Հուլիսի 20-ին Աղավնաձորի ճամբարում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 4-րդ փուլն ամփոփող «Ես քո զավակն եմ Հայաստան» խորագրով գրական, երաժշտական երեկույթ: Ներկա էին Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), մշակույթի և արվեստի գործիչներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց երիտասարդներին և շնորհակալություն հայտնեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի մասնակիցների ծնողներին, ուսուցիչներին և նրանց համայնքների ղեկավարներին՝ երիտասարդների Հայրենիք այցի համար:
Արկադի Տեր-Թադևոսյանը ևս ողջունեց սփյուռքահայ երիտասարդներին` մասնավորապես նշելով, որ նրանք պետք է հպարտ լինեն ուժեղ և պաշտպանված Հայրենիք ունենալու համար և իմանան, որ նրանք են մեր Հայրենիքի ապագա անվտանգության երաշխավորները:
Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Նիկոսիայի (Կիպրոս) «Նարեկ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մագի Հալաջյանը` շեշտելով, որ «Արի տուն» ծրագիրը լիովին ծառայում է իր նպատակին և առաքելությանը:
Միջոցառմանը իրենց կատարումներով հանդես եկավ նաև «Հայկազունք» գուսանա-աշուղական համույթը և այն ավարտվեց Ճամբարային խարույկի մոտ:
Աղավնաձորի ճամբարում այս անգամ հյուրընկալվել էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 180 երիտասարդներ, որոնք վերադառնալով բնակության երկրներ` կտանեն իրենց հետ Հայրենիքի շունչը, մայր հողի ուժը և ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից: