
«Կոնտեյներային քաղաք» անվանումը ստացած՝ Թուրքիայի հարավում գտնվող ճամբարի բնակիչ մի կին իր երեխայի հետ, 22 հուլիսի 2012թ.
Թուրքիայի անվտանգության ուժերը օդ են կրակել և արցունքաբեր գազ կիրառել՝ ցրելու Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանամերձ տարածքում գտնվող Սիրիայի փախստականների երկու ճամբարում տեղի ունեցած խռովությունները և բախումները:
Այսպես, թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, «Գազանթեփ» փախստականների ճամբարում գտնվող փախստականներն իրենց բողոքն են արտահայտել ճամբարում ազգությամբ թուրքմեն մոտ 1500 փախստականի տեղավորման կապակցությամբ: Բողոքը վերածվել է խռովությունների, որոնց ընթացքում սիրիացիները պատանդ են վերցրել Թուրքիայի ոստիկանության ծառայողներին՝ վերջիններիս մոտից խլելով զենքը, իսկ ճամբարի մուտքի մոտ փոխարինել թուրքական դրոշն իրենց դրոշով:
Ըստ պարբերականի, կիրակի օրը տեղի ունեցած խռովությունների մասնակիցները ցրվել են դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ ուժերի ծառայողների կողմից:
Խռովությունների պատճառով վնասվածքներ են ստացել առնվազն յոթ փախստական և ոստիկան:
Կարդացեք նաև
Թուրքիայում ներկայում գտնվում է Սիրիայից փախուստի դիմած ավելի քան 43 հազար մարդ:
Փախստականների միջև լարվածությունը գնալով աճում է, քանի որ ճամբարներում նկատվում է սննդի, ջրի և բնակարանների պակաս, իսկ ճամբարների գտնվելու վայրում ցերեկը ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի 40 աստիճանի:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան