Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ, սպասեք, Ձեր թղթերի հետ կապված խնդիրներ կան

Հուլիս 21,2012 13:28

Փախստականները դատարաններում մենակ են

«Հայտնում եմ, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում 2011 թվականի օգոստոսի 24-ին ընդունվել է որոշում՝ Ձեր փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին»:

Այդ գրությունը փախստականի կարգավիճակ ստացած Անդրանիկ Իսրայելյանին ուղարկվել էր այն ժամանակ, երբ արդեն իսկ կայացել էր որոշում՝ նրա փախստականի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ: Համաձայն ՄՊԾ կայացրած որոշման՝ Անդրանիկի 18 տարին լրացած չի եղել, երբ նրա հայրը եւ մայրն ընդունել են ՀՀ քաղաքացիություն՝ 2002 թվականին, որն էլ հիմք է դարձել կարգավիճակը դադարեցնելու համար: Անդրանիկը զանգել է ՄՊԾ, իրեն սկզբից պատասխանել են, որ կարգավիճակը հաստատող դիմումն արդեն պատրաստ է, այդուհետեւ լրացրել են՝ «Անդրանիկ, սպասեք, Ձեր թղթերի հարցում խնդիրներ են առաջացել»: Անդրանիկի մայրը շտապել է ՄՊԾ, եւ իրեն պատասխանել են, որ արդեն իսկ կայացրել են որոշում Անդրանիկի փախստականի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ: ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը պետք է վերահսկողություն սահմաներ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ, համաձայն որի՝ վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին պատշաճ ձեւով պետք է ծանուցվեր վարչական վարույթ հարուցելու մասին, սակայն ոչ մի ծանուցում չի եղել, եւ Անդրանիկը փախստականի կարգավիճակի դադարեցման մասին տեղեկացել է միայն արդեն իսկ կայացված ժամանակ:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարությամբ վարչարարության իրականացման համաչափության իրականացման եւ կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Վերը նշված նորմից հետեւում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ հանձնվում է առձեռն: Դա կատարվում է վարչական վարույթի մասնակիցներին օրվա, ժամի եւ վայրի մասին իրազեկելու կապակցությամբ: Անձին պատշած տեղեկացնելու ծանուցումը հնարավորություն է տալիս, որ նա լիարժեք իրականացնի իրավունքների պաշտպանությունը, ինչից որ զրկված է եղել Անդրանիկը: Ինչպես նշեցի, կարգավիճակը դադարեցնող որոշման մեջ հստակ գրված է, որ դադարեցվում է, քանի որ Անդրանիկի 18 տարին լրացած չի եղել, երբ ծնողներն ընդունել են ՀՀ քաղաքացիություն:

Նախ՝ ՄՊԾ որոշումը կայացրել են ուժը կորցրած օրենքի հիման վրա, որի խմբագրումը եղել է 2004 թվականի մարտի 3 -ին: Անդրանիկը 7 տարի շարունակ ունեցել է փախստականի կարգավիճակ եւ կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: Դադարեցումը եղել է միայն 2011 թվականին: ՄՊԾ որոշման հիմքում դրել եւ առաջնորդվել է ուժը կորցրած օրենքով, որը, սակայն, իրավունք չուներ անելու: Նախ՝ նշված հոդվածը չի սահմանում, որ փոփոխությունը եւ լրացումը տարածվում է նաեւ մինչ այդ ծագած իրավահարաբերությունների վրա եւ երկրորդ, եթե նույնիսկ տարածվեր, ապա չէր կարող հետադարձ ուժ տրվել անձի վիճակը վատթարացնող նորմին: Ասել է, թե յուրաքանչյուր օրենքի մեջ որեւէ փոփոխություն կամ լրացում կատարելուց օրենսդիրը նշում է կարգավորող իրավահարաբերությունների շրջանակը, ինչպես նաեւ, անցումային դրույթներում նշում է, թե արդյոք այդ նորմերը տարածվո՞ւմ են մինչ այդ ծագած իրավահարաբերությունների վրա, թե՝ ոչ: Անդրանիկի դեպքում փոփոխությամբ եւ լրացմամբ չի սահմանվել, որ նախատեսվող նորմերը տարածվում են մինչ այդ ծագած իրավահարաբերությունների վրա: ՀՀ յուրաքանչյուր ոք անձնագիր է ձեռք բերում 16 տարեկանում: Այդպես էլ Անդրանիկը՝ փախստականի կարգավիճակը հաստատող անձնագիրը ձեռք է բերել 16 տարեկանում: Փաստորեն, եթե առաջնորդվենք ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանի սահմանած նորմատիվներով, ապա յուրաքանչյուրն անձնագիր պետք է ձեռք բերի 18 տարեկանում, սպասելով, թե երբ կդառնան 18 տարեկան, որ համալսարան ընդունվեն, չէ՞ որ առանց անձնագրի ոչ մի գործարք չի արվում: ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները, ազատությունները: Ոչ ոք չի կարող ստանձնել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ իրավական այլ ակտերը հետադարձ ուժ չունեն: ՀՀ իրավական ակտերի մասին օրենքի  68-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, անձը պարտավոր չէ կատարել իրավաբանական ուժ չունեցող կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջները: Ստացվում է՝ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը Անդրանիկին զրկել է փախստականի կարգավիճակից եւ նրան թողել իրավական վիճակն առավելագույնս վատթարացնող վիճակում, քանի որ Անդրանիկն այժմ ֆիզիկապես գոյություն ունի, իսկ իրավաբանորեն՝ ոչ:

«Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ անձը դադարում է փախստական ճանաչվել, եթե նա

1. կամավոր կրկին ընդունել է այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր, կամ

2. կորցրած լինելով իր քաղաքացիությունը՝ կամավոր վերաստանձնել է այն, կամ

3. ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որեւէ այլ պետության քաղաքացիություն եւ օգտվում է այդ պետության պաշտպանությունից, կամ

4. կամավոր վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից մեկնել էր հետապնդման երկյուղի պատճառով, կամ

5. այլեւս չի կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին է, որովհետեւ այն հանգամանքը, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ, կամ

6. չունենալով քաղաքացիություն՝ ի վիճակի է վերադառնալ իր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ, կամ

7. անձնական պատճառներով այլեւս չի ցանկանում համարվել փախստական…

Փախստականին ՀՀ-ում տրամադրված ապաստանը դադարեցվում է, եթե նա հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում ՀՀ-ի ազգային անվտանգության համար կամ դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար:

Փախստականին ՀՀ-ում տրամադրված ապաստանը դադարեցվում է, եթե նա մեկնել է ՀՀ-ից եւ գտնվում է ՀՀ-ի տրածքից դուրս՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի գործողության ժամկետից հետո: Անդրանիկի փախստականի կարգավիճակի դադարեցման որոշման մեջ վերը նշվածներից ոչ մի մեկնաբանություն չի արձանագրվել, որից հետեւություն՝ ծնողների քաղաքացիություն ընդունելու փաստը հետեւանքային կապ չի ստեղծում Անդրանիկի կարգավիճակը դադարեցնելու համար: Անդրանիկը ծնվել է 1987 թվականին: 1989 թվականին ընտանիքի հետ միասին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթել է Հայաստան եւ հաշվառվել որպես փախստական, ստացել փախստականի վկայական, անդուհետեւ կոնվենցիոն ճամփորդական փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: Անդրանիկի բողոքարկումը գտնվում է վարչական դատարանի վարույթում: Չնայած, որ դատական վճիռն արդեն պետք է կայացած լիներ, սակայն վճիռը հրապարակելու փոխարեն՝ վերսկսվել է Անդրանիկի գործով դատաքննություն, որը կկայանա հուլիսի 21-ին, ժամը 17-00-ին, վարչական դատարանում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարչական դատարանում գերակշիռ են փախստականների կարգավիճակի հետ կապված գործերով հայցերը: Իսկ դատարաններում նրանք մենակ են:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031