Արաբական պետությունների լիգան կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարական ներկայացնել՝ խոստանալով ապահովել վերջինիս անվտանգությունը երկրից հեռանալու դեպքում: Արաբական պետությունների լիգայի նախարարները Քաթարի մայրաքաղաք Դոհայում կիրակի օրն անցկացված արտահերթ նիստի ընթացքում ափսոսանք են հայտնել Սիրիայում արյունահեղությունը դադարեցման ուղղված արաբական պետությունների և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի ձախողման կապակցությամբ:
Նախարարներն ասել են, որ Ասադը պետք է անմիջապես հրաժարական ներկայացնի, իսկ Քոֆի Անանի խաղաղության ծրագիրը կենտրոնանա անցումային կառավարման վրա: Նրանք խոստացել են նաև 100 միլիոն դոլար հատկացնել՝ Սիրիայից փախստականներին օգնություն տրամադրելու նպատակով, սակայն որևէ մանրամասն չեն ներկայացրել այն մասին, թե որտեղ պետք է բնակվի Ասադը հրաժարական ներկայացնելուց հետո:
Սիրիայի ակտիվիստներն այս ընթացքում հայտնել են, որ երկրի կառավարությանը հավատարիմ անվտանգության ուժերը ուղղաթիռների և հրասայլերի աջակցությամբ հարձակում են գործել Դամասկոսում գտնվող ապստամբների ուղղությամբ, իսկ ապստամբներն իրենց հերթին գրոհ են ձեռնարկել Սիրիայի ամենամեծ Հալեպ քաղաքում գտնվող կառավարական կառույցների դեմ:
Ակտիվիստների համաձայն, Դամասկոսի արվարձաններից ապստամբներին հեռացնելու նպատակով կառավարական ստորաբաժանումները կրակ են բացել ուղղաթիռներից և հրասայլերից: Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը հերքել է ուղղաթիռների կիրառումը: Գործակալության համաձայն, մայրաքաղաքում պահպանվում է «նորմալ» իրավիճակ, իսկ անվտանգության ուժերը քաղաքի փողոցներից վտարել են «ահաբեկիչների մնացորդները»:
Կարդացեք նաև
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան