Արցախի նախագահական ընտրություններում պարտություն կրած թեկնածու Վիտալի Բալասանյանի օգնական Հայկ Խանումյանն այսօր դժգոհեց Արցախի ընտրություններում դիտորդական առաքելության մեկնած հայ պատգամավորներից: «Արցախ եկող հայ պատգամավորներին էլ փող չտաք, այդ մարդիկ գալիս են՝ քեֆ են անում, նվերներ են ստանում, հետ են վերադառնում: Չգիտեմ՝ ինչ արեցին ընտրությունների ժամանակ, որովհետեւ այդ մարդկանցից ոչ մեկը չհանդիպեց շտաբի անդամներից որեւէ մեկին: Օրինակ Մհեր Շահգելդյանին՝ որպես քաղաքագետի, պետք է հետաքրքրեր ինչ է կատարվում այս երկում: Միգուցե բացի քեֆից ինչ-որ մեկին հանդիպեին, այլընտրանքային կարծիք լսեին: Ոչ Քոքոբելյանը, ոչ Բագրատյանը, ոչ Արմեն Ռուստամյանը ոչ մեկին չհանդիպեցին, Արցախը նրանց համար «Արմենիա» հյուրանոցի տեռասն է»,- մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Խանումյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի ներկայիս խորհրդարանում աճել են Արցախի տարածքները վերադարձնելու ցանկություն ունեցող պատգամավորները. «Անցյալ խորհրդարանում ամենաարցախամետ կուսակցությունը «Ժառանգությունն» էր: Այսօր լուրջ խնդիր ունենք, որովհետեւ խորհրդարանում այդպիսի պատգամավորների թիվը նվազել է: Այսօր տարածք հանձնող պատգամավորների թիվը շեշտակի աճել է: Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը Արցախի համար լուրջ մտահոգության առարկա է կամ այդ մարդիկ պետք է փոխեն իրենց դիրքորոշումը կամ անվտանգության առումով խիստ մտահոգիչ են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ