիս: Չհասկացա` էս ո՞ւր ենք հասել: Վարկաբեկման փայլուն օրինակ է: Չի կարելի չէ՞ բամբասանքը տիրաժավորել: Մնում-մնում է, էդ մարդու ընտանիքին են կպնում: Ինչքա՞ն կարելի է, հանգստացեք: Ի՞նչ խունտա է նստում ու տարածում այդ ինֆորմացիան: Ինչքա՞ն կարելի է պրովոկացիաներով զսպել մթնոլորտը», -նկատեց Լիլիթ Աղեկյանը:
Հարցին, թե կասկածներ կա՞ ն, թե որտեղից է գալիս նրա մատնանշած վարկաբեկման գործընթացը, Լիլիթ Աղեկյանը պատասխանեց. «Բոլորն էլ հասկանում են, ով ով է, ով ինչպես է աշխատում: Ես, որպես գյումրեցի ապրելով էստեղ, կարող եմ գուշակել` ով է: Բայց դուք մի հատ նայեք` ով ում աջ ոտն է, ով ում ձախ ոտն է, ով ում կամակատարն է: Մի հատ դուք ինքներդ նայեք, կհասկանաք»
Հետքրքրվեցինք, թե Վարդան Ղուկասյանի` Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մտադրությունը ուժի մե՞ջ է, Լիլիթ Աղեկյանը պատասխանեց. «Ժամանակը կգա, այդ մասին կհայտարարվի»:
Մեր դիտարկմանը, թե իր նախկին հարցազրույցներում Ղուկասյանի մամլո խոսնակը բազմիցս հայտարարել է, թե գործող քաղաքապետը առաջադրվելու մտադրություն ունի, Աղեկյանը պատասխանեց այսպես. «Հիմա էլ ասում ենք` ժամանակը կգա, այդ մասին կհայտարարենք»: