Հերթական շաբաթն ու ֆեյսբուքյան հերթական քննարկումները: Ադրբեջանական հակերները այդպես էլ չեն դադարում իրենց հարձակումները հայկական կայքերի վրա: Այս անգամ էլ հարձակվել են gagiktsarukyan.am կայքի վրա: Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Ծրագրավորողներն աշխատել են այդ ուղղությամբ, ինչի շնորհիվ էլ կայքը այժմ նորմալ վիճակում է: Սա gagiktsarukyan.am կայքի վրա առաջին հարձակումն է:
Ադրբեջանական հակերների հաջորդ հարձակումը երկար սպասեցնել չտվեց: Կոտրել են նաև realnews.am կայքը: Կայքում տեղադրվել են հակահայ գրառումներ ու հակահայ կայքերի հղումներ:
Բացվել է նոր հայկական սոցիալական ցանց՝ yeresbook.com: Այս լուրը բնականաբար ֆեյսբուքում անուշադրության մատնվել չէր կարող. «Նախ սկսենք անունից, հերիք չի՞ նմանակենք, հերիք չի՞ ուրիշի ստեղծածը «մի քիչ ձևափոխենք» ու մերը դարձնենք: Հետո էլ ասում ենք տաղանդավոր ենք, ունակ ենք…բա ու՞ր մնաց մեր տաղանդը, չէ՞ որ եթե ուզում ենք լավը ստեղծել, ստեղծում ենք: Պետք չի անընդհատ հեծանիվ հայտնագործել, մի բան եթե արդեն կա, անպայման չի դրա «հայկականը» ստեղծել: Չեմ կարծում, որ ֆեյսբուքը արդեն այնքան վատ էր կատարում իր ֆունկցիաները, որ զգացվում էր Երեսբուքի կարիքը…», – գրել է ֆեյսբուքյան օգտատեր Մարիա Սարգսյանը, Նարինե Սեդրակյանն էլ հավելել է. «Ախր նոր սոց.ցանցը մարդկանց հետաքրքրելու համար մի լուրջ նոր բան պիտի բերի իր հետ, իսկ էս մեկի ստեղծողները նույնիսկ անուն հորինելու համար իրենց նեղություն չեն տվել»:
Ինչպես գրեթե յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ ևս ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք գալիս են այն եզրահանգման, որ ֆեյսբուքը պարզապես ժամանակի անիմաստ կորուստ է: «Ամեն մարդ ունի իր համոզմունքները, իր գաղափարներն ու իր աշխարհայացը, այդ իսկ պատճառով ֆեյսբուքում ժամերով բանավիճելը ընդամենը ժամանակի անխնա կորուստ է: Այս կամ այն հարցի կապակցությամբ գրի քո կարծիքը, կարդա դիմացինի գրած կարծիքը ու վերջ՝ գնա գործիդ…», – իր կարծիքն է հայտնել Արգիշտի Կիվիրյանը:
Տիգրանուհի Թասլակյան