Քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Գյումրիում ընթացող ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նիստը, որի ընթացքում նախապես գրված սցենարի համաձայն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինեցին Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանով: Այսուհետ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը կղեկավարի մի անձ, որը բավականին մեծ փորձ ունի ընտրական գործընթաց կազմակերպելու հարցում , նա նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորում էր Սերժ Սարգսյանի` Շիրակի մարզային նախընտրական շտաբը:
Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ՀՀԿ-ն ընկել է Վարդան Ղուկասյանի հետևից, ՀՀԿ-ական վերնախավը Վարդան Ղուկասյանից պահանջեց Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնը լքել սեփական դիմումի համաձայն` մնալով շարքային հանրապետական: Թե ինչպես կզարգանան հետագա դեպքերը, արդյոք Գյումրու քաղաքապետը դուրս կգա իշխող կուսակցության շարքերից ու քաղաքացիական նախաձեռնությամբ կառաջադրի իր թեկնածությունը, այս մասին նրա շրջապատից հնչող կարծիքները հակասական են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ