Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ ոստիկանների օգտագործված լինելու մասին. «Եթե ասեմ, որ շատ լուրջ եմ վերաբերվում՝ իհարկե ոչ, բայց հումորով էլ չենք վերաբերվում»

Հուլիս 20,2012 18:48

Պարբերաբար ընդդիմության կողմից հնչում են մեղադրանքներ, որ ոստիկանությունն օգտագործվում  է գործող ռեժիմի կողմից, որ ծառայում է ոչ թե ՀՀ քաղաքացուն, այլ միայն Սերժ Սարգսյանին ու իր ռեժիմին, որ շարքային քաղաքացին կարող է զուտ իր քաղաքական հայացքների համար ոստիկանների միջոցով պատժվել:

Մասնավորապես, ՀԱԿ ակտիվիստների հետ կապված մեղադրանք եղավ, որ տուժած ոստիկանները, որոնք վստահեցրել էին, թե ՀԱԿ ակտիվիստը պոկել էր իրենց քիթը, ականջը՝ ցուցմունք տալուց դատարան ներկայանում էին քթով եւ ականջով: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում այդ մեղադրանքներին, որ ոստիկանությանը վերապահվել է օգտագործվողի դեր՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը հրավիրած ասուլիսում պատասխանեց. «Եթե ասեմ, որ շատ լուրջ եմ վերաբերվում՝ իհարկե ոչ, բայց հումորով էլ չենք վերաբերվում: Ցանկացած նմանատիպ հայտարարություն, դիմում, բողոք մեզ մոտ ստանում է իրավական գնահատական, ուսումնասիրվում է համապատասխան ծառայությունների կողմից եւ կազմվում է եզրակացություն՝ ոստիկանության ղեկավարությանը զեկուցելու համար: Դա շատ ցայտուն  երեւաց հատկապես ընտրությունների ժամանակ, երբ նման մեծ, համապետական միջոցառման ժամանակ ցանկացած տեղեկատվություն, ցանկացած ահազանգ, որ ի սկզբանե հայտնի էր, որ ապակողմնորոշելու նպատակ ունի, մեր կողմից ստուգվում էր եւ շատ արագ տրվում էր մասնագիտական, ձեր լեզվով ասած՝ online սպառիչ պատասխան: Ինչ վերաբերում է մտքին, որ իրենք տարբեր հայտարարություններ են անում, բայց ներկայանում են ֆիզիկապես առողջ, սա էլ նոր երեւույթ չէ: Ուղղակի մերկապարանոց խոսքեր ասելով եւ մեղադրելով, ցանկացած ծառայության ներկայացնելուց առաջ խնդրում եմ եւ կոչ եմ անում լինել խոհեմ, մեզ հետ խոսել օրենքի լեզվով: Մենք պատրաստ ենք ցանկացած քաղաքացու պաշտպանել, ուղղակի մեղադրանքները, փաստերը պետք է  լինեն կոնկրետ: Ես ձեզ խոստանում եմ, ոստիկանության պետի պահանջով վարվում է այնպիսի քաղաքականություն, որ ցանկացած՝ նույնիսկ ոչ մասնագիտական մոտեցում խնդրին խստագույնս պատժվում է: Դրա համար մենք հմտություններ էլ ունենք, ուժ էլ ունենք, համապատասխան ծառայություն էլ ունենք»:

Անդրադառնալով «Հարսնաքարի» գործին, գեներալ-մայորը հարցին՝ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ ռեստորանի անվտանգության աշխատողների հեռախոսազրույցները պիտի վերծանվեին, դրանք վերծանվեցի՞ն, չվերծանվեցին, ի՞նչ եղավ՝ պատասխանեց. «Այս պահին դեռեւս դեռ այդ վերծանումները չեն ստացվել: Ես  ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի կարեւոր հանգամանքի վրա՝ Հայրապետյանի հեռախոսների վերծանումների հետ կապված պիտի գիտենաք, որ նման ինֆորմացիան մենք կարող ենք պահանջել, դիմել միայն այն  անձանց, ում մեղադրանք ենք առաջադրում, ով ունի մեղադրյալի կարգավիճակ: Քանի որ Հայրապետյանն այդ կարգավիճակը, հասկանալի է, չունի, ուղղակի նրա հեռախոսի վերծանումը մենք իրավական պատճառով չենք կարող վերցնել: Մենք դիմել էինք դատարան՝ թույլտվություն ստացել ՎիվաՍել-Արմենտել  հեռախոսային ընկերություններից այն կալանավորված մարդկանց պահով՝ նրանց հեռախոսային վերծանումները ստանալու: Ըստ էության, նույն նպատակն է: Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվա վիճակով արդեն իսկ ստացել ենք վերծանումները եւ այդ ուղղությամբ, կոնտակտների ուղղութամբ այս պահին գնում է արդեն քննություն, թե ով այդ պահին ում հետ է կոնտակտ ունեցել՝ ստուգվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031