ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ի նիստում, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա, ամփոփեց և արձանագրությամբ վավերացրեց ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության արդյունքները:
Առաջնորդվելով ԼՂՀ ընտրական օրենսգրքի դրույթներով և հիմք ընդունելով վերոնշյալ արձանագրությունը` ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության արդունքում բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների բացարձակ մեծամասնության քվեները ստանալու կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Բակո Սահակյանին համարեց ընտրված ԼՂՀ նախագահ:
Ըստ ԼՂՀ ԿԸՀ կայքէջի հաղորդագրության, ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը հանձնաժողովի անունից երախտագիտություն է հայտնել կենտրոնական, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին, միջազգային և տեղական դիտորդներին, լրագրողներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնի աշխատակիցներին, հասարակական կազմակերպություններին, Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության և հակահրդեհային անվտանգության ծառայությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կապի, էլեկտրամատակարարման և սպասարկման ոլորտների այն աշխատողներին, որոնք աջակցել են ընտրական հանձնաժողովներին` ԼՂՀ նախագահի ընտրության գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը երախտագիտություն հայտնեց նաև ԼՂՀ բոլոր քաղաքացիներին, որոնք ԼՂՀ Նախագահի ընտրության քվեարկությանը ակտիվ մասնակցությամբ մեկ անգամ ևս հավաստեցին իրենց նվիրվածությունը Արցախի պետականության կայացման և ժողովրդավարության հետագա զարգացման գործին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Նշենք, որ ԿԸՀ ամփոփիչ արձանագրության տվյալները նախնական արդյունքների արձանագրության համեմատ փոփոխություններ չեն կրել: Ըստ այդմ, ԼՂՀ 99227 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 72958-ը: Գործող նախագահ Բակո Սահակյանի օգտին քվեարկել են 47095, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի օգտին` 22967, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանի օգտին` 593 ընտրողներ: 2302 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը` 4:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն