Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինտերնետում Սյունիքի մասին քիչ բան կա

Հուլիս 21,2012 13:24

Մինչդեռ իտալացի փորձագետ Նադյա Պասկուալը տեղում պարզել է, որ Սյունիքի հարավը մեծ պոտենցիալ ունի էկոտուրիզմի զարգացման համար:

Այս համոզմանն է եկել իտալուհի Նադյա Պասկուալը՝ շրջելով Սյունիքի մարզում:

Նա ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Ձեռնարկությունների զարգացում եւ շուկայի մրցունակություն ծրագրի եւ Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում որպես կարճաժամկետ խորհրդատու պետք է ուսումնասիրեր տեղանքը եւ բացահայտեր տուրիզմի զարգացման հնարավորությունները՝ գնահատելով էկոտուրիզմի առկա ներուժը: Նշենք, որ Սյունիքի հարավը՝ պահպանվող տարածքների քանակով՝ արգելավայրերով, արգելոցներով ու ազգային պարկով, հանրապետությունում առաջինն է: Չնայած սրան, հայերս չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին: Փորձագետը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Սյունիք գալուց առաջ բավարար տեղեկատվություն չի կարողացել գտնել համացանցում Սյունիքի մասին, այնինչ այս մարզում մշակութային բացառիկ արժեքներ շատ կան: Իտալուհի փորձագետը հավաստիացնում է, որ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն իրենց պահպանվող վայրի բնությամբ ու գրավիչ տարածքներով էկոտուրիզմի զարգացման մեծ հեռանկարներ ունեն, որոնցից շատերի տեղը նույնիսկ հայ տուրիստները չգիտեն:

Նադյան մարզի առկա իրավիճակի՝ հյուրանոցների, սննդի, տեսարժան, պատմական վայրերի ու առաջարկվող երթուղիների մասին առավել հանգամանալից կանդրադառնա իր զեկույցում:

«Տուրիզմն արդեն զարգանում է Տաթեւում՝ Սյունիքի հյուսիսային հատվածում, բայց մարզի ավելի հարավային հատվածներին ավելի շատ պետք է ուշադրություն դարձվի: Այստեղ տուրիստներին գրավողը հարուստ բնաշխարհն է, վայրի բնությունը՝ կենդանական ու բուսական աշխարհով, պատմամշակութային վայրերը՝ Նորավանքը, Վահանավանքը եւ այլն: Նախքան Սյունիք այցելելս տեղեկացա, որ տուրիստները հետաքրքրված են քայլելով, հեծանիվով, ձիերով շրջելով: Այստեղ գտնվելու ընթացքում նկատել եմ, որ այս տարածքը ավելի հարմար է էկոտուրիզմի համար, դրա մեծ ներուժը կա այստեղ: Իհարկե, կան բաներ, որոնք պետք է զարգանան ու կատարելագործվեն, ճանապարհները բարեկարգվեն: Մայրուղին լավ վիճակում է, բայց երբ ուզում ես գնալ գյուղեր կամ տեսարժան վայրեր՝ ճանապարհները լավ վիճակում չեն: Մյուս բանը, որ պետք է կատարելագործվի, դա տուրիզմի տեղեկատվական ծառայություններն են՝ տեղեկատվական նյութերի, բրոշյուրների, քարտեզների առկայությունը, հաջորդը՝ բնակիչների շրջանում օտար լեզուներով հաղորդակցվելու կարողությունը բարձրացնելն է»,- ասում է Նադյա Պասկուալը: Նա վստահեցնում է, որ տուրիզմը կխթանի տեղական բիզնեսի, հատկապես մասնավոր սեկտորի՝ ընտանեկան բիզնեսի զարգացմանը:

Սյունիքի մարզում իրականացվող այս ծրագրի մեկ այլ բաղադրիչով վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն մարզի հյուրանոցային համալիրների, ռեստորանների աշխատակիցների, գիդերի համար: Դասընթացները կվարեն հավաստագրված դասընթացավարներ: Կսովորեցնեն հյուրանոցային գործի առանձնահատկությունները, հյուրանոցների, աշխատակազմի եւ սպասարկման որակի կառավարման հմտությունները, սննդի սպասարկման եւ անվտանգության սկզբունքները եւ այդ ոլորտին վերաբերող այլ առանձնահատկություններ:

«Շիկահող» պետարգելոցին սահմանակից Ծավ, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղերից 32 անհատական տների սեփականատեր արդեն ցանկություն են հայտնել մասնակցել վերապատրաստման դասընթացներին, որից հետո կձեւափոխեն իրենց տները, կբարելավեն պայմանները, որպեսզի իրենց տանը զբոսաշրջիկ ընդունեն:

Մեզ հետ զրույցում տիկին Նադյան ասաց. «Շատ հետաքրքիր տարածաշրջան է, բայց, դժբախտաբար, լավ բացահայտված չէ, եւ դա այն պատճառով, որ Երեւանից հեռու է դիտվում՝ որպես տուրիստական երթուղի, սակայն այստեղ շատ բան կա առաջարկելու տուրիստներին. պահպանված են տեղական ավանդույթները, բնակիչների վերաբերմունքն է բարյացակամ, հաղորդակցվելով տեղաբնակների հետ՝ դու քեզ որպես տուրիստ չես զգում, տեղացի մարդիկ ուրախ են քեզ տեսնելու ոչ թե որպես տուրիստի, այլ որպես մարդու, որովհետեւ նրանք հետաքրքրված են քեզանով եւ միաժամանակ պատմում են իրենց մասին. սա այն է, ինչը տուրիստը փնտրում է: Ճանապարհները բարեկարգվելուց հետո ավելի հեշտ կլինի, եւ տուրիզմի զարգացման հնարավորությունները կշատանան: Ես համոզված եմ՝ եթե մենք շատ լավ աշխատենք նաեւ Երեւանի տուր-օպերատորների հետ, նրանք շատ տուրեր կվաճառեն դեպի այս տարածաշրջան Եվրոպայից եւ աշխարհի այլ վայրերից եկած տուրիստներին, քանի որ գնալով աճում է պահանջարկը կայուն տուրիզմի եւ էկոտորիզմի»:

Տիկին Նադյայի խոսքերով՝ տուրիստների համար հետաքրքիր հանգամանք է, որ տեղանքը սահմանակից է Իրանին, ինչը շատ է գրավում եվրոպական զբոսաշրջիկներին:

«Առանձնահատուկ նկարագիր ունի Սյունիքը, սա այն տարածքներից է, որն ավելի հաճախ է պայքարել թշնամու դեմ, ինչը նույնպես ազդել է տեղաբնակ մարդկանց բնավորության վրա: Ես մեծ բավականություն ստացա այստեղ գալով, իսկ մինչեւ այստեղ գալս ես նույնիսկ գաղափար չունեի, թե որտեղ եմ գալիս»,- ասում է իտալացի փորձագետը: Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է տեսնում հանքարդյունաբերության ու տուրիզմի համատեղ զարգացումը հանքարդյունաբերական ձեռնարկություններով առատ Սյունիքի հարավում, տիկին Պասկուալը պատասխանեց, որ հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա թեեւ անզեն աչքով էլ նկատելի է, բայց, ըստ նրա, կան պահպանված, մաքուր տարածքներ, որտեղ պետք է կենտրոնացնել էկոտուրիզմը: Իսկ հանքարդյունաբերությունը պետք է իրականացնել բարեխիղճ եւ բնապահպանական նորմերին համապատասխան շահագործման եղանակով:

Նա կարծում է, որ ծրագիրը կզարգացնի տեղական համայնքները, ներդրումներ կարվեն, աշխատատեղեր կբացվեն այն մարդկանց համար, որոնք ոչ մի կապ չունեն հանքարդյունաբերության հետ. «Էկոտուրիզմը կարող է լինել եկամուտ ստանալու այլընտրանքային տարբերակ, այն կնպաստի տնտեսության բազմակողմանի զարգացմանը, մյուս կողմից՝ կխթանի տարածքների պահպանմանը»:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031