Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն երեք տարի է` չի լցվում այն դատարկությունը, որն իմ ներսում է »

Հուլիս 22,2012 17:59

«Նարինեին շատ էի հավանում: Դեռ մանկուց միասին ենք մեծացել, մի բակում խաղացել,  դպրոց հաճախել: Նրա  հանդեպ առաջին անգամ ինչ-որ բան զգացի, երբ եկա բանակից»,-Վահեն իր սիրո պատմություն այսպես է սկսում:  Նարինեն ապրում էր մեծ քույրիկի հետ, իսկ ծնողները մահացել էին, երբ նա դեռ պատանի էր: Նրա խնամքով զբաղվում էր քույրը, վերջինս էլ աջակցում էր Նարինեին ուսման հարցերում: Վահեի մայրը շատ էգոիստ եւ բռնակալ կին էր. «Մայրս հաճախ էր ասում, որ չի պատրաստվում տանը հարս ընդունել՝ խաթարելով իր երբեմնի հանգստությունը, եւ որ ես ստիպված եմ գլխիս ճարը տեսնել»: Վահեն աշխատում էր, բայց ստացած աշխատավարձը բավարար չէր ընտանիք կազմելու համար, թերեւս սա էր պատճառը, որ վերջնականապես չէր խնդրում Նարինեի ձեռքը. «Մայրս հաճախ էր ակնարկում, որ ամուսնանալու դեպքում ես կամ վարձակալությամբ պետք է ապրեմ, կամ ընտրեմ այնպիսի աղջիկ, ով  բնակարան կունենա, որն էլ իմ զայրույթի առիթ էր դառնում»: Վահեն գիտակցում էր, որ մոր խոսքերը բոլորովին էլ անցողիկ չէին, քանի որ իր մեծ եղբայրը անցել է նույն ճանապարհով: Եղբայրը ընտանիք էր կազմել եւ բնակություն հաստատել վարձակալությամբ տրվող տանը: Այսօր ունի երկու երեխա եւ միայն ամուսնությունից 11տարի անց Վահեի օգնությամբ (վերջինս իր աշխատավարձից գումար էր հատկացնում) վերջնականապես ձեռք է բերում սեփական բնակարան: « Նարինեն շատ համես աղջիկ էր եւ մեր ընկերության հինգ տարիների ընթացքում, երբեւէ չի հարցրել, թե մենք վերջապես երբ ենք ընտանիք կազմելու եւ միասին  ապրելու»,- պատմում է Վահեն: Որոշակի ժամանակ է անցնում եւ Նարինեի վերաբերմունքը կամաց-կամաց փոխվում է Վահեի նկատմամբ:  Նա սկսում է ավելի սառը թվալ եւ հեռավորություն պահել Վահեից. «Ես ոչինչ չէի հասկանում. նա էլ ոչինչ չէր ասում: Երբ մի անգամ շատ ստիպեցի, որ խոսի, ասեց, թե ինձ այլեւս չի սիրում եւ հեռու մնամ իրենից»: Վահեն երկար ժամանակ չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, թե Նարինեն այլեւս ոչինչ չի զգում իր հանդեպ: Նարինեն մի քանի տարի անց ամուսնանում է մեկ այլ տղամարդու հետ. «Հարսանիքի օրը  պատուհանից երբ  տեսա նրան  հարսանեկան զգեստով` անծանոթ տղամարդու թեւը մտած, մզգացմունքներս իրար խառնվեցին: Մի կողմից զգում էի, որ դեռ սիրում եմ, իսկ մյուս կողմից ուզում էի դուրս թռչել պատուհանից, բռնել կոկորդից ու ասել, որ ամբողջ սրտով ատում եմ իրեն եւ թե որքան դավաճան է նա»,- ասում է Վահեն: Մի քանի ամիս անց երբ Նարինեն հայրական տուն է վերադառնում, հանդիպում է Վահեին: Վերջինս, չդիմանալով հարցնում է, թե արդյոք այդքան փոքր է եղել նրա սերը իր հանդեպ եւ որ այդքան շուտ կարողացավ մոռանալ իրեն: Նարինեի պատասխանը  սկզբում զարմացնում, իսկ հետո զայրացնում է Վահեին. «Նա ասեց, թե մայրս իրեն ասել է, եթե տունը կգրանցես տղայիս վրա, կամուսնանաս, եթե չէ, ուրեմն ոչ մի դեպքում: Եվ եթե նա խելացի աղջիկ լիներ, կհասկանար, թե հինգ տարի շարունակ ինչու ընտանիք չէինք կազմում, որն էլ վիրավորել էր նրա աղջկական ինքնասիրությունը»: Մայրը չի հերքում, որ երբեւէ նման բան է ասել եւ Վահեի համար էլ էգոիստ մորից արդեն ամեն բան սպասելի էր. «Ես չեմ կարողանում ներել մայրիկին: Երեւի մի օր Աստված կների: Նա չի էլ գիտակցում, թե ինչ է խլել ինձանից եւ որ արդեն երեք տարի է` չի լցվում այն դատարկությունը, որն իմ ներսում է »:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031