Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունը

Հուլիս 23,2012 12:31

«Սա հերթական ահազանգն է, որ օր առաջ Գյումրին պետք է ազատվի այդ քաղաքապետից, այդ քաղաքապետի ընտանիքից, այդ քաղաքապետի կլանից»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու վարքագծին:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Վարդան Ղուկասյանը «սեփական դիմումի համաձայն» հրաժարվեց ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարի պաշտոնից եւ ակնհայտ դարձավ, որ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն այլեւս Վարդան Ղուկասյանին չի առաջադրի ու պաշտպանի՝ Ղուկասյանի ոչ պակաս սկանդալային որդին ավտոշարասյունով անցել էր Գյումրու քաղաքապետի պաշտոնում ԲՀԿ-ի կողմից առաջադրվելիք թեկնածու Սամվել Բալասանյանի տան մոտով եւ բղավել. «Չես վայելելու»:

Aravot.am-ը Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ կուսակցությունը չի՞ պատրաստվում դիմել իրավապահների օգնությանը՝ կանխելու համար հետագա զարգացումները, որոնք չեն բացառվում, նկատի ունենալով Վարդան Ղուկասյանի եւ նրա որդու համբավը: «Իհարկե սպառնալիք է եւ այն հնչել է բաց ու հրապարակային, հետեւաբար, ԲՀԿ-ի կողմից որեւէ մեկին դիմելու խնդիր չկա: Իրավապահները իրենք պետք է դրանով զբաղվեն»,- ասաց մեր զրուցակիցը հավելելով, որ, ցավոք, մեզանում հաճախ շատ չինովնիկներ տվյալ բնակավայրը համարում են իրենց սեփականությունը՝ «պապական իրենց փոխանցված ժառանգություն եւ ցանկացած այլ թեկնածուի կողմից դրսեւորվող հավակնություններն անկեղծորեն ընկալում են, որպես ոտնձգություն անձնական ժառանգության վրա»: Դրա վառ արտահայտությունը մեր զրուցակիցը համարում է հենց Գյումրու քաղաքապետին՝ իր հավակնություններով եւ «ոչ առողջ, ոչ ադեկվատ ամբիցիաներով»:

Տիկին Զոհրաբյանի կարծիքով այդ երեւույթը լրջագույն համակարգային խնդիր է, որը նաեւ համակարգային լուծում է պահանջում, իսկ կոնկրետ դեպքում, վստահ է, որ ինչքան շուտ Գյումրին ազատվի այդ կլանից, այնքան շուտ քաղաքը զարգանալու եւ շնչելու հնարավորություն կունենա:

Հանուն արդարության պետք է նկատել, որ ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանն էլ չի փայլում իր կուսակցական անցյալով, ինչը, բնականաբար արդեն իսկ շահարկվում է: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ԲՀԿ-ի համար դա խնդրահարույց եւ կաշկանդող հանգամանք չէ՞:  «Շատ ճիշտ օգտագործեցիք «շահարկել» բառը: Դրանք ընդամենը շահարկումներ են: Այդ շահարկումների ենթատեքստը, ուղղորդումները մեզ համար, բնականաբար, պարզ եւ ակնհայտ է: Սամվել Բալասանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն է եւ նա կատարել է կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը: Եթե կուսակցությունը որոշեր առաջադրել այլ թեկնածուի, Սամվել Բալասանյանը, բնականաբար, չէր առաջադրվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031