Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ իրենք մտնում են կոռուպցիայի մեջ, հետո բողոքում դրանից»

Հուլիս 21,2012 13:09

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հակակոռուպցիոն ՀԿ տնօրեն Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախանշած էվոլյուցիոն ճանապարհը կարող էր արդյունավետ լինել, եթե իրավապահ համակարգը հստակ արձագանքեր, օրինակ, «Վիզկոն» ՍՊԸ սեփականատեր Պավել Անդերսոնի վերջին կոռուպցիոն բացահայտումներին: Այլապես այդ էվոլյուցիան, ըստ փորձագետի, չի բերի ռադիկալ փոփոխությունների: 

«Առավոտ»– Կոռուպցիայի դեմ պայքարում առանձնացվում է երեք հիմնական բաղադրիչ՝ քաղաքական կամք, օրենսդրական բարեփոխումներ եւ հասարակության մասնակցություն: Ձեր գնահատմամբ՝ այս բաղադրիչներից ո՞րն է Հայաստանում ավելի թույլ, ինչի արդյունքում հակակոռուպցիոն պայքարն անարդյունավետ է:

Եղիշե Կիրակոսյան– Չեմ կարծում, որ այդ բաղադրիչներից որեւէ մեկի բացակայության պատճառով է թերանում հակակոռուպցիոն պայքարը: Եվ, իմ կարծիքով, այդքան էլ արդարացի չէ նշել, որ կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ չէ: Ես համաձայն եմ, որ մենք ունենք խնդիրներ, թերություններ եւ առաջին, եւ երկրորդ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ժամանակ, որոնք ցանկացած պետությունում, ցանկացած ռազմավարության մեջ առկա են: Որովհետեւ այս ոլորտը, որտեղ մենք սկսել ենք բարեփոխումները, խնդրահարույց է: Օրինակ՝ կոռուպցիոն հանցագործությունների քրեականացումը, քաղաքացիներին ծառայությունների մատուցման բնագավառում, մասնավորապես՝ պետական ռեգիստրի բարելավումները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը, էլեկտրոնային հարկային հաշվետվությունների, էլեկտրոնային գնումների համակարգի կիրառումը եւ շատ-շատ այլ քայլեր, որոնք կատարվել են վերջին երկու-երեք տարիների ընթացքում, վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը հենց նույն ռազմավարության հիման վրա իրականացրել է հստակ քայլեր, որոնք միտված են կոռուպցիայի նվազմանը որոշակի բնագավառներում: Եվ հենց նաեւ այդ բնագավառներում հաջողություններ կարելի է տեսնել, չեմ կարծում, որ դրանք անտեսանելի են: Բնականաբար, թերացումներ կան, որոնք մենք հաշվի ենք առնելու հետագա ծրագրի իրականացման մեջ:

«Առավոտ»– Պարոն Հոկտանյան, որքանո՞վ են Ձեզ համար տեսանելի կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության արձանագրած հաջողությունները: Եվ եթե այդպիսիք կան, ինչպես ներկայացրեց պարոն Կիրակոսյանը, ապա այդ դեպքում ինչո՞ւ է միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի դիրքերը գնալով ավելի վատանում:

Վարուժան Հոկտանյան– Հակակոռուպցիոն պայքարի բաղադրիչների մեջ մենք խնդիր ունենք օրենքի միատեսակ կիրարկման եւ գերակայության հետ: Որովհետեւ թե առաջին, թե առավել եւս՝ երկրորդ հակակոռուպցիոն ռազմավարության մեջ բավականին լավ շարադրված են միջոցառումները, բավականին լավ ծրագիր կա, եւ ես էլ հետեւելով դրա իրականացմանը՝ կարող եմ ասել, որ կոռուպցիայի կանխարգելումը՝ օրենսդրական ակտերի ընդունման մասով, վատ չէ: Խնդիրն այն է, որ կոռուպցիայի մակարդակը չափելն ուղղակիորեն հնարավոր չէ: Եվ դա փորձում են անել կոռուպցիայի ընկալման միջոցով, որը հստակ կապ ունի կոռուպցիայի մակարդակի հետ: Այլ հարց է, թե որքանով է կոռուպցիայի ընկալումը համապատասխան մակարդակին: Պարոն փոխնախարարը ճիշտ նշեց, որ բավականին քայլեր արվել են՝ հիմնականում օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Իհարկե, կան լուրջ ինստիտուցիոնալ խնդիրներ, մասնավորապես այն, որ չստեղծվեց հատուկ մարմին, որը կկոորդինացներ Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի իրականացումը: Դա էլ ինչ-որ չափով հանգեցրեց այն բանին, որ ծրագիրն արդյունավետ չկատարվեց: Եվ, իհարկե, խնդիր էր քաղաքացիական հասարակության իրական ներգրավվածությունը ծրագրի մեջ, որը եւս չարվեց:

Բայց ամենամեծ խնդիրը միեւնույն է՝ օրենքների կիրարկումն է, մենք կարող ենք շատ լավ օրենքներ ընդունել, որոնք մնում են թղթի վրա: Եվ եթե հարցնենք բնակչությանը, նրանք կասեն, որ շարունակում են հանդիպել կոռուպցիոն երեւույթների:

«Առավոտ»– Ըստ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների հայաստանյան մասնաճյուղի կողմից կոռուպցիայի ընկալման վերաբերյալ անցկացված վերջին հարցումների՝ կոռուպցիան որպես մեր կյանքի իրողություն է ընկալում հարցվածների 65 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ 2008-ին այդպես էր կարծում հարցվածների 51 տոկոսը: Ինչո՞վ եք բացատրում հանրության մոտ հակակոռուպցիոն պայքարի հանդեպ վստահության նման անկումը:

Ե. Կիրակոսյան– Իմ ընկալմամբ՝ հասարակության մեջ կոռուպցիայի նկատմամբ տոլերանտությունը ավելի արմատավորվում է, որն ինքնին նպաստում է կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության նվազմանը: Պետությունը միայնակ՝ առանց հասարակության աջակցության, ի զորու չէ կոռուպցիան ամբողջապես արմատախիլ անել: Դա պետք է արվի հասարակության աջակցությամբ, որը պետք է նույնպես անհանդուրժող լինի այդպիսի երեւույթների հանդեպ: Բայց ես, որպես քաղաքացի, շատ դեպքերում իմ շփումներում նկատում եմ, որ բնակչության մոտ կոռուպցիայի նկատմամբ, նույն կաշառք տալու երեւույթի հանդեպ շատ տոլերանտ եւ նորմալ վերաբերմունք է դրսեւորվում: Այ դա է նաեւ պատճառը, որ կոռուպցիայի դեմ պայքարում մենք չենք կարողանում լուրջ հաջողությունների հասնել: Մարդիկ իրականում իրենք մտնում են կոռուպցիայի մեջ, հետո էլ բողոքում դրանից:

«Առավոտ»- Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ վերջերս ամերիկահայ գործարար, «Վիզկոն» ՍՊԸ սեփականատեր Պավել Անդերսոնը հանդես եկավ հրապարակային բացահայտումներով այն մասին, որ հարյուր հազարավոր դոլարների կաշառք է տվել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին ու նրա տեղակալին, նաեւ տասնյակ դատավորների, սակայն այս աղաղակող փաստով ՀՔԾ-ն քննություն չսկսեց՝ դրա համար ներկայացնելով բավականին ոչ համոզիչ հիմնավորումներ:

Ե. Կիրակոսյան– Կոնկրետ դեպքի մասով չեմ կարող մեկնաբանություն անել, որովհետեւ մանրամասներին այդքան էլ ծանոթ չեմ: Սակայն միանշանակ պետության կողմից պետք է լինի հստակ վերաբերմունք, որը վստահ եմ կա եւ ապագայում կավելանա:

Վ. Հոկտանյան– Դա ցույց է տալիս իրական քաղաքական կամքի փաստորեն բացակայությունը:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին Վ. Հոկտանյանի եւ ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանի «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031