Մինչ հայ մարզասերները սպասում են հուլիսի 27-ին մեկնարկող ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների մրցելույթներին, մարզաշխարհում այս օրերին մեր մարզիկների մասնակցությամբ այլ իրադարձություններ էլ են կատարվում:
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեցին ազատ եւ հունահռոմեական ընբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունները, որոնցում մեր հավաքականները հաջող հանդես եկան: Ազատ ոճայինների պայքարում մեր տղաները նվաճեցին մեկ ոսկե եւ երեք բրոնզե մեդալ: Առաջին տեղ գրավեց Արման Խաչատրյանը, իսկ Մխիթար Գրիգորյանը, Հմայակ Աղաջանյանը եւ Ռազմիկ Պողոսյանը կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
Մեդալների ավելի հարուստ ավարով տուն վերադարձան հունահռոմեականները: Հավասարը չունեցան չեմպիոն հռչակված Վահե Սարգսյանն (42 կգ) ու Կարեն Ասլանյանը (58), երկրորդ մրցանակակիր դարձան Գեղամ Թորգոմյանն (60) ու Արմեն Հակոբյանը (69), իսկ Տարոն Դումոյանն (54) եւ Տիգրան Աբրահամյանը (63) բավարարվեցին երրորդ մրցանակային տեղով: Թիմային պայքարում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը գրավեց երկրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն Վրաստանի ընտրանուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ