Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ստեղծվում է նոր իրավիճակ

Հուլիս 21,2012 10:34

Արցախի նախագահական ընտրությունների ընթացքը եւ արդյունքները, մեր հարցերին ի պատասխան, գնահատում է ԼՂ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը

-Ընդհանուր առմամբ, եթե համեմատելու լինենք հայաստանյան ընտրությունների հետ, այստեղ ընտրական գործընթացն ավելի հանգիստ է անցել։ Իհարկե, խախտումներ եղել են, ինչի մասին Բալասանյանի շտաբը հայտարարել է, նաեւ դիմում-բողոք է ներկայացրել ԿԸՀ։ Ընտրությունների արդյունքներն ընդհանուր առմամբ կարելի է գոհացուցիչ համարել՝ այն առումով, որ այլընտրանքային թեկնածուն բավական բարձր վստահության քվե է ստացել։
Ամենակարեւորը՝ որ եղել են մրցակցային ընտրություններ։ Սա, կարծում եմ, Արցախի ժողովրդավարացման գործընթացի հերթական վկայությունը կլինի, որ միանշանակ բարձրացնելու է մեր վարկանիշը միջազգային հանրության առջեւ։
Երկրորդ՝ վերջապես ԼՂՀ խորհրդարանում կծնվի քաղաքական ուժ, որը կլրացնի ընդդիմության թափուր տեղը, առաջ կքաշի տարբեր ծրագրեր, նախաձեռնություններ եւ կփորձի դառնալ հակակշիռ գործող իշխանություններին, ինչը նոր թափ կհաղորդի հասարակական, քաղաքացիական ինստիտուտների կայացմանը եւ զարգացմանը։
Այսինքն՝ տեղի է ունենում երկուստեք օգտակար գործընթաց՝ ե՛ւ մեր միջազգային վարկանիշի բարձրացման, ե՛ւ Արցախի ժողովրդավարական իմիջի ձեւավորման, ե՛ւ ներքին զարգացումների տեսանկյունից. այս ընտրություններով գործընթացը չի վերջանում, հակառակը՝ դառնում է նոր սկիզբ ժողովրդավարական նոր զարգացումների համար։
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ դուք եւս մասնակցելու եք այդ նոր ընդդիմադիր ուժի ձեւավորմանը։
-Ճիշտն ասած, այդ մասին դեռ չեմ մտածել։ Ընտրություններին նախորդող ժամանակահատվածում մենք աշխատում էինք եւ մտածում էինք միայն հաղթանակի մասին։ Ընտրությունների արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել Արցախի քաղաքական կյանքում, եւ ժամանակ է պետք վերջնական ինչ-որ որոշումների հանգելու համար։ Բալասանյանը արդեն հայտարարել է քաղաքական նոր կառույց ստեղծելու մտադրության մասին, եւ լրիվ ունի դրա իրավունքը՝ ունենալով ժողովրդի մի ստվար հատվածի աջակցությունը։
-Եթե զուգահեռ անցկացնենք նախորդ ընտրությունների հետ, որին նաեւ դուք էիք մասնակցում, որպես այլընտրանքային թեկնածու, ի՞նչ դինամիկա կարող ենք արձանագրել։
-2007թ. ընտրությունները առաջին այլընտրանքային ընտրություններն էին, որտեղ եղել է լուրջ մրցակցություն, եւ այլընտրանքային թեկնածուն զգալի աջակցություն է ստացել՝ արժանանալով ընտրողների մոտ 12,5 տոկոսի վստահությանը։ Ինքս մասնակցել եմ այս քարոզարշավին, պաշտպանել եմ Վիտալի Բալասանյանի թեկնածությունը եւ կարող եմ ասել, որ որոշակի առումով մեր միավորումը նպաստել է նրան, որ փոփոխությունների օգտին քվեարկած քաղաքացիների թիվը գրեթե եռապատկվել է։
-Ձեր կազմակերպությունը դիտորդական առաքելություն իրականացրե՞լ է։
-Ոչ, մենք նման առաքելություն չունենք։ Բացի դրանից, քանի որ աջակցել եմ Բալասանյանի ծրագրին, ցանկության դեպքում անգամ չէի կարող հավակնել անկողմնակալ դիտորդի դերին։
Հետո, մեր կազմակերպությունն իրավունք չունի ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվելու. պետք է լինի հստակ տարանջատում՝ կա՛մ քաղաքական կազմակերպություն ես, կամ հասարակական։ Դրա համար ես որպես անձ եմ մասնակցել քարոզարշավին, չնայած աջակցությունը եղել է հանրային։
-Միջազգային կազմակերպությունների արձագանքի մասի՞ն ինչ կասեք։ Չե՞ք կարծում, որ ԼՂՀ ընտրությունների «իրավական հետեւանքները չճանաչելու» մասին հայտարարությունները զուտ արարողակարգային բնույթ են կրում։
-Կարելի է այդպես ասել։ Իսկապես, միջազգային կառույցների, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները մեղմացել են։ Աշխարհը, միջազգային հանրությունը կարծես սկսում է հասկանալ, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի, եւ կամաց-կամաց համակերպվում է այդ մտքի հետ։ Խորհրդարանական ընտրություններից հետո էլ այդ միտումը նկատելի էր, եւ սա եւս մեկ վկայություն է, որ միջազգային կարծիքը սկսում է հաշվի նստել իրողությունների հետ։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031