Ամերիկայի երկու ամենահայտնի դեմքերի՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ փոփ երաժշտության դրոշակակիր Բեյոնսեի միջեւ մտերմություն չի կարող լինել:
Բեյոնսեը ճանաչված ռեփեր Jay-Z-ի՝ Շոնն Քորի Քարթերի, կինն է, իսկ Քարթերը լավ հարաբերությունների մեջ է հիփ-հոփ կոմպոզիցիաների ոչ պակաս հայտնի կատարող Քանյե Ուեսթի՝ Քիմ Քարդաշյանի ընկերոջ հետ:
Աստղերը հանդիպել են BET awards-ի միջոցառումներից մեկում, շփվել մոտ հինգ րոպե, հերթապահ ժպիտներ փոխանակել: Քիմն այդ ընթացքում հասցրել է Բեյոնսեին $ 5 հազար արժողությամբ ապարանջան նվիրել: Սակայն Քարդաշյանի առատաձեռնությունը Բեյոնսեին այնքան էլ չի ոգեւորել: Նրանց ընդհանուր ծանոթների համոզմամբ Բեյոնսեն կարծում է, թե Քիմը իր հետ մտերմանալ ցանկանում է միայն փառքի եւ դրամի նկատառումներով: Սակայն Քիմ Քարդաշյանն էլ պակաս համբավ չի վայելում աշխարհում: Նա Ամերիկայի, թերեւս, ամենահայտնի հեռուստաաստղն է եւ հարյուրավոր սրտեր է նվաճել: Նրա հետ ժամադրվել ցանկացել է անգամ Կրիշտիանու Ռոնալդուն, Քիմը երկու ամիս ամուսնական կյանքով ապրել է NBA-ի աստղ Քրիս Համֆրիսի հետ: Քարդաշյանը տաքարյուն է, կրքոտ ու կամակոր: Եվ նրան երկաթյա մկաններով ու երեք միավորանոց նետումներով գերել հնարավոր չէ: Մնում է սպասել, թե կամակոր գեղեցկուհուն կկարողանա՞ սանձել արվեստի ներկայացուցիչ Քանյե Ուեսթը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ