Հատված «Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարին 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանի հարցազրույցից:
– Պարոն Շահնազարյան, փաստորեն Դուք որոշեցիք ՀԱԿ-ից դուրս գալու մասին չխոսել մինչև ԱԺ ընտրությունների ավարտը, լռել Ձեր հիմնական դրդապատճառների մասին: Ինչո՞ւ եք այդպես վարվել: Ի վերջո, հասարակությունը իրավունք ուներ իմանալու, ժամանակին ինչո՞ւ չեք զգուշացրել այն վտանգների մասին, որոնց վերաբերյալ արդեն խոսեցիք տարբեր լրատվամիջոցներով, որպեսզի նույնիսկ այդ 7 տոկոսը, որ ՀԱԿ-ը ունի հիմա ԱԺ-ում, չստանար, և հասարակությունն էլ հնարավորինս ավելի բաց աչքերով իր ընտրությունը կատարեր, և այդ դեպքում թերևս մենք այսօր այլ պատկեր կունենայինք:
– Երկու պատճառով դա չեմ արել: Առաջինը`զուտ անձնական պատճառով, և անկեղծ լինեմ՝ գուցե դեռ երկար ժամանակ ներքաղաքական հարցերի շուրջ չխոսեի, եթե ընտրություններից հետո չլիներ այն մտածելակերպի շարունակությունը, որը ՀԱԿ-ում ձևավորվել էր ընտրություններից շատ առաջ: Երկրորդ պատճառը. երբ նավը 180 աստիճան շրջադարձ է կատարում, ուղևորներից շատերին թվում է, թե իրենք դեռ նույն ուղղությամբ են շարժվում, թվում է, թե դեռ շարժում կա ճիշտ ուղղությամբ, և նրանք հավատով են լցված: Սա նույնպես անձնական պատճառ է, որովհետև անձնական պատասխանատվություն ունեի նաև մեր շարժման հազարավոր մարդկանց նկատմամբ, պատասխանատվություն էի զգում Սարյանի արձանի մոտ հավաքվող բազմության առջև, որն այս տարիների ընթացքում տառապել է: Այդ մարդկանց մի մասին այսօր էլ թվում է, թե ինչ-որ շարժում կա, որը բխում է հասարակության, այլ ոչ թե ԲՀԿ շահերից: Այսինքն՝ այն ժամանակ կարող էի հասկացված չլինել: Ինչ վերաբերում է, թե դրանով կարող էի կանխել ՀԱԿ-ի 7 տոկոս ձայն ստանալը, ապա բացառված է: Անկախ ամեն ինչից՝ ՀԱԿ-ը պետք է լիներ խորհրդարանում, այլապես ներկայիս իշխանությունների համար անհնար կլիներ միջազգային հանրությանը ներկայացնել, որ ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին համապատասխան: Իմիջիայլոց, մի առիթով ես կենտրոնական գրասենյակում ասացի` միևնույն է, Սերժ Սարգսյանը 7 տոկոս տալու է, անհանգստանալու կարիք չկա: Այսօր էլ կան ազնիվ մարդիկ, որոնց համար ՀԱԿ-ի քաղաքականության անսխալությունը դոկտրինա է: Բայց ժամանակը ամեն ինչ ցույց է տալիս, և մարդիկ սկսում են հասկանալ այն վտանգը, որն առկա է մեր պետության ու հասարակության համար: Վտանգ ասելով` նկատի ունեմ այն ծրագրերը, որը փորձում էին իրագործել ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը` միասնական շտաբում:
– Այ, հենց այդ մասին էլ ուզում էի հարցնել: Այդ եռանկյունին՝ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ, կարծես իրար երկրորդելով հիմա խոսում է ընդդիմադիր միասնական թեկնածուի մասին՝ չբացառելով միասնական թեկնածուին պաշտպանելու հնարավորությունը: Նախ՝ դաշտում ունե՞նք ընդդիմադիր թեկնածու:
Կարդացեք նաև
– Շատ հետաքրքիր համեմատություն էր` եռանկյունի անվանելը. դիտարկենք որպես եռանկյունի: Առաջինը, որպես եռանկյունի, դա հավասարակողմ եռանկյունի չէ, դա նույնիսկ հավասարասյուն եռանկյունի չէ, որտեղ երկու կողմերն են իրար հավասար: Ակնհայտ է, որ այդ եռանկյունու անկյուններից մեկը բութ անկյուն է, բութանկյուն եռանկյան մեջ ամենակարևոր դերը հենց կատարում է բութ անկյունը: Հետաքրքրության համար կարելի է հաշվել. բութ անկյունները 90 աստիճանից մեծ պետք է լինեն մոտ 130-135 աստիճան, ես նկատի ունեմ` ԲՀԿ-ի պատգամավորների թիվը, որոշիչը ԲՀԿ-ն է:
– Իսկ ընդդիմադիր միասնական թեկնածո՞ւն:
– Առաջինը ՀՅԴ-ն հստակ հայտարարել է, թե ով է լինելու իր միասնական թեկնածուն:
– Ինչը չի հերքվել:
– ՀՅԴ-ն ասել է, որ իր թեկնածուն Ռ. Քոչարյանն է, դա չի հերքվել, ավելին` չէր էլ կարող հերքվել: Երկրորդ՝ ակնհայտ չէ՞, որ դա պիտի լինի ԲՀԿ թեկնածուն: Ահա ուժերի հարաբերակցությունը` որոշիչ անկյունն է որոշելու, թե ով է լինելու միակ թեկնածուն: Տվյալ դեպքում նույնիսկ կարևոր չէ՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է լինելու, թե՞ ոչ, դա լինելու է այն թեկնածուն, որը կառաջադրվի ԲՀԿ կողմից: Միաժամանակ, նաև ակնհայտ է, որ ԲՀԿ-ն չի որոշելու, թե ով է լինելու իր թեկնածուն: Այստեղ խոսքը Քոչարյանի մասին չէ, քոչարյանիզմն է, որը այսօր քաղաքական դաշտում էապես վերակենդանացվել է և մեծ դեր է կատարում հենց Կոնգրեսի ջանքերի շնորհիվ: Ավելացնեմ նաև՝ թող որևէ հույս չունենան, որ այդ եռյակը, եթե նույնիսկ ծնի միասնական թեկնածու, դա կլինի ընդդիմադիր թեկնածու: Ի՞նչ ընդդիմադիր միասնական թեկնածու… Անվանեք` օլիգարխիայի թեկնածու, բայց մոռացեք` «ընդդիմադիր թեկնածու» ձևակերպումը:
– Պարոն Շահնազարյան, ՀԱԿ-ը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, որ նա իշխանության հետ չունի այսօր այն կապը, որ ունեցել է նախկինում:
– Թույլ տվեք մի փոքր մանրամասն անդրադառնալ այդ հարցին, որովհետև դա շատ կարևոր հարց է: Քիչ առաջ ես ասացի, որ ամեն քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է որոշակի մտածելակերպ, և այդ մտածելակերպում` արժեքների տարբեր գերակայություն: Վերջերս երկու հայտարարություն եղավ ԲՀԿ կողմից: Առաջինում ասվեց, որ ԲՀԿ-ն գործում է իր խղճի և բարոյականության սահմաններում: Սա ուղղակի հրահանգ էր` ուղղված եռանկյանը, այսինքն` ԲՀԿ-ի և խղճի սահմաններում պետք է լինեն ձեր գործողությունները: Նույն գործելաոճն էր «Հարսնաքարի» լսումների հետ կապված, երբ ասացին՝ պարոնայք, մենք ենք որոշում՝ երբ պետք է լինեն արտահերթ լսումներ: Երկրորդ հայտնագործությունն այն էր, որ ԲՀԿ-ն «ինտելեկտուալ կապիտալ ունեցող» կուսակցություն է: Ցանկանում եմ նշել, որ այդ կապիտալը արդեն որոշակիորեն ազդել է Կոնգրեսի փաստարկների վրա: Ես ուզում եմ այդ փաստարկների մասին խոսել, թե` «Գ. Ծառուկյանը օլիգարխ չէ»: Եկեք չմեղանչենք ճշմարտության առաջ, այդ նախադասությունը Կոնգրեսի ներկայացուցչի կողմից չի հնչել: Փորձեմ բառացի հիշել, թե ինչ է ասվել: Ասվել է հետևյալը, օլիգարխները նրանք են, ովքեր օգտվում են իշխանության միջոցներից, լծակներից կամ հենց ներկայացնում են իշխանությունը: Գիտեք, օլիգարխիայի մասին շատ սահմանումներ կան, ամեն պետություն փորձում է իր սահմանումը ունենալ: Ես նույնիսկ պատրաստ եմ այդ սահմանումը ընդունել, որը իրականում թերի է: Քանի որ ասվեց, որ Ծառուկյանը իշխանություն չէ, հետևություն անենք, որ օլիգարխ չէ: Որ Գ. Ծառուկյանն այսօր էլ տիրապետում է իր բոլոր մենաշնորհներին` փաստ է, ներառյալ անպատժելիության մենաշնորհը: Կարող են հակադարձել, թե ինքը ընդդիմություն է, իշխանության համար պրոբլեմներ է ստեղծում: Գիտեք, պարտադիր չէ լոյալ լինել տվյալ իշխանությանը՝ օլիգարխ լինելու համար, որովհետև օլիգարխները պահպանվում են պետության, պետական իշխանության կողմից: Ուրեմն այստեղ հետևյալ եզրակացությունն է՝ կա՛մ նա իսկապես Հայաստանի պետական իշխանության կողմից պահպանվում է, կա՛մ էլ, որը շատ ավելի հավանական է, ԲՀԿ վրա ուրիշ պիտակ է խփված`պաշտպանվում է այլ երկրի իշխանության կողմից: Հայաստանի նման երկրում դա հնարավոր է, նման օլիգարխի մենաշնորհներին խփելը իշխանության կողմից, որքան էլ իշխանությունը ուզենա, կարող է հանգեցնել այնպիսի արտաքին քաղաքական բարդությունների, որին կարող է Հայաստանի ոչ մի իշխանություն չգնալ: Հետևաբար`Գագիկ Ծառուկյանը սովորական շարքային օլիգարխ չէ, նա սուպերօլիգարխ է: Ես վստահ եմ, որ ՀԱԿ-ում այս ամենը հստակ գիտակցում են: Պետք է նաև ավելացնեմ, որ ԲՀԿ ինտելեկտը ազդել է նաև այն արգումենտների վրա, որը բերվել է ՀԱԿ կողմից: