Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային առաջին հզոր վարկավորման մեկնարկը տրված է

Հուլիս 21,2012 13:30

Հոբելյանական 2013 թվականին 80-ամյա Ազգային օպերային թատրոնը կունենա համաշխարհային վերջին ճիչով տեխնիկապես վերազինված բեմ:

Օպերային թատրոնների բեմերը ոչ միայն բարձրակարգ արվեստի օջախներ են, այլեւ հանդիսանում են տվյալ ժամանակի գիտատեխնիկական բարձրագույն նվաճումների տեսանելի կենտրոններ:

Բեմական-բեմադրական տեխնիկական հագեցվածությունը առաջին պահանջն է ինչպես բարձրարվեստ բեմադրություններ իրականացնելու համար, այնպես էլ ընդհանրապես բարձրագույն թատրոն համարվելու համար: Դա, բնականաբար, թանկ արժե բոլոր ժամանակների եւ բոլոր պետությունների համար: Օրինակ, Մոսկվայի Մեծ թատրոնի վերջին տեխնիկական եւ շենքային վերանորոգման համար ծախսվել է շուրջ 1 մլրդ դոլար, իսկ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի միայն բեմի տեխնիկայի վերանորոգման համար՝ 4,5 միլիոն ֆունտ ստեռլինգ: Հասկանալի է, որ նման ծախսեր ի վիճակի են իրականացնելու միջպետական, հատուկ վարկավորման, իսկ ամենից գործնական, ոչ պաշտոնական ընդունված ձեւը մեծահարուստների առանձնակի հոգածության առարկա լինելն է: Սովորաբար հայտնի կամ իրենց անունը չհրապարակող մեծահարուստներն են պահում օպերային թատրոնները: Օրինակ՝ Մարիինյան թատրոնը, ունենալով «ՎՏԲ բանկի» նման գլխավոր հովանավոր, «Սբերբանկ», «Գազպրոմ» եւ նույնիսկ արտերկրյա այլ ազդեցիկ գլխավոր գործընկերներ, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, ունի ազգությամբ հրեա, ռուսաստանաբնակ օպերասեր օլիգարխ, ով ոչ միայն սեփական ներդրումներ է իրականացնում թատրոնում, այլեւ «օպերային» կապեր հաստատելով տեղական եւ արտերկրյա հովանավորների հետ, կոորդինացնում է այդ հռչակավոր մշակութային օջախի ողջ ֆինանսական դաշտը: Այդ կուլտուրան մեզանում, իհարկե, չկա, բայց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը ունեցավ նշված կարգավիճակներից մեկը, այն է՝ հատուկ միջպետական վարկավորումով տեխնիկայի վերջին ճիչով կվերազինվի մեր օպերային թատրոնի բեմը, ընդ որում՝ այն նույն ավստրիական «Վաագներ Բիրոյի» կողմից, որը շուրջ 8 տարի առաջ իրականացրել է Մարիինյան թատրոնի վերազինումը:

«Առավոտն» իրեն թույլ չտվեց խորանալ ֆինանսական մանրամասների մեջ, միայն օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանից տեղեկացավ, որ բեմի վերազինումը Ավստրիա-Հայաստան միջկառավարական համաձայնագրի արդյունք է, որ ստորագրվեց վերջերս Ավստրիայի նախագահի Հայաստան այցի շրջանակներում: Ըստ մեր տեղեկությունների, սա միջպետական մշակութային վարկավորման առաջին ծրագիրն է: Մինչ այդ, իհարկե, եղել են «մշակութային» աջակցություններ, իսկ այս դեպքում գործ ունենք առաջին պրոֆեսիոնալ բարձրակարգ մասնագիտական ծրագրի հետ:

Մեզ հետ զրույցում պարոն Հովհաննիսյանը նշեց, որ աշխատանքներն իրականացնող վերը հիշատակված ավստրիական, ինչպես նաեւ գերմանական երկու՝ «Ստեյչ Թեք» ձայնային եւ «Իթիսի» լուսավորության կազմակերպությունների ցուցումներով գործն ավարտին կհասցվի հայաստանյան աշխատուժի օգնությամբ: Այս օրերին վերջիններիս ներկայացուցիչները Հայաստանում են ու ղեկավարում են նախապատրաստական աշխատանքները: Իսկ ծրագրի ավարտը նախատեսված է մինչեւ 2013թ. հունվարի 31-ը: Պարոն Հովհաննիսյանը հավելեց նաեւ, որ բեմի տեխնիկայի ժամանակակից վերազինման ծրագրի գաղափարը մշակույթի նախարարինն է, ասելով. «2008-ից սկսած՝ արեւմտյան տարբեր կազմակերպություններ են մեր թատրոնում կատարել հետազոտություններ, հանդես եկել առաջարկներով: Նրանց թվում էր նաեւ «Վաագներ Բիրոն»: Վերջին 5 տարիների ընթացքում այս կազմակերպությունն այնպիսի հետաքրքրություն ու սրտացավություն ցուցաբերեց, որ նրա՝ իբրեւ լիդեր հանդես գալու «մասով» երկմտելու տեղ չմնաց»: Թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանն էլ հայտնեց, որ ներդրվելիք նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա ներկայացումը կառավարել ընդհանուր վահանակով, որի մոտ գտնվող ռեժիսորի օգնականը միաժամանակյա կապ կունենա ներկայացման մեջ ընդգրկված տարբեր «ծառայությունների» հետ (նվագախումբ, մեներգիչներ, բալետային խումբ եւ այլն), մանրամասնելով. «Այստեղ առաջին պլան են մղվում ժամանակակից բարձրագույն տեխնիկային բնորոշ կառավարվող տեխնոլոգիաները: Ի վերջո թատրոնը կունենա ձայնագրման ստուդիա, հետագայում կթողարկենք CD-ներ, DVD-ներ»: Իսկ թե ովքեր են սպասարկելու նորագույն տեխնիկան, Կ. Հովհաննիսյանն ասաց. «Կազմակերպությունների առջեւ խնդիր է դրված Եվրոպայում հայ մասնագետների մեխանիզացիայի, լուսավորության եւ ձայնային սարքավորումների մասնագիտական ուսուցման հարցը»:

Զրույցին ներկա «Իթիսի» կազմակերպության ռեգիոնալ մենեջեր Արմին Քլոսին ուղղված հարցը՝ ի՞նչ վիճակում է շուրջ 80-ամյա թատրոնի այսօրվա տեխնիկական հագեցվածությունը եւ ի՞նչ երաշխիքներ կան, որ հուսախաբ չենք լինի, հետեւյալ հակիրճ պատասխանն ունեցավ. «Աշխատանքներում «Վաագներ Բիրոյի» եւ երկու կազմակերպությունների համագործակցությունը ամենամեծ երաշխիքն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031