Արդեն 5 տարի է, ինչ Տարոն Պապիկյանը զբաղվում է լուսանկարչությամբ: Եվ այսօր` հուլիսի 21-ին, «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնում կայացավ նրա` «Ազատություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Սա Տարոնի առաջին անհատական ցուցահանդեսն է, սակայն մինչ այս հասցրել է մասնակցել բազմաթիվ մրցույթների, ինչպես նաև «Անդոգմա» ցուցահանդեսին: Ինչպես ասում է Տարոնը` լուսանկարչությունը իր համար ոչ մասնագիտություն է, ոչ էլ զբաղմունք, լուսանկարչությունը նրա տարերքն է: Ցուցահանդեսին ներկայացված էր շուրջ 11 նկար, որոնցից յուրաքանչյուրն իր աֆորիզմն ուներ: Տարոնին բոլոր նկարներն էլ հոգեհարազատ են, սակայն կար մի նկար, որը նա առանձնացրեց, որակելով` ամենասիրելին: Նկարում պատկերված է երեխա, որը պատուհանից նայում է երկնքին, իսկ այնտեղ անձրևոտ եղանակ է: Նկարն ուներ հետևյալ աֆորիզմը` «Երևակայության ազատությունը քեզ կտա ամբոխներից տարբերվելու հնարավորություն»: Ինչպես նշեց Տարոնը` նոր ցուցահանդեսներ ևս լինելու են և Հայաստանում, և Հայաստանից դուրս. «Ընկերոջս հետ ուզում ենք Ամերիկայում նկարների ցուցահանդես անել և ոչ միայն հայ համայնքի համար, ուզում ենք անել այնպիսի ցուցահանդես, որը բոլորին կկանչի դեպի Հայաստան», – ասում է Տարոնը:
Տիգրանուհի Թասլակյան