Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր է Վարդանը, չլինի՞ տրամադրություն չունի, դրա համար չի եկել»

Հուլիս 21,2012 13:22

Գյումրու քաղաքապետը այդպես էլ չմասնակցեց մեկ սենյականոց բնակարանների վիճակահանությանը

Երեկ Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադեւոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ 1 սենյականոց 640 բնակարանների վիճակահանությունը: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, շահառուները առանց չափազանցության միմյանց շալակ էին թռել: Պատճառն էլ այն էր, որ 600 հոգու համար նախատեսված դահլիճում հավաքվել էին մոտ 1700-2000 հոգի: Երկրաշարժից տուժած ամեն մի անօթեւան հարկ էր համարել իր համար պատմական այս իրադարձությանը ներկայանալ ոչ թե մենակ, այլ ազգուտակով, երեխաներով: Շատերն էլ ուղղակիորեն կռիվ էին եկել, օրինակ՝ քաղաքաշինության նախարարի դահլիճ ոտք դնելն ու մի ծեր կնոջ կռիվ սարքելը մեկ եղավ: «Ո՞ւր է քաղաքապետը, ինչո՞ւ չի եկել, ողբացի՝ լսող չեղավ, լացեցի՝ էլի լսող չեղավ, ես ձեզ ասում եմ, որ տղաս էդ կնկա պատճառով իրեն 5-րդ հարկից վայր է գցել, ինքնասպան է եղել, հիմա ինչո՞ւ եք էդ կնոջը բնակարան հատկացրել, ինձ՝ ոչ»,- բորբոքվել էր տիկինը: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության որոշ աշխատակիցներ թիկնապահների պես կանգնել էին բեմ տանող աստիճանների մոտ, որպեսզի մյուս բողոքավորներն էլ հանկարծ վերեւ չբարձրանան, հանգիստ թողնեն նախարարին: Այդուհանդերձ, նկատենք, որ բնակբաշխման ընթացքում գոհունակ մարդկանց գտնելը շատ դժվար էր: Կային մարդիկ, որոնք դժգոհում էին, թե երկրաշարժի ժամանակ կորցրել են 3, 4 սենյականոց բնակարան, սակայն հիմա ստանալու են մեկ սենյականոց: Ինչեւէ, նկատենք, որ Գյումրին երբեք այդքան մարդաշատ չէր եղել, բնակարան ստանալու համար հարազատ քաղաք էին վերադարձել աշխարհասփյուռ գյումրեցիները: Ինչպես կատակեց բնակբաշխման հանձնաժողովի անդամներից մեկը. «Մենք «Արի տուն» ծրագիրն եք իրականացնում, Սփյուռքի նախարարությունը այդ մենք ենք, տեսա՞ք՝ ոնց բոլոր գյումրեցիներին Ֆրանսիաներից ու Ռուսաստաններից մի քանի օրվա մեջ իրար գլխի հավաքեցինք»: Չնայած վիճակահանությունը ինքնին լարված պրոցես է, մարդիկ սրտատրոփ սպասում էին, թե ո՞ր հարկոււմ, ո՞ր թաղամասից է իրենց տուն հասնելու, այդուհանդերձ, իրենց դարդը թողած՝ ամբողջ ընթացքում փսփսում էին, թե ո՞ւր է Գյումրու քաղաքապետը, չլինի՞ քաղաքում շրջանառվող լուրերը ճիշտ են, Վարդանը տրամադրություն չունի ու չի եկել: Վիճակահանությանը մինչեւ վերջ մասնակցած պաշտոնյաները մեզ փոխանցեցին, որ քաղաքապետը այդպես էլ չի մասնակցել:

Նշենք, որ ի սկզբանե Գյումրիում խոսակցություններ էին պտտվում այն մասին, թե Անի թաղամասում տուն ստանալը մաղարիչով է, այստեղի նորակառույց բոլոր բնակարանները դեռ չհանձնած՝ արդեն իսկ տեր ունեն: Երեկ այս հարցը եւս ստացավ իր պարզաբանումը. ծեր կանանցից մեկին վիճակահանությամբ բաժին ընկավ մեկ սենյականոց բնակարան ոչ թե հեռավոր Մուշ թաղամասից, այլ 23 տարվա պատմություն ունեցող Անի թաղամասից: Տիկինը ուախությունից պետք է ուշաթափվեր: Դուրս եկավ դահլիճից՝ ճչալով. «Փառք քեզ, Տեր, աղոթքներս ապարդյուն չանցան, իմ սրտով, իմ ուզածով ինձ տվեցիր, մի փեշ փող տայի, Անիից տուն ստանալու հնար չէր լինի»: Մեկ այլ տիկին էլ, ով նոր էր վերադարձել Ռուսաստանից, անծանոթ էր հետերկրաշարժյան Գյումրիին, քիչ էր մնում հրաժարվեր Անի թաղամասում ապրելուց: Նրա մոտ այնպիսի տպավորություն էր, թե այդուհանդերձ՝ հեռավոր Մուշ թաղամասը շատ ավելի լավն է: Ինչեւէ, մոտ 6 ժամ տեւող վիճակահանությունն անցավ առանց լուրջ միջադեպերի՝ շնչահեղձությունների ու ուշաթափությունների: Նշենք, որ չնայած շնչելու օդ չկար, մեծ քանակությամբ ծերունիներ ոտքի վրա էին կանգնած, այդուհանդերձ՝ մարզային իշխանությունները չէին մտածել դրսում շտապօգնության մեքենա կանգնեցնելու մասին: Չնայած լարված վիճակ էր, այդուհանդերձ՝ ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադեւոսյանը ժամանակ գտավ լրագրողների հետ շփվելու: Քանի որ նախարարը հաճախակի էր տալիս երկրի նախագահի անունը՝ շեշտելով, որ աղետի գոտու բնակիչներին բնակարաններով ապահովելը ոչ միայն քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրն է, այլեւ երկրի նախագահի ու վարչապետի, լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ նորակառույց բնակարանները շահագործման կհանձնվեն նախագահական ընտրություններից առաջ, այդ պատճառով են ձգձգում: Նախարարը հավաստիացրեց, որ ձգձգումները ընդհանրապես կապ չունեն նախագահական ընտրությունների հետ, այլ կապված են բնակիչներին իրազեկելու հետ: «Քանի որ իրազեկման հետ կապված կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ով դեռեւս 2011 թվականին ավարտվել է շահառուների փաստաթղթեր ընդունելը, մենք լրացուցիչ փորձում ենք իրազեկել, որպեսզի մարդիկ իրենց փաստաթղթերը բերեն ներկայացնեն, իրենք չեն կարողանում բերել, փաստաթղթերը ժամանակին ներկայացնել, դա է խնդիրը, որ ձգձգվում է»,- ասաց նախարարը: Նա նաեւ ասաց, որ այս գործընթացը նախագահի ամենօրյա հսկողության տակ է գտնվում, հետեւաբար եւ ոչ մի բնակարան անօրինական չի հատկացվելու: Սամվել Թադեւոսյանի հաշվարկներով՝ 2011 թվականին արդեն իսկ հանձնվել է 1010 բնակարան, այսօր այդ թվին կավելանա 640-ը, որը կազմում է 1756 բնակարան: Ըստ նախարարի՝ կառավարությունը լրացուցիչ գումար է տրամադրել, եւ քաղաքաշինության նախարարությունը պետք է իրականացնի եւս 400 բնակարանի կառուցում, որը կավարտվի մինչեւ 2013 թվականի առաջին կիսամյակը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031