Երեկ տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների դատավճռի հրապարակումը, որով Կոնգրեսի երիտասարդները դատապարտվեցին բավական խիստ ժամկետներով ազատազրկման՝ 2-6 տարի:
Խոսքը վերաբերում է նախորդ տարի ամռանը Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին, երբ Կոնգրեսի մի քանի ակտիվիստներ բախվեցին ոստիկանների հետ: Ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը մինչև այժմ կալանքի տակ է, և նրան էլ հենց բաժին է հասել ամենախիստ պատիժը՝ 6 տարվա ազատազրկում: Դատարանի այդ որոշումները իսկական շոկ են առաջացրել հասարակության շրջանում:
Բանն այն է, որ նախ` տեղի ունեցած միջադեպը ամենևին այն ծավալների և մասշտաբի չէր, որ նման խիստ վերաբերմունք ենթադրեր, ու բացի այդ էլ` կայացված դատավճիռը սպառնում է ըստ էության բավական լարել քաղաքական իրավիճակը երկրում: Հայ ազգային կոնգրեսն արդեն իսկ իրավիճակը գնահատել է և հայտարարել, որ դատարանի որոշումը Հայաստանը վերստին դարձրեց քաղբանտարկյալներ ունեցող երկիր:
Այն, որ դատարանը որոշում է կայացրել իշխանական հրահանգով, գրեթե ոչ ոք չի կասկածում, և այդ իսկ պատճառով որոշումից հետո առաջացած տարակույսը հենց այդ է՝ ինչո՞ւ իշխանությունն այդքան խիստ գտնվեց` գնալով իրավիճակի լարման:
Կարդացեք նաև
Սա վկայում է այն մասին, որ կա՛մ իշխանությունն իրեն ներկայումս չափից շատ ինքնավստահ է զգում և պարզապես վրեժխնդիր է լինում այն երիտասարդներից, որոնք իրենց համարձակությամբ և պայքարով տևական ժամանակ լուրջ խնդիրների առաջ էին դնում իշխանությանը, կա՛մ էլ պարզապես մենք ականատես ենք լինում ներիշխանական համակարգում որոշակի քաոսային իրավիճակի, երբ կայացվում է մի դատավճիռ, որը քաղաքական առումով բացարձակապես պետք չէ իշխանություններին և անհարկի սրելու է իրավիճակը, որն առանց այդ էլ սրված է վերջին շրջանի մի քանի իրադարձությունների և առաջին հերթին, բնականաբար, «Հարսնաքար»ի ողբերգությունից հետո:
Համենայնդեպս, երևի թե կարելի է արձանագրել, որ հարցը դեռևս փակված չէ, և կարող են լինել նոր զարգացումներ, որոնք միգուցե կօգնեն առավել ճշգրտորեն հասկանալ իշխանությունների շարժառիթները այս գործում: Չի բացառվում նաև, որ կայացված դատավճիռը ներկայումս ունի հասարակական ակտիվությունը ինչ-որ ձևով մեղմելու նպատակ՝ քաղաքացիներին ցույց տալով իշխանության ինքնավստահությունն ու ուժը: Մյուս կողմից, սակայն, այդ ուժի ցուցադրումը կարող է շատ ավելի վատ անդրադառնալ իշխանության վրա, որովհետև հազիվ թե Հայաստանում ակտիվ հանրությունը ներկայումս այնպիսին է, որին հնարավոր է վախեցնել անգամ ազատազրկման սպառնալիքով: Այդ իմաստով դատարանի որոշումը շատ ավելի ունակ է հասարակության համար պայքարի նոր խթան հանդիսանալու, քան առկա ակտիվությունը զգուշավոր կերպով նվազեցնելու:
«Ժամանակ»