ՀՀ նախագահի ու վարչապետի կանխատեսած 7 % տնտեսական աճը իրատեսական է, այսօր նման կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ նախարարության շենքում կազմակերպած ասուլիսի ժամանակ:
Նախարարը լրագրողների հետ հանդիպման էր ներկայացել իր 4-5 տեղակալներով: Այս անգամ պարոն Դավթյանը միայն լավատեսական ցուցանիշներ հրապարակեց` բացառությամբ տուրիզմի ոլորտի: Տուրիզմի ոլորտի պատասխանատուների հույսերը, կապված իրանցի զբոսաշրջիկների հետ, այս տարի չարդարացան, իրանցիները շուրջ 10 հազարով պակաս են եկել մեր երկիր՝ նախորդ տարվա 25 հազարի փոխարեն: Ինչն, ըստ փոխնախարար Արա Պետրոսյանի, պայմանավորված է Իրանում արտարժույթի իրարանցումով: Այս տարվա հունվար-մարտ ամիսների տվյալներով, զբոսաշրջիկների ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 9 %-ով նվազել է:
Նախարար Դավթյանը վստահեցրեց, որ արդեն աշնանը կգործի ազատ առեւտրի տնտեսական գոտին: 13,9 %-ով էլ ներդրումներն են աճել: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին 148.7 միլիոն դոլարի ներդում է եղել, որից ուղղակի ներդրումները կազմել են 89.3 միլիոն դոլարը:
Հարցին ի պատասխան, թե նախարարն ինչ կարծիք ունի պարապուրդի մատնված «Արարատ ցեմենտ» գործարանի մասով, պարոն Դավթյանը կոչ արեց դրա տակ քաղաքական ենթատեքստ չտեսնել եւ գործարանի չաշխատելը պայմանավորեց տեխնոլոգիական խնդիրներով. «Զուտ տնտեսական է, շուկայի գների, հումքի մատակարարման, համաշխարհային գների տատանումների խնդիրներ կան»:
Ինչ վերաբերում է Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի սահմանված ժամկետներից հետ ընկնելուն, ապա Արա Պետրոսյանն ասաց, որ դրա համար փոքր- ինչ խոչընդոտ է հանդիսանում այն, որ այդ ծրագիրը պիտի համապատասխանեցվի քաղաքի գլխավոր հատակագծին, ինչն արդեն արվում է:
Պարոն Դավթյանի ներկայացմամբ, 8 ընկերությունների ներդրումային ծրագրեր են հաստատվել, ինչի արդյունքում կստեղծվի 340 նոր աշխատատեղ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ