Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եկեղեցին չշփոթենք հոգեւորականների հետ

Հուլիս 21,2012 13:33

Ինչպես արմատախիլ անել տգիտությունն ու քյարթուիզմը

Հայը հայ եկեղեցու անդամ է: Շատ ընտանիքներ կան, որտեղ տան անդամները տարբեր կուսակցության են անդամագրված, սակայն նրանք երեկոյան մեկ տանիքի տակ են հավաքվում, միասին են ընթրում եւ չեն դադարում ընտանիք լինելուց: Սա, կարելի է ասել, օրինակելի ընտանիքներից է: Իմ ասած հայ եկեղեցին հենց այդ ընտանիք հասկացության մեջ է տեղավորվում: Եթե կաթոլիկ հայը ասի, որ Ամենայն հայոց կաթողիկոսը իմ կաթողիկոսը չէ, նա իրավացի կլինի, նույնը վերաբերում է նաեւ հեթանոս, մորմոն, բողոքական, մահմեդական կամ աղանդավոր հային, բայց այն, որ մերը Հայ առաքելական եկեղեցին է, դրանում, կարծում եմ, տարաձայնություններ չպետք է լինեն: Մերն է, դրա համար էլ պետք է տեր կանգնենք մերին եւ թույլ չտանք, որ գառան մորթով մեր տնային գայլերը հոշոտեն մեզ:

Աշխարհի բոլոր հայերը մեկ ընտանիքի մեջ են, ուզեն թե չուզեն: Վստահ եմ, որ նույն համոզումը ունեն բազմաթիվ հայորդիներ, որոնց առողջ քննադատությունը հաճախ այլափոխված փորձում են ներկայացնել հասարակությանը՝ հոգեւորականների հասցեին հնչեցրած քննադատությունները վերագրելով եկեղեցուն: Եկեղեցին հոգեւորականներս չենք միայն, եկեղեցին ամբողջ ժողովուրդն է:

Ժամանակին երբ Վեհափառ Հայրապետը մեղադրվում էր այն պատճառով, որ, մեղմ ասած, խորը անտարբերությամբ էր արտահայտվել սարերում գտնվող հինավուրց մեր վանքերի մասին, կամ երբ քննադատվում էին կոնկրետ հոգեւորականների արարքներ, թեեւ տհաճությամբ, բայց ասվածը ընկալվում եւ հույս էր ներշնչում, որ քննադատվող անձինք կսթափվեն, զգոնություն ձեռք կբերեն եւ վերջապես ավելի նվիրված կծառայեն Աստծուն, ժողովրդին ու եկեղեցուն, այսինքն՝ այդպիսի քննադատությունները վստահաբար կարող ենք համարել կառուցողական եւ ազնիվ քննադատություններ:

Ցանկալի է, որ մտավորականները ակտիվ լինեն եկեղեցական կյանքում, կատարեն առաջարկություններ՝ եկեղեցական բարեփոխումների վերաբերյալ, արտահայտեն կարծիքներ, բայց այդ ամենը պետք է անել բարեկամաբար եւ հետեւելով բոլոր կանոններին, եւ ոչ թե աղանդավորական քայքայիչ մեթոդներով ու անցնելով քննադատական էթիկայի սահմանները, մանավանդ՝ երբ խոսքը վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, այսինքն՝ հայ ժողովրդին: Պետք է միշտ հիշել, որ եկեղեցին ժողովուրդն է եւ աշխարհի բոլոր հայերը, նույնիսկ մահմեդականություն ընդունած հայերը հայ եկեղեցու անդամ են:

Այլ բան է, որ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չափազանց հապաղում է սեփական սոցիալական հայեցակարգն ու կանոնադրությունը ստեղծելու եւ կյանքի կոչելու գործում, որն էլ կադրային ոչ հեռանկարային քաղաքականություն վարելու հիմնական պատճառն է հանդիսանում, եւ ինչի հետեւանքով էլ հայ եկեղեցին իր առաքելության մեջ գտնվելով հանդերձ՝ չի կարողանում թերեւս լիովին ու ամբողջությամբ իրականացնել իր առաքելությունը, բայց դա չի նշանակում, որ նա երբեք չի կարողանալու իրականացնել կամ այն իրագործելու ցանկություն չունի: Ես արդեն նշել եմ, որ կաթողիկոսի ցմահ ընտրված լինելն արգելակում է հայ եկեղեցու զարգացումը, այդ հանգամանքը ի վերջո կարող է անջրպետ առաջացնել եկեղեցու եւ ժողովրդի միջեւ, եւ եկեղեցին մեկընդմիշտ կարող է օտարվել ժողովրդից, ինչպես դա արդեն տեղի է ունեցել եվրոպական որոշ երկրներում, ուստի մեզ անհրաժեշտ են նոր կաթողիկոսական ընտրություններ, եւ այն անհրաժեշտ է լինելու յուրաքանչյուր յոթ տարին մեկ՝ անկախ նրանից, թե ով կամ ինչպիսին է լինելու կաթողիկոսը: Նոր ընտրությունները միշտ լավագույն առիթն են ստեղծելու գործող Վեհափառ հայրապետների համար կատարելագործելու եկեղեցու սոցիալական հայեցակարգն ու կանոնադրությունը, վերահաստատելու իրենց ազգընտիր լինելը, առիթ կստեղծի վերանայելու իրենց վերաբերմունքը մտավորականության հանդեպ եւ եկեղեցուց արմատախիլ անելու տգիտությունն ու քյարթուիզմը եւ, վերջապես՝ հնարավորություն կտա ազատ ու անկաշկանդ քահանայագործելու այն հոգեւորականներին, ովքեր ի վերուստ դրա կոչումն ունեն:

Տեր ՄԱՆՈՒԿ քահանա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

աստվածաբանության մագիստրոս

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031