Սիրիայի ակտիվիստներն ուրբաթ օրը հայտնել են, որ նախորդ օրը երկրում տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ:
Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող «Մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, սպանվածներից մոտ 100-ը եղել են երկրի զինված ուժերի ծառայողներ:
Մարտերի պատճառով զոհվել են նաև քաղաքացիական բազմաթիվ անձինք:
Սիրիայի պետական լրատվամիջոցների համաձայն, կառավարական ստորաբաժանումները վերականգնել են վերահսկողությունը Դամասկոսի Միդան թաղամասի նկատմամբ:
Սիրիայի ապստամբներն իրենց հերթին հինգշաբթի օրը վերահսկողություն են հաստատել Իրաքի և Թուրքիայի սահմանին տեղակայված անցումների նկատմամբ, ինչի պատճառով Իրաքի իշխանությունները փակել են Սիրիայի հետ սահմանը: Իրաքի իշխանությունները հայտնել են, որ սահմանային անցման մոտ ապստամբները սպանել են Սիրիայի զինված ուժերի առնվազն 21 ծառայողի:
Այս ընթացքում Ռուսաստանը հերքել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ ընդունելու սպառնալիք պարունակող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ վետո կիրառելու իր որոշման քննադատությունը:
«Բացարձակապես անընդունելի է այն հանգամանքը, որո Արևմուտքի որոշ պետություններ փորձում են Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող բանաձևն աջակցելուց Ռուսաստանի հրաժարվելու պատճառով մեղադրել վերջինիս Սիրիայում իրականացվող բռնությունների ակտիվացմանն աջակցելու մեջ», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Չինաստանը նույնպես վետոյի իրավունք է կիրառել ՄԱԿ-ի բանաձևի նկատմամբ: «Արևմուտքի որոշ պետությունների փորձել են հապճեպ անցկացնել բանաձևի վերջնական տեսք չունեցող մի նախագիծ, որը, ընդունված լինելու դեպքում, կարող է Սիրիայում հանգեցնել ավելի մեծ բռնությունների», – ի պաշտպանություն Չինաստանի կողմից ընդունված որոշման ասված է երկրի պետական մամուլի կողմից տարածված հաղորդագրությունում:
Արմեն Հովհաննիսյան