Հուլիսի 21-ին, ժամը 13.10-ին, Բերդ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ բեկորային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Գոռ Փ.-ն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդման համաձայն՝ պարզվել է, որ նա վնասվածք ստացել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, նշված գյուղի «Զաղի ճամփի տակ» կոչվող տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս՝ Ադրբեջանի Հանրապետության հենակետից արձակված կրակոցից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն