Aravot.am-ի ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, այսօր ՀՀԿ-ն գումարելու է Շիրակի մարզային խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուի պաշտոնում մնալ-չմնալու հարցը: Քանի որ Գյումրու քաղաքապետը, շրջանցելով կուսակցության դիրքորոշումը , հայտարարել էր , որ ուզում է նորից առաջադրել իր թեկնածությունը, ուստիև ՀՀԿ-ական վերնախավը որոշել է նրան պատժել: ՀՀԿ-ն մտադրված է այդ պաշտոնում նշանակել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ, հանրապետական Սահակ Մինասյանին, ով նախագահական ընտրությունների ժամանակ Շիրակի մարզում գլխավորում էր Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը:
Ըստ մեր տեղեկությունների, Վարդան Ղուկասյանին գահընկեց անելու նպատակով այսօր Գյումրի է ժամանելու նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ժամանակին բավականին մտերիմ հարաբերություններ ուներ քաղաքապետի հետ: ՀՀԿ-ական մեր աղբյուների փոխանցմամբ, իշխող կուսակցությունը մտադրված է Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար պաշտոնապես սատարել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը, ով արդեն իսկ ձեռք է բերել նախագահ Սերժ Սարգսյանի դաբրոն: Մենք այս տեղեկատվությունը փորձեցինք ճշտել նաև Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանից, ով ըստ էության չհերքելով ու չհաստատելով, խնդրեց իրեն դիմել մի քանի ժամից, ՀՀԿ նիստի ավարտից հետո:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ