Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաիրավական բարեփոխումներ. Կստեղծվի այլընտրանքային պատիժներ կիրառող ծառայություն

Հուլիս 23,2012 13:46

Մարդասիրական տեսանկյունից անհրաժեշտ է ապահովել, որպեսզի ծանր, հիմնականում՝ անբուժելի, հիվանդություններ ունեցող դատապարտյալները  որոշակի մեղմացումների հնարավորություն ստանան:

Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, ՀՀ իրավական ու դատական բարեփոխումների 2012-16 թթ. բարեփոխումների ռազմավարական ծրագրում ընդգրկված է ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով ազատելու կարգը բարեփոխելու հարցը: «Թերևս պատժիչ միտումից պետք է անցում անել ռեսոցիալիզացիայի միտումին: Սա է ամբողջ գաղափարախոսությունը»,- ասաց փոխնախարարը, պարզաբանելով, որ դատապարտյալը մի կողմից պետք է կարևորի իր վերափոխումը,  մյուս կողմից պետք է հասկանա, որ  հնարավորություն ունի վերաինտեգրվելու հանրությանը, և ինքն այլևս  օտար չէ հանրության համար միայն այն պատճառով, որ սխալվել է: «Նա պետք է  հեռանկար ունենա, հեռանկարի բացակայությունն ուղղակիորեն հանգեցնում է հանցագործների վերարտադրությանը  քրեակատարողական համակարգում»,- ասաց արդարադատության առաջին փոխնախարարը, հավելելով, որ նաև ծանր հիվանդ դատապարտյալի համար պետք է հնարավորություն լինի, որպեսզի ինքը «պայմանական ասած՝  իր մեղքը քավի  նաև այլ, ոչ այնքան ծանր պայմաններում, ինչպիսին քրեակատարողական հաստատությունում պահվելն է»:

Բարեփոխումների ռազմավարական ծրագրում ընդգրկված է նաև ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքում քրեակատարողական ծառայությունից անկախ և  առանձին պրոբացիոն ծառայության ստեղծումը: Ծառայության հիմնական գործառույթն է լինելու այլընտրանքային պատիժների կիրառումը:

Գրիգոր Մուրադյանը այլընտրանքային պատիժների շարքում հիշատակեց, մասնավորապես,  հանրային աշխատանքները, որոնք ըստ էության ազատության որոշակի սահմանափակում են ենթադրում, բայց ոչ ազատազրկում:

«Մենք մտածում ենք նաև տնային կալանքի ինստիտուտի վերաբերյալ: Դեռ վերջնական եզրահանգումներ չկան, բայց,  ինչու չէ,  ըստ անհրաժեշտության նաև,  հավանաբար,  դա կնախատեսվի: Այսինքն՝  բոլոր այն դեպքերում, երբ առանց ազատության սահմանափակման քրեական հարկադրանքը նույն արդյունավետությամբ,  ինչ և  ազատության սահմանափակման պարագայում, հասնելու է իր նպատակին, անհրաժեշտ է նախընտրել այլընտրանքային միջոցները: Սա կնպաստի նաև որոշ չափով քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության նվազեցմանը»,- ասաց ՀՀ արդարադատության առաջին փոխնախարարը: Նա ընդգծեց, որ  այլընտրանքային պատիժների համակարգի հիմնական առանցքն այն է, որ ապահովվի ու լիարժեք կենսագործվի  Սահմանադրությամբ ամրագրված համաչափության սկզբունքը: «Եթե մենք սա ապահովում ենք, այս իմաստով բավականին մոտենում ենք ժամանակակից իրավական պետություններին»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031