Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրիգոր Մուրադյան. «Կալանքը չպետք է դառնա համատարած կիրառվող խափանման միջոց»

Հուլիս 21,2012 12:26

Ներկայումս Հայաստանում ընթանում են  իրավական և դատական բարեփոխումներ՝ 2012-2016թթ. ռազմավարական  ծրագրի հիման վրա: Այդ ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մասին է «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցազրույցը ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Գրիգոր Մուրադյանի հետ:

– Ինչո՞վ է տարբերվում բարեփոխումների այս փուլը և ի՞նչ կոնցեպտուալ խնդիրներ է լուծում:

– Այս փուլը նախորդների շարունակությունն է մի կողմից, մյուս կողմից այն տարբերվում է համակարգային քայլերի առավել ամբողջականությամբ, առավել ընդգրկմամբ և բոլոր ուղղություններով ռազմավարական նպատակներին համապատասխան միջոցառումների ձեռնարկման նպատակադրմամբ: Այս ռազմավարությունն արդարադատության հետ որևէ աղերս ունեցող բոլոր բնագավառներում նախատեսում է իրականացնել բարեփոխումներ՝ գերխնդիրը Հայաստանում անկախ, արդյունավետ, արդար արդարադատության համակարգի ապահովումն  է: Սակայն բարեփոխումները վերաբերվում են ոչ միայն բուն արդարադատություն իրականացնող մարմիններին, այլ, եթե նկատել եք,  նաև դատախազությանը, փաստաբանական կորպուսին, նախատեսվում է  նաև հանրային ռեգիստրների վարման համակարգի էական կատարելագործում, ըստ էության այնպիսի ծառայությունների, որոնք ուղղակիորեն առնչվում են  քաղաքացիների շահերին և որտեղ առաջանում են կոռուպցիոն ռիսկեր: Այս ռազմավարությունը աչքի է ընկնում նաև կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու հնարավորինս արդյունավետ միջոցների նախատեսմամբ:

Ռազմավարությունը կոչված է ապահովելու նոր փոփոխված Սահմանադրության արժեհամակարգին հարիր դատական իշխանության համակարգը՝ լայն իմաստով՝ ներառյալ նաև դատախազությունը, որն ըստ մեր Սահմանադրության, դատական իշխանության մաս է:

Հիմնական քայլերը կարող եմ բնութագրել հետևյալ կերպ՝ դատական իշխանության ինքնակառավարման, ինքնավարության ապահովում,  դատարանների, դատավորների ինքնակառավարման մարմինների միջև հավասարակշռության ապահովում, ինչը ենթադրում է, որ դատավորների մեծամասնությունը պետք է կարողանա լուծել իրենց վերաբերող առանցքային հարցերի գերակշիռ մասը: Ներկայում այդ հարցերի լուծմամբ օժտված է Դատարանների նախագահների խորհուրդը, այսինքն՝  առանցքային դերակատարություն ունեն համակարգում դատարանների նախագահները: Սակայն այն չի ապահովում բոլոր դատավորների ներկայացվածությունը, բավարար չափով չի երաշխավորում դատավորների իրավահավասարությունը, որովհետև, ինչպես գիտեք, դատարանի նախագահը որոշակի հավելյալ լիազորություններով օժտված դատավոր է՝ ոչ ավելին, սակայն նաև ոչ պակաս:

Այդ իմաստով մենք կառուցակարգային և գործառութային խնդիր ենք լուծելու, դրանով և  նաև մի շարք այլ քայլերով կապահովվի դատավորների, դատարանների նախագահների ու վերադաս դատավորների  ներքին անկախությունը, կուժեղացվեն այդ անկախության երաշխիքները՝ օրենսդրական ու գործնական մակարդակներում:

– Եթե չեմ սխալվում 1998թ. հռչակվեց, որ պետք է քայլեր ձեռնարկվեն դատարանում մրցակցային դատավարության սկզբունքը զարգացնելու ուղղությամբ: Այն ժամանակ և դրանից հետո դատարանը որոշակի, մասնավորապես, փաստաբանական շրջանակների կողմից, գնահատվում էր որպես «դատախազության կցորդ»: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է իրերի իրական վիճակն այսօր, որքանո՞վ  է արտացոլվում մրցակցության սկզբունքը մեր դատական պրակտիկայում:

– Իրականում մրցակցային սկզբունքը կարևորվում է հիմնականում քաղաքացիական դատավարության շրջանակներում: Ներկայիս քրեական դատավարության նոր հայեցակարգով որոշակիորեն պետք է ապահովվի քրեական արդարադատության շրջանակներում՝ այստեղ խնդիրը փոքր-ինչ  այլ է, որպեսզի քրեական արդարադատությունը ձերբազատվի մեղադրական միտումից, որը, պետք է փաստենք, առկա է քրեական արդարադատությունում:

Այդ նպատակով մի շարք համակարգային քայլեր արդեն իսկ նախատեսված են մշակված  քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում: Մասնավորապես, այդ քայլերն են՝  կալանքը որպես խափանման միջոց կիրառելու բացառիկության ապահովումը, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է ավելի մեղմ միջոցներ կիրառել, կալանքը չպետք է նշանակվի: Իհարկե, կարող են լինել առանձին բացառություններ առանձնապես ծանր հանցագործությունների մասով, մյուս դեպքերում՝ կալանքը չպետք է դառնա համատարած կիրառվող խափանման միջոց: Դրանով իսկ որոշ չափով մեղադրական ուղղվածությունը կմեղմվի՝ առայժմ օրենսդրական մակարդակով:

Ինչ վերաբերում է այլ քայլերին, ապա նախատեսված է ազատազրկմանը այլընտրանքային պատիժների համակարգ և  սրա կիրառման միասնական պրակտիկայի մշակում: Այդ ուղղությամբ նույնպես պետք է քայլեր ձեռնարկվեն նոր քրեական դատավարության օրենսգիրքն ընդունելուց հետո, այդ և այլ քայլերի համակցությունը պետք է հանգեցնի նրան, որ քրեական դատավարությունը ձերբազատվի այսօր առկա մեղադրական միտումից, հնարավորինս դժվարացնի, պարզ լեզվով  ասեմ՝ դատավորի համար քրեաիրավական հարկադրանքի  ծայրահեղ, ամենածանր միջոցների կիրառումը՝ սկսած  ծանր խափանման միջոցից, ինչպիսին է կալանքը և վերջացրած դատապարտելով՝ ազատազրկմամբ:

Այս տեսանկյունից պետք է ապահովվի Սահմանադրության մեջ ամրագրված համաչափության սկզբունքը՝ նաև պատիժների ընտրության հարցում, այսինքն՝ եթե հնարավոր է ընտրել ավելի մեղմ միջոց, քան ամենածանր հարկադրանքի միջոցն է, նույնպիսի արդյունավետ միջոց պետք է ընտրվի ավելի մեղմ միջոցը: Դա ուղղակիորեն սահմանադրական պահանջ է, որը ներկայումս անհրաժեշտ է, որպեսզի կենսագործվի: Այդ տեսակետից  որոշակի մրցակցություն կլինի նաև մեղադրող ու պաշտպանական կողմերի միջև, նախատեսվում է նաև հզորացնել, ընդլայնել փաստաբանի, պաշտպանի կողմից ապացույցներ հավաքելու, ապացույցներ ներկայացնելու հնարավորությունները:

– Բոլորս ոչ վաղ անցյալում ականատես եղանք փաստաբանների ընդվզմանն ընդդեմ Վճռաբեկ դատարանի: Ռազմավարական ծրագիրը ի՞նչ լուծումներ է տալիս փաստաբանների բարձրացրած խնդիրներին և ընդհանրապես ի՞նչ է նախատեսում ռազմավարական  ծրագիրը Վճռաբեկ դատարանի գործառույթների, այդ թվում՝ օրենքների միատեսակ կիրառման գործառույթի առումով:

–  Ռազմավարության մեջ ուղղակիորեն նախատեսված են քայլեր, որոնք պետք է հնարավորինս հստակեցնեն վճռաբեկ բողոքների հիման վրա անցկացվող վարույթը Վճռաբեկ դատարանում: Այդ քայլերը վերաբերվում են թե՛ վճռաբեկ բողոքի բովանդակությանը, թե՛ ձևական ու այլ պահանջներին: Ըստ էության, այդ հարցում անհրաժեշտ է հստակեցում՝ ուսումնասիրելով լավագույն միջազգային փորձը և հիմնվելով մեր սահմանադրական ավանդույթների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի վրա, անհրաժեշտ է հստակեցնել այդ ընթացակարգը, ապահովել բավարար կանխատեսելիություն գործ վարույթ ընդունելու՝ Վճռաբեկ դատարանի որոշումների համար: Մյուս կողմից դա ենթադրում է, որ այդ որոշումների պատճառաբանական մասը պետք է ընկալելի լինի առնվազն գոնե դատավարության մասնակիցների, ինչու չէ, նաև հանրության համար:

Սակայն, ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանն այն ատյանը չէ, որ ներկայացված բոլոր գործերը պետք է վարույթ ընդունի, դա փաստի դատարան չէ, իրավունքի դատարան է: Ընդ որում, իր սահմանադրական գործառույթն է՝ ապահովել իրավունքի միատեսակ կիրառում: Ըստ էության, այդ գործառույթն ինքնին բացառում է բոլոր գործերի մեխանիկական ընդունումը դատարանի վարույթ: Սա նաև կհանգեցնի Վճռաբեկ դատարանի այնպիսի գերծանրաբեռնվածության, որն էապես  կանդրադառնա նրա գործունեության արդյունավետության վրա: Այստեղ անհրաժեշտ է գտնել հավասարակշռություն՝ մի կողմից, որպեսզի գոնե այս սրությամբ նման վեճեր չառաջանան, ապահովվի Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում ամրագրված պահանջների լիարժեք կատարումը, որոնք արդեն իսկ արտացոլվել են փոփոխված ու լրամշակված մի շարք օրենքներում: Մյուս կողմից պետք է ապահովվի Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական այդ կարևոր գործառույթը որպես մի ատյան, որ առավել կարևոր հարցերով պետք է զբաղվի, ըստ էության և ոչ թե բոլոր գործերով:

Դատական սխալները պետք է ուղղվեն այդ գործառույթի շրջանակներում և ոչ թե ինքնին, ինչպես մյուս փաստի ատյանների պարագայում է, օրինակ՝ Վերաքննիչ դատարանի:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031