Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղը զրկվում է գոյության միջոցից

Հուլիս 20,2012 23:09

Բարեկամավան գյուղը Տավուշի մարզի ամենահեռավոր, սահմանամերձ գյուղն է, այն Նոյեմբերյանից գտնվում է 37, մարզկենտրոն Իջեւանից` 60կմ հեռավորությամբ: Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել. 1980-ական թվականներին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, հիմա գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 35 երեխա: Միջնակարգ դպրոցի շենքն էլ շատ վատթար վիճակում է,այն կարիք ունի նորոգման:

ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը 2010 թվականը հայտարարել էր Բարեկամավանի տարի: Դրա շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ գյուղում մի քանի տասնյակ հեկտար աշնանացան ցորեն ցանվեց, որի բերքը բաժանվեց բարեկամավանցիներին: Գյուղը շարունակեց մնալ իր բազում հոգսերի հետ. խմելու ջրի, արոտավայրերի պակաս, ոռոգման ջրի, բնական գազի, աշխատատեղերի բացակայություն եւ այլն:

Հուլիսի 16-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Տավուշ մարզ իր այցելության ընթացքում եղել է Բարեկամավանում: Տավուշի մարզպետարանի կայքը տեղեկացնում է . «Ա.Գեւորգյանը եղավ սահմանամերձ Բարեկամավան համայնքում, որտեղ շահագործման է հանձնվել համայնքի խմելու ջրագիծը`բարելավելով երկու թաղամասի ջրամատակարարումը: Աշխատանքներն իրականացվել են հրատապ երկրորդ ծրագրով հատկացված 20 մլն դրամով: Նախատեսվում է նաեւ համայնքն ապահովել գազամատակարարմամբ. հրատապ երրորդ ծրագրով գազատարի ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքների համար կհատկացվի 6.2 մլն դրամ: Համայնքում բարձրացվեց վթարային դպրոցի ամրացման եւ համայնքային կենտրոնի շենք ունենալու հարցը: Քննարկվեցին դպրոցի սեյսմակայունության բարձրացման, վերանորոգման, ինչպես նաեւ առկա շենքային պայմաններում համայնքապետարանի տեղակայման հնարավորությունները»:

«Առավոտի» թղթակցին զանգահարած բարեկամավանցի տրակտորիստ Հրաչիկ Վիրաբյանը խիստ անհանգստացած էր: Նա ասաց, որ խոսում է գյուղամեջից, ուր հավաքված են զայրացած համագյուղացիները: Հ. Վիրաբյանը հայտնեց, որ կառավարության որոշմամբ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական պահուստային հողերը խոշորացվել են: Այդ կերպ Շլորկուտ սարում գտնվող, Բարեկամավանի կողմից օգտագործվող 120 հա խոտհարքը տրվել է Ջուջեւան համայնքին:

Բարեկամավանցիները ասում են, որ գյուղում խոտհարք եւ արոտավայր գրեթե չի մնացել, որ Բարեկամավանում սահմանային դիրքերի կառուցապատման ժամանակ իրենք կորցրել են եղած արոտավայրերն ու խոտհարքները: Շլորկուտ սարում այդ 120 հա խոտհարքը բարեկամավանցիներին հնարավորություն էր տալիս իրենց անասունների համար ձմռվա կեր կուտակել: Հրաչիկ Վիրաբյանը եւ մյուս բարեկամավանցիները մտահոգ են, որ ինչ-որ մի անհատ կամ ընկերություն կարող է երկարաժամկետ պայմանագիր կնքել եւ 20-25 տարով վարձակալությամբ վերցնել Շլորկուտ սարում գտնվող 120 հա խոտհարքը: Նրանք այդ մտահոգությունը հայտնել են գյուղ այցելած Արմեն Գեւորգյանին: Վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցել, որ բարեկամավանցիները կադաստրային գնից կրկնակի էժան գնով կարողանան սեփականաշնորհել այդ խորհարքները:

Փոխվարչապետի մեկնելուց հետո , հաջորդ օրը ճշտվել է, որ Շլորկուտ սարում 1 հա խոտհարքի սեփականաշնորհման գինը կազմում է 2000 դոլարին համարժեք գումար: Բարեկամավանցիները ապրելով ծանր կենսակերպով` մի կերպ լուծում են օրվա հացի խնդիրը: Նրանք ասացին, որ չեն կարող նույնիսկ դրա կեսը, հեկտարի հաշվով 1000 դոլարին համարժեք գումար մուծել, խոտհարքները սեփականաշնորհել:

-Եթե այդ 120 հեկտար խոտհարքը «մեր ձեռքից ընկնի», Բարեկամավանը որպես գյուղ կվերանա,- համագյուղացիների անունից ասաց Հրաչիկ Վիրաբյանը:

Ադրբեջանն իր սահմանամերձ գյուղերի համար կենցաղային լավ պայմաններ է ստեղծում, դրանց բնակիչներին զանազան արտոնություններ շնորհում, իսկ մեր սահմանագոտու բնակիչներն ապրում են հոգսերի տակ կքված: Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի թիկունքը գյուղացին է , որ գյուղացին արտագաղթի, ի՞նչ է լինելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031